Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 28,2007 00:00

\"\"Բայց չեն կարող, որովհետեւ ընտրությունները, ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի՝ շարունակ կեղծվում են:

– Կոմունիստները նախագահի իրենց կոմունիստ թեկնածո՞ւն են ունենալու:

– Այս պահին դա մեր մտադրությունն է, մենք գտնում ենք, որ ՀԿԿ-ն պետք է ունենա նախագահի իր կոմունիստ թեկնածուն, որովհետեւ ունի իր ընտրազանգվածը, իր պոտենցիալ ուժը:

– Այսինքն՝ նախագահի կոմունիստ թեկնածուն դո՞ւք եք լինելու:

– Երբեք ու երբեք Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը միանձնյա այդպիսի հայտարարություններ անելու իրավունք չունի, դա լուծվում է համագումարի ուժով, եւ ես իրավունք չունեմ համագումարից առաջ ասել՝ «ես, ես», ինչպես անում են այսօրվա շատ կուսակցությունների քաղաքական ղեկավարները:

– Քանի՞ անդամ ունի ձեր կուսակցությունն այս պահին, հավաստի տեղեկություններ կան, որ կոմունիստների թիվը խիստ նվազել է:

– Այդպես չէ, մեր կուսակցությունն այսօր ունի 18 հազար անդամ, իհարկե գիտեք, որ մեր կուսակցության շարքերում կան նաեւ տարեց մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում հեռանում են կյանքից, դրա հետ միասին, թեկուզ դանդաղ, բայց աճում է նաեւ երիտասարդության թիվը, այսօր էլ ինձ մի քանի մարդ զանգահարել են, ես ընդունելու եմ, եւ իրենք պատրաստվում են կուսակցության շարքերն ընդունվել: Համընդհանուր սոցիալիստական մտածելակերպը դեռ ուժեղ է, կան շրջանային կոմիտեներ, որ թույլ են գործում, բայց այնպես չէ, որ այս շրջկոմը չկա, այն շրջկոմը չկա, մեր որոշ ընդդիմախոսներ, այ, հենց ձեր առջեւ նստած է Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար, գիտության թեկնածու Բորիս Գյուրջյանը, իսկ ոմանք նշում են, թե Աշտարակի շրջկոմ չկա: Այնպես որ, այդ հեռացվածները մեզ համար էլ չկան: Այսպիսին է վիճակը, աշխատանքը պահանջում է համառություն, պահանջում է ավելի մարտական, ավելի մարտունակ:

– Սակայն արդյոք ավելի ճիշտ չի՞ լինի, որ բոլոր առանձնացած Կոմունիստական կուսակցությունների հետ միավորվեք եւ դառնաք մեկ կոմունիստական մարմին: Այդ առաջարկն արվել է Յուրա Մանուկյանի եւ Վազգեն Սաֆարյանի կողմից:

– Մի՞թե երկու կուսակցությունների միավորումն ավելի ուժեղ չի լինի, քան մեկ կուսակցության, թող իրենք միավորվեն եւ ամբողջ ժողովրդին ցույց տան, թե ինչ արդյունք կտա այդ միավորումը: Ես իրենց չեմ վստահում եւ չեմ հավատում: Քանի՞ տարի է՝ ստեղծված են, այսպես կոչված, այդ կուսակցությունները եւ որեւէ ընդդիմադիր քայլ կատարե՞լ են, ավելի շատ իրենց ներքին մաղձը թափում են Կոմունիստական կուսակցության վրա, քան թե իշխանությունների, որ երկիրը հասցրել են այս վիճակին: Նույն մարդիկ այսպիսի արտահայտություններ են անում՝ «թքել եմ սոցիալիստական գաղափարախոսության վրա», եւ այսպիսի բաներ են ասում: Եվ գաղափարախոսության միանմանության մասին խոսելն այստեղ անմտություն է: Տարբեր մարդիկ, ստահակներ աշխատում են Լենինի վրա ստվեր գցել, այն դեպքում, երբ մարդկությանը շատ լավ հայտնի է Լենինի ով լինելը: Եվ այսպիսի բաներ ասելով՝ խոսել գաղափարախոսական նմանության մասին, իմ կարծիքով՝ սա կանի միայն սադրիչը:

