Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հարուստ եմ եւ չեզոք»

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Տիգրան Կարապետիչը առաջարկում է այս հատկանիշների համար իրեն նախագահ ընտրել

«Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,/ Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:/ Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն, /Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են, /Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց: /Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս պատվի՞ն էիր արժան, /Ավանդականներին դու լսեցիր, պատիվդ փողով կիսեցիր: /Էլ չեմ ասում քեզ, Մերուժան, ասում էիր ժողովրդի հե՞տ եմ անբաժան, /Բաժանելով հինգ-հինգ հազար, դարձար իրավ դու Քաջ Նազար»:

Սա Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանի հեղինակած բանաստեղծությունից մի հատված է, որը նա երեկ ընթերցեց «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: ԺԿ նախագահն իր խոսքը այսպես սկսեց. «Նոր բան առայժմ չկա: Իշխանությունը պարզապես ռեւանշ է վերցնում, իսկ դա ժողովրդի համար ավելի օգտակար է: Մանավանդ նրանց աշխատանքն արդեն տեսել են, չեմ կարծում, թե որեւէ մեկին նախապատվություն տան»: Իր մասին էլ ասաց. «Միակ չեզոք թեկնածուն կարող եմ լինել ես, որը ո՛չ աջ, ոչ էլ ձախ կողմում է»: Բացի այդ, ըստ Կարապետիչի. «Ընտրության մասնակցելու համար շատ գումար է պետք: Այն մարդիկ, որոնք կոչ են անում միավորվել, փող չունեն: Ոչ մարքսիստը, ոչ Հայրիկյանը, ոչ էլ Մանուկ Գասպարյանը փող չունեն: Իսկ ես գոնե փող ունեմ, գուցե ժողովուրդը հենց դրա համար ի՞նձ նախապատվությունը տա»:

Նա խոսեց նաեւ ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի մասին. «Այդքան փող բաժանելուց հետո դաշնակցությունը թող այլեւս գաղափարներից չխոսի: Իսկ այն, որ ասում է, թե իշխանություն չէ, ստում է: Չէ՞ որ նախարարական պորտֆելներ ունի: Ոչ էլ ՀՀՇ-ի մասնակցությունը նախագահական ընտրություններին՝ նոր գաղափարներ կբերի: Ո՞ւր են դրանք, եթե ունենային՝ ցույց կտային»: Իսկ թե ինչու, ի տարբերություն 1998-ի եւ 2003-ի, Դաշնակցությունը այս տարի որոշել է առանձին գնալ ընտրության, Տ. Կարապետյանը մեկնաբանեց այսպես. «Այն, որ դաշնակցությունը չի հասել ուժային պորտֆելի, պատնեշը Սերժ Սարգսյանն է եղել: Դաշնակցականները լավ էլ հասկանում են, որ եթե հիմա Սերժը դառնա նախագահ, դրանից 10 տարի հետո էլ փեսան՝ Միքայել Մինասյանը կաճի: Դաշնակցությունը հասկանում է, որ պիտի ռիվոկ անի, եւ դա տրամաբանական է»: Լրագրողներին հետաքրքրում էր, թե պրն Կարապետյանը ունի՞ դրսի «դաբրոն»: «Դա լինում է այն ուժի հանդեպ, որը դուբլյոր է հանդիսանում: Ես դեռ չեմ հասել այդ մակարդակի: Օրինակ՝ «դաբրո» կունենա «Բարգավաճը», որն աճող կուսակցություն է: Եթե Ռուսաստանը ինձ «դաբրո» տա, Սերժը բա չի՞ ասի՝ տղաներ, ինչու ինձ չհարցրիք: Կամ Սարկոզի՞ն ինձ «դաբրո» տա, բա Արթո՞ւրը, կամ Պետդեպարտամե՞նտը, որը Րաֆիին այնքա՜ն է «դաբրո» տվել, որ խեղճը 3 շրջան է բարեւ տալիս բոլորին»: Տ. Կարապետյանը փորձեց կանխատեսել, թե ինչ կարող է լինել նախագահական ընտրություններից հետո. «Վազգեն Մանուկյանն այսօր գրավիչ թեկնածու է, որեւէ մեկը, գուցե Արա Աբրահամյանը կարող է նրան առաջ տանել, բայց Մանուկյանը միայն իրենով չի գնա ընտրության: Իսկ Արթուր Բաղդասարյանն այսօր փիտրած վիճակում է, նրա առաջադրվելը ռիսկային է, հանկարծ եթե ինձանից քիչ հավաքի՝ սիրտը կկանգնի»: Տ. Կարապետյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանն է նախագահ դառնալու, բայց անպայման որոշել է առաջադրել իր թեկնածությունը: «Ինչո՞ւ իմ էլեկտորատը պիտի ծառայեցնեմ այլ ուժի, մանավանդ՝ նախագահականին մի քանի անգամ ավելի ձայն եմ հավաքելու, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- վստահեցրեց Տ. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել