Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 31,2007 00:00

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին:

Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, նա միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել: Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը, մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ:

Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելու, Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է, չլինելով մերը: Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ օտարինը: Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով, ընդունել ենք, սեփականաշնորհել այդ համամարդկային ահռելի ցավը: Եվ տառապում ենք ԱՆԱՐԱՐԱՏ, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանականության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է…

Եվ հիմա նայելով անհորիզոն Արարատին, ես ուզում եմ կոչ անել բոլորին, եկեք Բագարան եւ մտածենք, ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ ամենակարեւորը. դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ Նա է Մայրը, սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի Արարատ պետություն, ինչպես այսօր Վատիկանն է, եւ հասու սրբություն ցանկացած մարդու, անկախ նրա դավանանքից:

Վերադառնանք Արարատին, իր աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, որը Աստծո պատգամն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031