– Ո՞ւմ դեմ է կոմունիստների կռիվն այսօր:

– Մեր կռիվը հենց հասարակարգի դեմ է, որ հայ ժողովուրդը ունենա իր հարստությունը վայելելու իրավունք:

– Դուք կարծեմ նեղանում եք մեր թերթից, որ գրում ենք, թե Հայաստանի այսօրվա կոմունիստներին համախմբում է միայն կարոտախտը անցած ժամանակների հանդեպ:

– Ես չեմ ընդունում կարոտախտ բառը: Եթե մարդը հայրենիքը կարոտում է, եթե մարդը մորը կարոտում է, դա կարոտա՞խտ է, եթե մարդը կարոտում է իր լավ ապրած տարիները, դա կարոտա՞խտ է, կարոտ եւ ախտ բառերը միասին չեն օգտագործվում, սա իմ անձնական կարծիքն է:

– Բայց դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ հնարավոր է վերադարձ դեպի կոմունիստական անցյալ:

– Ես ոչ թե լրջորեն հավատում եմ, ես հավատացած եմ դրանում, եւ դա այսպես էլ ինձ հետ գնալու է ամբողջ կյանքիս ընթացքում: Աշխարհի բնակչության 40 տոկոսն ապրում է սոցիալիստական համակարգում, այն համակարգում, որը ղեկավարում է հզոր Չինաստանը, եւ ես համոզված եմ՝ 5 տարի հետո բոլորը գլուխները խոնարհած են գնալու դեպի Չինաստանի ոտքը: Եվ ինչո՞ւ ես իրավունք չունեմ դրան հավատալու, երբ ես դրա ծնունդն եմ, հայրենիքս դրա ծնունդն է, ժողովուրդս ծաղկել եւ բարգավաճել է այդ պայմաններում: Ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ, որ այսօրվա թափթփուկների գռփելու պայմաններում չկարոտեմ դրան: Սոցիալիզմն այլընտրանք չունի եւ չի էլ կարող ունենալ, պատմությունը ոչ մի ավելի լավ բան չի ստեղծել: Իսկ ի՞նչ գաղափարախոսություն ունենք մենք այսօր, դարձել է երկիրը մի բորսա, ով ինչ հնարավորություններ ունի՝ կարող է նրա մարմնից պոկել, թալանել, իսկ հայ ժողովուրդը թող մնա ստրուկ, հայ ժողովուրդը այսօր ծառայում է կամ մեծահարուստներին, կամ համաշխարհային կապիտալի այն թափթփուկներին, որոնք փորձում են խցկվել Հայաստան:

– Դուք հեղափոխություն չեք անելու, չէ՞, միակ ճանապարհը ընտրություններն են, իսկ ընտրությունների արդյունքում Կոմունիստական կուսակցությունը որքա՞ն ձայն ստացավ, եթե ճիշտ եմ հիշում՝ զրո ամբողջ ինչ-որ թիվ:

– Ճիշտ եք, մենք պաշտոնական թվերով 0,63 տոկոս ձայն ստացանք, այսինքն՝ մեզ ձայն տվեց մոտ 9 հազար մարդ, բանտում էլ մեզ ավելի շատ ձայն տվեցին, քան դրսում (նկատի ունի ազատազրկման վայրերում գտնվող ընտրողների ձայները- Մ. Ե.), եւ այդ բոլորը փոշիացվեց: Բայց ինձ այդ թվերը չեն հետաքրքրում, թող տխրեն ԱԺ-ում, որ Կոմունիստական կուսակցությունն ի վնաս մեր ժողովրդի, ի վնաս Ազգային ժողովի՝ այսօր խորհրդարանական կուսակցություն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել