Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՅՈՒՐԻԻՆ ԳՐԱՎԵԼԸ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԷ»

Մայիս 31,2007 00:00

\"\"Հարցազրույց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի հետ

– Մայիսի 29-ին «Շանթ» TV-ն հեռարձակեց «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթը, որը մեկնաբանում էին «Միսս Հայաստան-98»-ի թագակիր Գոհար Հարությունյանը, Արմինե Սիմոնյանը եւ ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը: Ընդ որում, վերջինս եթերից իր կիսատ-պռատ հայերենով, հաճախ վուլգար արտահայտություններով գնահատականներ էր տալիս մասնակիցներին: Դուք որպես «Միսս Հայաստան» գործակալության նախագահ, ի՞նչ կարծիքի եք այս մասին:

– Մրցույթը «մեկնաբանողները» նշեցին, որ իբր այն չունի չափանիշներ, սակայն ինչպես մյուս հեղինակավոր մրցույթներում, այնպես էլ «Միսս տիեզերքում» դրանք չեն կարող չլինել: Այդ ամենին կարելի էր ծանոթանալ ոչ միայն missuniverse.com կայքում: Դրանք երեւում էին նաեւ հեռուստաէկրանին: Միայն այն, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցել մինչեւ 26 տարեկան գեղեցկուհիներ, արդեն ստանդարտ է: Այլ հարց է, որ կան եվրոպական չափանիշներ, ինչպես՝ 90-60-90-ը եւ ամերիկյան, որոնք 1-2 սանտիմետրով տարբերվում են եվրոպականից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, չափազանց շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը, որ հեռարձակում է մրցույթը, մասսայականացնում այն: Բայց ցանկացած մրցույթ հեռարձակելիս պետք է պահպանվեն բարեխղճության տարրական կանոնները եւ պրոֆեսիոնալիզմը: Օրինակ, «Շանթի» եթերում խոսվեց այն մասին, թե յուրաքանչյուր ժողովուրդ կարող է ընտրել իր մասնակցին՝ «Միսս ֆոտոգենություն» մրցանակի համար: Այդպիսի բան չկա, որովհետեւ քվեարկություն է գնում ամբողջ աշխարհով մեկ՝ մրցույթի էջում, քվեարկում են քարտերով կամ համապատասխան e-mail հասցեով եւ որոշակի գումար մուծելով: Ինձ համար անհասկանալի էր նաեւ մրցույթը մեկնաբանողների սարկաստիկ ոճը գեղեցկուհիների հասցեին: Բացի այդ, հեռուստացույցով դժվար է գնահատել որեւէ մեկին: Մրցույթը ցույց տալուց առաջ նախապես պիտի պատրաստվեին՝ տեղեկություններ հավաքելով նրա կայքից, ինչպես դա արվում է ֆուտբոլի կամ ցանկացած առաջնության ժամանակ: Չի կարելի նստել ու հանպատրաստից բաներ ասել, ախր ափսոս է գումարը, որ տրվել է դրա հեռարձակմանը: Եվ երկրորդ, հեռուստադիտողի համար տհաճ է էդ դատարկ խոսակցությունները լսելը:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ սափրագլուխ տանզանացի գեղեցկուհին չհայտնվեց լավագույն հնգյակում:

– Նա, իհարկե, հետաքրքիր էր, բայց հնգյակ չէր կարող մտնել: Այդ մրցույթին գնահատվում է կանացի գեղեցկությունը՝ կնոջ բոլոր հայտանիշներով, այնպես որ, առանց մազերի գեղեցկուհին հաղթող չէր կարող լինել…

– «Միսս տիեզերքի» լավագույն 15-ի մեջ ընդամենը 2 շիկահեր կար, 10-յակում՝ ոչ միայն շիկահեր, այլեւ ոչ մի եվրոպացի չհայտնվեց:

– Այն, որ թխահերները «Միսս Եվրոպայում» էլ առավելություն ունեցան՝ դեռ նախորդ տարի, փաստ է: «Միսս տիեզերքն» էլ արդեն սլավոնական գեղեցկությունը չի գնահատում:

– Ինչո՞ւ լավագույն հնգյակում հայտնվեցին 2 ասիացի, 2 լատինաամերիկացի եւ 1 ամերիկացի:

– Մրցույթներ կան, որ կոնկրետ այս կամ այն երկրների շուրջ են ձեւավորված եւ սովորաբար այդ երկրներն էլ հաղթում են, ինչպես լատինաամերիկյան երկրները կամ ԱՄՆ-ն՝ «Միսս տիեզերքում», «Միսս միջմայրցամաքայինում», «Միսս աշխարհում»: Երկրների որոշակի շրջանակ դոմինանտ դեր ունեն, որովհետեւ այդ մրցույթները ֆինանսավորվում են հենց այդ երկրների միջոցներով: Ինչ վերաբերում է «Միսս տիեզերքին» հայկական պատվիրակության մասնակցությանը, ասեմ, որ նվազագույն հաշվարկներով, անդամավճարն էլ չհաշված, միայն հայ գեղուհուն այնտեղ հասցնելու ու հյուրանոցային ծախսերի համար կպահանջվեր 30000 դոլար: Հասնել այնտեղ, անիմաստ տեղը գումար մսխել առանց որոշակի հաջողության ակնկալիքի՝ ճիշտ չէր լինի: Հայաստանում, երբ պետք է լինում՝ ասում են մասնակցությունն է կարեւոր, բայց երբ մասնակցում ես ու անհաջողություն է գրանցվում, մեղադրում են՝ վատ եք պատրաստվել: Պետք է, ի վերջո, հասկանալ, որ անկախ «Միսս Հայաստան» գործակալությունից, կան հանգամանքներ՝ թե՛ քաղաքական եւ թե՛ այլ (ինչ-ինչ փորձառություն, ծանոթությունների շրջանակ, ժյուրիի անդամներ, որոնց պիտի կարողանաս գրավել, եւ դա ամենեւին էլ գեղեցկուհին չպիտի անի՝ բեմից ժպտալով)…

– Եթե, այնուամենայնիվ, հնարավորություն ստեղծվեր «Միսս տիեզերք» մեկնելու, ո՞վ կարող էր Հայաստանը ներկայացնել:

– «Միսս Հայաստաններից» ցանկացածը, եթե 26-ը չի լրացել: Կամ եթե նոր մրցույթ հայտարարված լիներ, կգնար նոր «Միսս Հայաստանը», որովհետեւ, ի տարբերություն մյուս մրցույթների, օրինակ՝ «Միսս աշխարհին» իրավունք ունի մասնակցել միայն տվյալ տարվա գեղեցկուհին: Կրկնում եմ՝ հայկական պատվիրակությունը կմասնակցի նման հեղինակավոր մրցույթների, երբ հստակ կուրվագծվի ապագան: Նշեմ նաեւ, որ երբ առաջիկայում կհստակեցվեն «Միսս Եվրոպայի» եւ «Միսս աշխարհի» ժամկետները, այդ ժամանակ էլ կորոշենք առաջիկա «Միսս Հայաստանի» անցկացման օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել