Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնիների հետքը կկորչի

Սեպտեմբեր 29,2007 00:00

Արմավիրի մարզի արխիվային գործերն այնպիսի անբարենպաստ պայմաններում են պահվում, որ շուտով արմավիրցիներն իրենց նախապապերի մասին որեւէ գրավոր տեղեկություն չեն ունենա:

Ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղում պահոցները չեն բավականացնում, ինչի հետեւանքով արխիվային գործերը թափված են գետնին ու միջանցքներում: Արխիվը, որը տեղակայված է գազի գրասենյակի շենքում, արտաքին աշխարհից որեւէ կերպ պաշտպանված չէ: Անգամ պատուհանների ապակիներն են բացակայում: Բացի այն, որ անձրեւների ու ձյան ժամանակ հատակին դրված փաստաթղթերի կապոցները ջրի մեջ կորչում են ու խունանում, ամեն ոք կարող է հեշտությամբ մուտք գործել արխիվ եւ իր ուզած փաստաթուղթը «թռցնել»: Անվտանգության կանոնների բացակայության պատճառով արխիվը ցանկացած պահի կարող է հրդեհվել: Ազգային արխիվի Արմավիրի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Գագիկ Բաղրամյանից տեղեկացանք, որ իրենց մոտ 28 հազարից ավելի գործեր են պահվում: Այստեղ են գտնվում Էջմիածնի քաղաքային խորհրդի ողջ ֆոնդը, Արմավիր քաղաքի եւ հարակից շրջանների քաղաքային եւ շրջանային խորհուրդների որոշումները, ինչպես նաեւ 42 գյուղական համայնքներին վերաբերող փաստաթղթեր: Գ. Բաղրամյանի խոսքերով՝ «Ընդամենը երկու սենյակ ունենք, մեկում տնօրենն է նստում, մյուսում՝ չորս աշխատակիցները: Առանձին ընթերցասրահ չունենք, արխիվային գործերով հետաքրքրվողներին մի անկյուն ենք տալիս, նստում են ու ծնկների վրա դրված կարդում ու գրառումներ են անում: Ձմռանը սենյակներն էլեկտրաէներգիայով ջեռուցելը բավականին թանկ է: Գազի խողովակները կողքներովս է անցնում, բայց միջոցներ չլինելու պատճառով չենք կարողանում շենքը գազիֆիկացնել: Արխիվում ջերմային ռեժիմը պարտադիր է»:

Չնայած շենքային անտանելի պայմաններին, պրն Բաղրամյանը վստահեցրեց, որ վերջին մի քանի տարում արխիվի գործերով հետաքրքրվողների թիվը զգալի մեծացել է. «Մարդիկ հիմնականում փորձում են գտնել իրենց արմատներն ու կառուցել տոհմածառը»:

Հայաստանի ազգային արխիվից խոստացել են, որ մինչեւ տարեվերջ Արմավիրի մասնաճյուղի շենքային պայմանները կբարելավեն ու շենքը կսեփականաշնորհեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել