Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհագրության հանձնաժողովը ճնշումներից չի վախենում

Հուլիս 31,2007 00:00

Վերջինիս նախագահ Աշոտ Խոյեցյանը վստահեցնում է, որ վարչապետն իրենց պատվիրել է չընկրկել

Երեկ անցկացվեց աշխարհագրություն առարկայից այս տարվա նախավերջին ընդունելության քննությունը: Մինչ այդ օրը քննության մասնակցած 405 դիմորդից 6-7-ը արժանացել է 20 միավորի, 7-8-ը՝ «անբավարարի»: Շատ են 16-17 միավոր ստացողները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանը այս արդյունքները ռեկորդային է համարում. «Նախկինում աշխարհագրություն առարկայի տարբերակներում շատ էին տեսական հարցերը: Այժմ դրանց թիվը հասցվել է երկուսի եւ փոխարենը ներմուծվել են թեստային հարցեր, որոնք էլ հնարավորություն են տվել ավելի բարձր միավորներ վաստակել»: Ըստ նախագահի, գնահատման համակարգում էլ է փոփոխություն կատարվել. «Եթե թեստի չորս հարցերից գոնե մեկին դիմորդը ճիշտ պատասխանի, 0,5 միավոր կստանա: Քարտեզային իմացությունը ստուգող առաջադրանքներն էլ այժմ ոչ թե մեկ, այլ 2 միավորանոց են դարձել»: Պրն Խոյեցյանը տարօրինակ է համարում Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի այս տարվա որոշումը, ըստ որի՝ նախկինում աշխարհագրություն առարկան մրցութային համարող 5 ֆակուլտետներում այս տարի իրենց ընտրությամբ դիմորդները կարող են հանձնել նաեւ անգլերենից քննություն՝ աշխարհագրության փոխարեն. «Ողջ աշխարհում տնտեսագետի ընտրության հիմքում աշխարհագրությունից նրա ունեցած գիտելիքներն են ընկած: 10-15 տարի առաջ Ժողինստիտուտում էլ յուրաքանչյուր մասնագիտության գծով սովորել ցանկացողները աշխարհագրություն էին հանձնում: Իսկ այժմ այն ուզում են քիչ-քիչ դուրս մղել ոլորտից»:

Երեկ Մանկավարժականի բակում խմբված ծնողների մեծամասնությունը ափսոսում էր, որ շուտ չի տեղեկացել Տնտեսագիտականում կատարված փոփոխության մասին: «Սկզբում երեխաս անգլերեն էր պարապում, երբ տեսավ, որ այդ առարկայով բաժիններում (ֆինանսներ եւ վարկ, համաշխարհային տնտեսագիտություն եւ այլն) շատ բարձր է մրցույթը, որոշեց աշխարհագրությամբ որեւէ բաժին ընդունվել: Վերջերս իմացանք, որ, օրինակ, հաշվապահական հաշվառում բաժին կարող էր նաեւ անգլերեն քննությամբ ընդունվել: Վախենում եմ՝ անգլերեն հանձնողները բարձր միավորներ հավաքեն, քան աշխարհագրություն տվողները ու երեխայիցս առաջ անցնեն»,- մտահոգված էր ծնող Նվարդ Գաբրիելյանը: Հանձնաժողովի նախագահն էլ վստահեցրեց. «Երեխաներին բարի աչքով ենք նայում, մանավանդ անգլերենի հետ պայքարի մեջ ենք: Եթե նախկինում տեսական հարցերի մեջ սխալ էինք փնտրում, այժմ ճիշտն ենք որոնում»:

Այս քննության ժամանակ էլ են գրանցվել կարգը խախտելու փորձեր: «Քննության առաջին օրը պատշգամբից հետեւող լիազոր ներկայացուցիչը տեսել էր մի տղայի, որն ուզում էր օգտվել ծածկագրից: Երբ ես մոտեցա դիմորդին, տեսա, որ գրպանը լի էր ծածկագրերով, բայց չէր հասցրել արտագրել: Վերջում էլ նեղվեց, թե՝ չթողեցիք, որ մի հատ նայեմ»,- պատմեց Ա. Խոյեցյանը: Նա փաստեց, որ իրենք նախօրոք տրամադրված են եղել, որ հնարավոր է հանձնաժողովականների վրա ճնշումներ լինեն: «Երբ հանդիպեցինք վարչապետին, զգուշացրեց դրա մասին եւ պահանջեց սառնասիրտ լինել ու սկզբունքներին տեր մնալ: Համենայնդեպս, մեր հանձնաժողովը զերծ մնաց այդպիսի բաներից, երեւի նրանից էր, որ էլիտարների շարքին չի դասվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել