Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանը խեղաթյուրում են

Մայիս 31,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը թույլատրել է պատմական արժեք ներկայացնող շենքում առեւտրի կետ ու լահմաջոանոց բացել:

Տերյանի 62 շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 27 բնակարանի սեփականատերը, բացի իր տան շքամուտքից, շենքի դրսի կողմից էլ է դուռ բացել, երկաթե աստիճաններ տեղադրել ու ցանկանում է բնակելի շենքում առեւտրի կենտրոն բացել: «Քանի որ տան սեփականատիրոջը չենք ճանաչում եւ ոչ մի անգամ չենք տեսել, բանվորների միջոցով էին հարց լուծում, մի քանի անգամ գողականով չենք թողել իրենց աշխատանքն անեն, բայց եկել ու թաքուն այդ աստիճանները դրել են, որպեսզի համոզեն, թե հին շինություն է»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները: Այդ շենքն ընդգրկված է հատուկ պահպանվող հուշարձանների ցանկի մեջ: Բնակիչներին ամենից շատ հենց դա է զայրացրել, թե ո՞վ է թույլ տվել իրենց հարեւանին՝ շենքում նման շինարարություն ծավալել: «Առանց այդ էլ մեկ ուրիշ հարեւան առաջին հարկում է լահմաջոանոց բացել, որտեղ ամբողջ օրը ջահելներ են հավաքվում, գարեջուր են խմում ու քանի որ վաճառակետը զուգարան չունի, հենց շենքի մուտքում են միզում: Դրա հետ դեռ չենք հասցրել հարմարվել՝ հիմա էլ նոր առեւտրի կե՞տ է բացվում»,- բողոքեց Տերյան 62 հասցեի բնակիչներից մեկը:

Երեկ խնդրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ այդ շինությունն անօրինական է. «Նման շինարարությունն ուղղակի անթույլատրելի է: Մեր քաղաքում շատ են տարբեր ճնշումների ներքո կառուցված ապօրինի շինությունները, սակայն սա արդեն չի կարելի հանդուրժել, լավ է, որ շատերն են մեզ հետ համամիտ եւ չեն թույլատրում այս ապօրինությունը: Այս շենքը համարվում է հուշարձան, քանի որ այն նախագծել է անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, շենքում ապրել եւ ապրում են ակադեմիկոսներ, ինչպե՞ս կարելի է այս ամենի վրա աչք փակել»:

Կենտրոնի թաղապետարանի կոմունալ բաժնի տարածքային պատասխանատու Ռուբեն Սարգսյանն էլ պարզաբանեց, որ արդեն 4 օր է՝ ինքն անձամբ է հսկում այդ տարածքը. «Շինարարությունն իրականացնողներից ոչ ոք չի գալիս, որ ես փաստաթուղթ պահանջեմ ու համոզվեմ, որ անօրինական է, առանց համոզվելու ոչ մի գործողություն չեմ կարող կատարել»:

Երեւանի քաղաքապետարանի ապօրինի շինությունների գծով քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանն էլ «Առավոտին» պարզաբանեց, որ այդ շենքի շինարարությունն օրինական է, եւ կառուցապատողը թույլտվություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել