Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ

Ապրիլ 30,2007 00:00

Վարդենիսի հոգեբուժարանում բուժվողները իրենց ազգականներին շատ են կարոտում

\"\"Ռուզաննայի հարազատները նրանից հրաժարվել են եւ անգամ տան հասցեն ու հեռախոսահամարներն են փոխել, որպեսզի հիվանդ ազգականի հետ կապը խզվի: Սակայն Ռուզաննան հույսով սպասում է, որ մի օր նրանք իր հետեւից կգան:

 

 

 

\"\"Գայանեն նեղսրտում է, որ քույրն իրեն մոռացել է ու այցի չի գալիս:

 

 

\"\"Երեխաների կարոտին դիմանալու համար Գոհար Մարտիրոսյանն ամբողջ օրը դաշնամուրի մոտ է անցկացնում: Նա երաժշտական կրթություն ունի եւ տուն-ինտերնատի բնակիչների համար «մինի» համերգներ է տալիս:

 

\"\"Տիկին Սիրուշի հոգեկան աշխարհը խաթարվել է 1988-ի երկրաշարժից հետո: Նա ինտերնատում է արդեն մի քանի տարի: Չնայած Սիրուշին էլ հարազատները հազվադեպ են այցելում, բայց նա ըմբռնումով է մոտենում՝ ասելով, որ «հեռու են ապրում ու չեն կարող հաճախակի գալ»: Նա միայն շատ վշտացել է, որ իրեն թույլ չեն տալիս մի քանի օրով գնա տուն՝ որդու հարսանիքին մասնակցելու:

 

«Այստեղ լավ է, չեն ծեծում, չեն վիրավորում: Մենակ դժգոհությունս այն է, որ ամեն օր քրջիկ ենք (թթու կաղամբով ապուր- Գ. Բ.) ուտում: Չեմ ուզում քրջիկ ուտել, ուզում եմ, որ առավոտյան թեյի հետ պանիր ու կարագ տան: Չեմ ասում, թե ընդհանրապես չեն տալիս, բայց լավ կլիներ, որ քրջիկի տեղը դա տային: Վերջերս դրանից շատ բարկացա եւ ներվային համակարգս խախտվեց»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես ներկայացրեց իր դժգոհությունը 42-ամյա Գայանե Ասատրյանը: Նա արդեն երկու տարի է ապրում է Վարդենիսի տուն-ինտերնատում: Այստեղ ծերերի հետ միասին բնակվում են նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ: Գայանեն նրանցից մեկն է: Ճիշտ է նա որոշ չափով հարմարվել է իր նոր կենցաղին, բուժքույրերի վերաբերմունքից շատ գոհ է, սակայն օրերն է հաշվում, որ առողջանա ու այդտեղից դուրս գա. «Ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտը եւ միակ երազանքս է հաճախել համակարգչային դասընթացների: Ուզում եմ աշխատել եւ ինքնուրույն ապրել»: Ինչ Գայանեն հիվանդացել է՝ հարազատները նրանից երես են թեքել. «Քանի տարի է քրոջս չեմ տեսել: Նա ինձ չի այցելում: Անընդհատ ասում է՝ 2 օրից կգամ, 10 օրից կգամ, բայց խաբում է ու այդպես էլ չի գալիս»:

Շուրջ 23 տարի է իր քրոջը՝ Ելենային չի տեսել նաեւ Զինա Արեւշատյանը: Չնայած դրան, Զինան հույսով սպասում է եւ ամենեւին էլ նրա հանդեպ չարացած չէ: Նա մեզ հետ զրույցում հերթով արտասանեց այն բոլոր բանաստեղծությունները, որոնք նվիրել էր քրոջը. «Առանց թուղթ ու գրիչի՝ իմ կյանքը չեմ պատկերացնում: Եթե մի օր ինչ-որ բան չգրեմ՝ կհիվանդանամ»:

Տուն-ինտերնատում ընդհանուր առմամբ ապրում է 360 մարդ: Նրանց մի մասն առանձնացված է եւ բժիշկների խիստ հսկողության տակ է գտնվում: Մյուսները, որոնց հոգեկան վիճակը քիչ թե շատ կայուն է, ինտերնատի ծերերի հարեւանությամբ են ապրում:

Գոհար Մարտիրոսյանը 16 տարեկանից հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Նա տուն-ինտերնատում է արդեն 4 տարի. «Իմ երազանքն է, որ նկարահանվեմ գովազդային տեսահոլովակներում եւ ինձ հեռուստացույցով տեսնեմ: Եթե դա էլ չլինի, ցանկանում եմ գեղեցկության սրահում աշխատել»: Գոհարի ներկայացմամբ, ինքը հիվանդացել է շատ կարդալուց: Նա երաժշտական կրթություն ունի եւ ամբողջ օրն անցկացնում է դաշնամուրի առջեւ, նվագում է, երգում, նույնիսկ երաժշտություն է հորինում: Գոհարը պատմեց, որ սովորել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Այժմ էլ նույն մասնագիտությամբ ռոմանագերմանական ֆակուլտետում սովորում է նրա դուստրը, որին հիվանդանոց տեղափոխվելուց հետո Գոհարն ընդհանրապես չի տեսել: Տիկին Գոհարը խիստ վիրավորված էր իր երկու երեխաներից. «Մի անգամ տղաս էր եկել, բայց ես շատ վատ էի, չեմ կարողացել նրան տեսնել, դրանից հետո այլեւս չի այցելել: Աղջիկս ընդհանրապես հիվանդանոց չի եկել: Տղաս Եղեգնաձորում է ապրում, այնտեղ ունի սեփական ռեստորան: Անկախ նրանից, թե տղաս ու

աղջիկս կայցելեն ինձ, թե ոչ՝ ես նրանց սիրում ու կարոտում եմ, ուրախանում եմ նրանց հաջողություններով»:

70-ամյա Գառնիկ Ստեփանյանն էլ ճիշտ է հոգեպես առողջ է եւ չորս զավակ ունի, սակայն կնոջ մահից հետո իրեն անտեր է զգացել ու գերադասել է տուն-ինտերնատում ապրել:

«Առանց կին՝ տղամարդը գոյություն չունի: Տան, ընտանիքի զարդը կինն է: Իրենից հետո ոչ մի երազանք ու ցանկություն չունեմ, էլ ո՞ւմ են պետք իմ երազանքները»,- կնոջ մասին այսպես մեծարանքով արտահայտվեց Գառնիկ պապը: Նա օրվա մեծ մասն անցկացնում է հեռուստացույցի առաջ, ծանոթանում է օրվա լուրերին եւ գրեթե բաց չի թողնում պատգամավորության թեկնածուների քարոզարշավի տեսահոլովակները, ապա իր հասակակիցների հետ քննարկում քաղաքական անցուդարձը:

Տուն-ինտերնատում հատկապես կանայք խիստ հետեւում են իրենց արտաքինին: Սիրուշ Մաթոսյանը ամեն օր հաճախում է սպորտի սենյակ եւ մարզվում: Նա ինտերնատում իրեն հանգիստ է զգում, բայց վերջերս իմանալով, որ ավագ որդին ամուսնանում է տեղը չի գտնում. «Ամեն օր բուժքույրերին խնդրում-աղաչում եմ, որ թույլ տան մի տասը օրով գնամ տուն՝ որդուս ամուսնացնեմ ու կրկին վերադառնամ: Երկու տղա ունեմ, մեկը բանակում է, մյուսն էլ նոր է վերադարձել ծառայությունից: Թեեւ որդիներս տարին մեկ են այցելում, բայց ես նրանց չեմ մեղադրում: Սպիտակում են ապրում, ճանապարհը հեռու է եւ չեն կարող հաճախակի գալ: Երեխաներս խելացի ու դաստիարակված են, դպրոցում շատ լավ են սովորել: Ես էլ եմ լավ սովորել, ատեստատիս մեջ միայն մի «4» եմ ունեցել: Ավարտել եմ Վանաձորի հաշվապահական տեխնիկումը, կարի ֆաբրիկայում ավագ հաշվապահ եմ աշխատել: Այնպես չէ, որ անկիրթ մարդիկ ենք: Այնքան գիրք եմ կարդացել, որ աչքերս ցավում են»: Իսկ թե ինչու է հայտնվել ինտերնատում՝ Սիրուշն այսպես բացատրեց. «Ինձ մոտ ամեն ինչ սկսվեց 88-ի երկրաշարժից հետո: Տանից փախչում էի, ամուսինս էլ բերեց այստեղ, որ բուժվեմ, հետո էլի տուն կտանեն»:

48-ամյա Ռուզաննա Նավասարդյանը բուժքույրերի պատմելով շատ զգայուն է եւ մարդկանցից շուտ է վիրավորվում: Երբ նրան տիկինով դիմեցինք, նեղացավ.

«Օրիորդ, տիկի՞նս որն է»,- սխալը շտկեց նա: Ըստ բժիշկների, Ռուզաննային զգայուն եւ նեղացկոտ է դարձրել նրա հարազատների անտարբերությունը: Արդեն քանի տարի է՝ ոչ հայրը, ոչ էլ եղբայրը նրանով չեն հետաքրքրվում. «Բուժքույրերին շատ եմ խնդրել, որ նրանց զանգեն, քանի որ շատ կարոտել եմ, բայց զանգերին ոչ ոք չի պատասխանում: Կամ տունն են վաճառել ու գնացել են, կամ էլ հեռախոսի համարն են փոխել»:

Գայանե Ասլանյանը տուն-ինտերնատի ամենահին բնակիչներից է, 21 տարի է այստեղ է եւ արդեն սեփական բիզնեսն է ծավալում: Նա ձեռագործ է անում եւ դրանով գումար վաստակում. «Իմ ստացած գումարով ինձ հագուստ ու սնունդ եմ առնում: Մեկ-մեկ սիրտս երշիկ, նարինջ, կոնֆետ, պեչենի է ուզում, խնդրում եմ քույրերին՝ ինձ համար առնում-բերում են: Տնօրինությունն ինձ թույլատրել է նաեւ, որ իմ սրտի ուզածն եփեմ, երկար տարիներ մանկապարտեզում խոհարար եմ աշխատել: Շատ եմ ուզում այստեղից դուրս գամ ու գնամ իմ հայրենի Արտաշատ քաղաք եւ այնտեղի օբյեկտներից մեկում խոհարար աշխատեմ: Դրանից բացի՝ այլ բան չեմ պատկերացնում»: Գայանեն էպիլեպսիկ հիվանդ է: Նա մեզ հետ զրույցից հետո ցանկացավ, որ իրեն լուսանկարենք հենց իր սենյակում, սակայն երկրորդ հարկ բարձրացող աստիճանների վրա ընկավ ցնցումների մեջ: Դրանից հետո մի քանի ժամ ոչ ոքի չէր ճանաչում:

«Առավոտի» հետ զրույցում տուն-ինտերնատի ավագ բուժքույր Շուշան Սեւոյանը պատմեց, որ հիվանդներին առաջին հերթին կարոտն է խեղդում. «Նրանց կարող ենք տալ ամեն ինչ, բայց չենք կարող փոխարինել նրանց ծնողներին, հարազատներին: Նրանց համար աշխատում ենք անել ամեն բան, սակայն կարոտն ավելի ուժեղ է: Հաճախ հիվանդների հարազատները կարծում են, թե իրենց հիվանդը մահացել է: Սակայն հետագայում պարզվում է, որ դա այդպես չէ»: Տիկին Սեւոյանի խոսքերով, երբեմն հիվանդներն իրենց դիմում են այնպիսի խնդրանքներով, որոնք իրենք ի վիճակի չեն կատարել. «Ասենք, ուզում են գնալ Ռուսաստան կամ Ամերիկա՝ իրենց քրոջն ու եղբորը տեսակցության»:

Տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանի ներկայացմամբ, պետությունն իրենց տրամադրում է տարեկան մոտ 300 մլն դրամ, որը կենցաղային խնդիրները լուծելու համար բավարարում է: Երբ տնօրենին փոխանցեցինք հիվանդներից մեկի՝ սննդի վերաբերյալ դժգոհությունները, տնօրենը պատասխանեց. «Հիվանդները միայն դժգոհում են հարազատների անտարբերությունից. «Նրանք սննդից չեն դժգոհում, ուտում են հաց, մեղր, ձուկ, միս: Այստեղ անգամ իրենց ընտանիքներից ավելի լավ են սնվում, դրանից ինչի՞ պիտի դժգոհեն»:

Հ. Գ. Նշենք, որ սա Վարդենիսի այն նույն տուն-ինտերնատն է, որի շուրջ անցյալ տարի մեծ աղմուկ էր բարձրացել: Վարդենիսցիները պատգամավորներից մեկին գրավոր հայտնել էին, որ ինտերնատի մաս կազմող հոգեբուժարանի տնօրինությունը մարդու օրգանների առուվաճառքով է զբաղվում: Հոգեբուժարանում հիվանդներից մեկն անհետացել էր, ու վարդենիսցիները անհանգստացել էին, որ հնարավոր է նրա օրգաններն էլ են վաճառել: Այդ փաստով հարուցվել էր քրեական գործ, սակայն ինչպես գլխավոր դատախազությունից էին հայտնել՝ նախաքննության ընթացքում դիակների հյուսվածքների, օրգանների վաճառքի փաստեր չէին հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30