Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՄԲԱՐԴՆԵՐՈՒՄ» ԳՐԱՎԱԴԻՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ ԽԱՂԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Ոչ մի երաշխիք չկա, որ գրավ դրած ոսկյա զարդերը հետ կստանաս այնպես՝ ինչպես հանձնել ես

Հայաստանում գրավատների բիզնեսը գնալով ծաղկում է: Պարզվում է՝ սա բավականին եկամտաբեր գործ է, քանի որ գրավատան տնօրինությունն է որոշում, թե ինչ տոկոսադրույք եւ արժեք առաջարկի այս կամ այն իրի համար: Եվ քանի որ գրավատների ծառայություններից հիմնականում օգտվում են այն մարդիկ, ովքեր շտապ փողի կարիք են զգում, ուստի նրանք երբեմն համաձայնում են գրավատան ցանկացած պայմանի: Չնայած գործարքը ամրագրվում է պայմանագրով, սակայն գրավի առարկայի անձեռնմխելիությունը որեւէ կերպ երաշխավորված չէ: Այսօր գրավատներում եթե որեւէ իր գումարի դիմաց ի պահ տաս, չես կարող վստահ լինել, որ այն հետ կստանաս այնպես՝ ինչպես հանձնել ես:

Օրերս «Առավոտին» էր դիմել Ա. Չ.-ն՝ դժգոհելով, որ «Ֆաստ-Կրեդիտ» գրավատան անպատասխանատու գործունեության հետեւանքով ինքը կորցրել է մոտ 200 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդերը: Գրավադիրի հավաստմամբ, այս տարվա մարտ ամսին վերոնշյալ գրավատանը հանձնած ոսկյա զարդերի դիմաց ստացել է 140 հազար դրամ կանխիկ գումար: Նրա պատմելով. «Գրավադրման հաջորդ երկու ամիսների ընթացքում պարտաճանաչորեն մուծել եմ 8400 դրամ տոկոսի գումարը, հետո երբ ցանկացա պայմանագրի ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգել, շատ զարմացա, երբ գրավատան աշխատողն ինձ ասաց, որ այլեւս չեմ կարող տոկոս մուծել, քանի որ ոսկյա զարդերն արդեն համարվում են գրավատան սեփականությունը, քանի որ ես տոկոսի վճարման ժամկետը իբր թե 2 օրով ուշացրել եմ»: Ա. Չ.-ի ներկայացմամբ, բացի այն, որ ինքն ամենեւին էլ չի ուշացրել տոկոսի մուծման ժամկետը, գրավատան աշխատակիցները, ինչպես օրենքն է պահանջում, ոսկյա իրերի իրացման մասին իրեն տեղյակ չեն պահել, մինչդեռ պարտավոր էին: Գրավադիրի խոսքերով, գրավատոմսի վրա նշված են իր տան հասցեն եւ հեռախոսահամարը: Սա հենց նման դեպքերում հաճախորդին տեղյակ պահելու համար է. «Ինձ կրկնակի խաբել են, նախ իմ ապրանքն ապօրինի կերպով յուրացրել են, եւ հետո այդ ոսկյա զարդերը շատ ավելի թանկ արժեին, քան գնահատվել է գրավատանը»:

Ըստ Ա. Չ.-ի, օրինակ՝ 900 հարգ (պրոբա) ունեցող 8.6 գրամանոց ոսկյա դրամանիշը գնահատվել է ընդամենը 48 հազար դրամ, մինչդեռ դրա շուկայական արժեքը, ըստ գրավադիրի, 70 հազարից ավելի է, իսկ 875 հարգի 44 հազար դրամով գնված 5.1 գրամանոց կուլոնը գրավատունը գնահատել է ընդամենը 29 հազար դրամ. «Ես վստահ եմ, որ ոսկյա իրերը դիտավորյալ են ցածր գնահատվում, որպեսզի յուրացնելուց հետո ավելի մեծ եկամուտներ ունենան»:

Այս առնչությամբ «Ֆաստ-Կրեդիտ» գրավատան տնօրենը, որն «Առավոտի» հետ զրույցում խուսափեց ներկայացնել իր անուն-ազգանունը՝ խնդրեց ուշադիր կարդալ իրենց գրավատոմսի 9-րդ կետը: Սակայն 9-րդ կետը շատ ուշադիր կարդալով՝ մեր հարցի պատասխանն այդպես էլ չստացանք՝ այդտեղ նշված է միայն, որ «վարկն ամբողջությամբ չմարելու դեպքում՝ գրավատունն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան»: Իսկ թե ե՞րբ պետք է գրավի առարկան իրացվի կամ այդ մասին ինչպե՞ս պետք է հաճախորդին տեղյակ պահվի, գրավատոմսի ոչ մի կետում նշված չէ: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով գրավատունը գրավադիրին ոսկյա իրերի իրացման մասին չի տեղեկացրել, «Ֆաստ-Կրեդիտի» տնօրենը պատասխանեց. «2 անգամ զանգել ու անձամբ նրա կնոջ հետ եմ խոսել, ասել եմ, որ գան իրենց տոկոսները մուծեն: Որ չեն եկել, ես ի՞նչ անեմ: Ես իմ լավությունն արել եմ»: Սակայն նշենք, որ վերոնշյալ հաճախորդն ամուսնացած չէ, հետեւապես հայտնի չէ, թե գրավատան տերն ում կնոջ հետ է խոսել, կամ ընդհանրապես խոսե՞լ է, թե՞ ոչ:

«Վալգե» գրավատան անբարեխիղճ գործունեությունից տուժած հաճախորդներից մեկն էլ «Առավոտին» բողոքեց, որ 900 հարգի 25 գրամանոց վզնոց է գրավ դրել ու միայն հետ ստանալուց օրեր անց է պարզել, որ իրեն նույն քաշի, սակայն 583 հարգի վզնոց են վերադարձրել: Այս առնչությամբ «Վալգեի» աշխատակցուհին մեզ պարզաբանեց, որ իրենք «գրավադրվող ոսկյա իրերը պարտադիր կերպով դնում ենք ծրարի մեջ, հետո ծրարի փակման տեղում հաճախորդը ստորագրում է»: Նրա հավաստմամբ, ծրարը նույն կերպ էլ վերադարձվում է տիրոջը: Նշենք, սակայն, որ «Վալգեի» հաճախորդը հավաստում է, որ այս գրավատանն իր ոսկյա իրերը ծրարի մեջ չեն դրել, այլ լցրել են պոլիէթիլենային տոպրակները, իսկ վերադարձնելու ժամանակ անգամ չեն էլ կշռել:

Այցելելով մայրաքաղաքի մի քանի գրավատներ՝ համոզվեցինք, որ հաճախորդների հատկապես ոսկյա զարդերը պահվում են սովորական տոպրակների մեջ, այլ ոչ թե կնքված ծրարներում: Սա հավաստեցին հենց իրենք՝ գրավատան աշխատակիցները:

Ուսումնասիրելով մի քանի գրավատների գրավատոմսերն ու վարկային պայմանագրերը, պարզեցինք, որ հաճախորդների շահերը պաշտպանող շատ կետեր դրանցում բացակայում են: Մասնավորապես «Վալգե» կամ «Ֆաստ-Կրեդիտ» գրավատների հաճախորդները ոչ մի կերպ չեն կարող տեղեկանալ գրավադրված առարկայի իրացման ժամկետի մասին, քանի որ պայմանագրի որեւէ կետում հստակեցված չէ, թե գրավատունը ե՞րբ իրավունք ունի գրավի առարկան իրացնելու կամ նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարկատուն այդ մասին հաճախորդին տեղեկացնի: Նկատենք, որ այդպիսի գրավատոմսը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի գրավատան անբարեխիղճ գործունեության հետեւանքով տուժած հաճախորդը կարողանա իր իրավունքները պաշտպանել:

Նշենք, որ գրավատների գործունեությունը վերահսկում է Կենտրոնական բանկը, բնականաբար՝ այդ կառույցն էլ պատասխանատու է, որ դրանցում գրավի առարկայի իրացման կամ պահպանման գրավատոմսում հստակ տեղեկություններ լինեն: ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ Արտավազդ Սարգսյանն էլ խոստովանեց, որ գրավատնային գործունեության մասին օրենքում շատ բացեր կան: «Առավոտի» հետ զրույցում նա պարզաբանեց. «Ներկայումս զբաղվում ենք դրանց փոփոխություններով: Ինչ վերաբերում է գրավի առարկայի իրացման մասին հաճախորդին տեղյակ պահելուն, ապա բանավոր, թե գրավոր, գրավատունը պարտավոր է դա անել»:

Ինչպես տեղեկացանք Ա. Սարգսյանից, գրավատներում ստուգումներն իրականացվում են 2 տարին 1 անգամ: Թերեւս հենց այս առիթն էլ օգտագործելով, գրավատան բիզնեսով զբաղվողները գրավադիրի գլխին ինչ խաղ ասես, որ չեն խաղում:

Ի դեպ, նշենք, որ թե՛ «Վալգե» եւ թե՛ «Ֆաստ-Կրեդիտ» գրավատների նկատմամբ ԿԲ-ն սահմանել է տուգանքներ՝ ստուգումների արդյունքում, այս գրավատներում հայտնաբերվել են թերի լրացված բազմաթիվ վարկային պայմանագրեր եւ օրենքի խախտումներով ձեւակերպված գրավատոմսեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել