Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱԿԸ՝ ԱՎՏՈՇՈՒԿԱ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Շաբաթ-կիրակի օրերին «Էրեբունի» թանգարանի հարակից փողոցի մայթերը ավտոմեքենաներով բռնագրավված են

Նուբարաշենի խճուղում գործող ավտոշուկան այնքան է իր սահմաններից դուրս եկել, որ հասել է թանգարանի մատույցներ: Մինչդեռ շուկան «Էրեբունի» թանգարանից մոտ 300 մետր հեռավորության վրա է գտնվում:

Ավտոշուկան աշխատում է շաբաթ եւ կիրակի: Եվ հատկապես այդ օրերին է, որ թանգարանը մեծաթիվ այցելուներ է ունենում: Բացի այն, որ պատմական նշանակություն ունեցող թանգարանի տարածքը վերածվել է «բազարի», վաճառվող ավտոմեքենաների առատությունն էլ թանգարանի այցելուների համար խոչընդոտներ է առաջացնում: Ավտոշուկա մեր այցելության պահին Արտաշատից մայրաքաղաք եկած 6-րդ դասարանցիների մի խումբ փորձում էր ճեղքել մեքենաների շարասյունը եւ թանգարան հասնել:

Հանգստյան օրերին Նուբարաշենի խճուղին նույնպես անանցանելի է: Այդ հատվածով երթեւեկող միկրոավտոբուսները, հատկապես ամռան շոգին, ստիպված են լինում մոտ կես ժամ խցանումների մեջ սպասել, որովհետեւ ամբողջ ճանապարհի աջ եւ ձախ մայթերի երկայնքով վաճառքի հանված մեքենաները երկկողմանի երթեւեկության համար գրեթե տեղ չեն թողնում:

Սա անհարմարություն է պատճառում նաեւ այդ հատվածում գտնվող «սեփական» տների բնակիչներին: Նրանցից ոմանք մեզ դժգոհեցին, որ առեւտրականներն իրենց բակերը բռնագրավել ու շուկայի են վերածել:

Պարզվում է՝ Նուբարաշենի խճուղում մոտ 4 հեկտար տարածք զբաղեցնող ավտոշուկայի տնօրինությունը որեւէ պատասխանատվություն չի կրում իր սահմաններից դուրս վաճառվող ավտոմեքենաների համար: Սա «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Շահեն Ավետիսյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մանվել Զուռնաչյանը: Ըստ նրա՝ շուկայի տարածքից դուրս մեքենա վաճառողները իրենց փող չեն մուծում. «Իմ կարծիքով, նրանք սեփական տների բակերում մեքենաները կանգնեցնելու համար տանտերերին են գումար տալիս: Ինչ վերաբերում է ճանապարհային խցանումներին, ապա մենք շուկային հարակից տարածքում մեքենաների վաճառքն արգելելու համար ոստիկանության հետ պայմանագիր ենք կնքել, ու նրանք պարտավոր են խճուղին խցանումներից ազատել: Եթե նրանք մի քիչ ավելի աչալուրջ աշխատեն, նման խնդիրներ չեն առաջանա»:

Ավտոմեքենաները մայթերին վաճառող առեւտրականներից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իսկապե՞ս նրանք այդ տարածքում առեւտուր անելու համար ավտոշուկայի տնօրինությանը չեն մուծվում: Առեւտրականներից մեկը՝ Գրիգոր Շաշիկյանը, որը թանգարանի հարեւանությամբ 2 արտասահմանյան մակնիշի մեքենա էր վաճառում, հավաստիացրեց, որ իր մեքենան մայթին կայանելու համար որեւէ մեկին չի վճարում, իսկ շուկայից դուրս առեւտուր անելն այսպես բացատրեց. «Դե, էս տեղը լավ տեղերից մեկն ա համարվում, որովհետեւ մեքենա առնողն էստեղից ա շուկա մտնում: Շատ մարդիկ էդ հսկայական տարածքը չեն էլ կարում լրիվ պտտվեն ու բոլոր մեքենաներն էլ նայեն, շուկայում ավտոներն էնքան խիտ են կանգնեցված, որ արանքներով անցնելու տեղ չկա, դրա համար էլ մեքենան շուկա տանելն ինձ համար ձեռնտու չի: Շուկայում կանգնողները 3-4 ամսվա մեջ մի ավտո հազիվ են ծախում, ես հունվարից մինչեւ հիմա 10 հատ արդեն ծախել եմ»: Գ. Շաշիկյանի խոսքերով, փողոցում կանգնողները, շուկայի գների հետ համեմատած, մեքենաներն ավելի էժան են ծախում. «96 թվականի «OPEL»-ը $7500 եմ ծախում, բայց ամբողջ շուկան ման գաս՝ տենց գին չես գտնի»:

Չնայած ավտոշուկան աշխատում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին, սակայն վաճառականների խոսքերով, շուկայում եւ հարակից տարածքներում տեղերը սկսում են զբաղեցնել դեռ ուրբաթ օրվանից. «Վաճառվող մեքենան 2 օր առաջ բերում ենք ավտոշուկա, որ մի քիչ հարմար տեղ կանգնեցնենք: Ամեն օրվա համար պահակին 500-1000 դրամ փող ենք տալիս, որ մեր մեքենաներին լավ նայի: Ով որ առաջին անգամ է շուկա գալիս, խամ է. կիրակի առավոտյան եկողը կամ պիտի հետ դառնա, կամ էլ թանգարանի մոտ կանգնի: Կիրակի օրն էստեղ կես մետր ազատ տեղ չես ճարի»:

Հակառակ սրան, Մ. Զուռնաչյանը պնդում էր, որ ավտոշուկայի կեսն ընդհանրապես ազատ է մնում, բայց տարածքի համար իրենք հարկ են վճարում: Նրա մեկնաբանմամբ. «Վաճառողներն իրենց մեքենաները շուկայից դուրս են կանգնեցնում, որովհետեւ գնորդները միամտաբար կարծում են, թե նրանք ավելի էժան են վաճառում, բայց նրանք, ովքեր խուսափում են շուկա մտնելուց՝ հիմնականում վերավաճառողներն են»:

Նկատենք, որ ավտոմեքենաները շուկայում շարված են միմյանցից 30-40 սանտիմետր հեռավորության վրա: Եթե նախքան շուկայի փակվելը՝ ավտոմեքենաներից մեկի տերն իր մեքենան տարածքից հանելու ցանկություն ունենա, ապա դժվար թե դա նրան հաջողվի, որովհետեւ շուկայից դուրս գալու ուղիներ գոյություն չունեն: Բացի այդ, շուկայի տարածքում ավտոմեքենայի առուվաճառքով զբաղվողները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ շուկայում ոչ կոմունալ հարմարություններ կան, ոչ էլ սննդի մաքուր տաղավարներ, եղածն էլ ոչ հիգիենիկ պայմաններում վաճառվող «քյաբաբներ» ու կարկանդակներ են: «Առավոտի» այն հարցին, թե ինչու ավտոշուկայի տնօրինությունն իր սեփական տարածքը բարեկարգելու համար ներդրումներ չի անում, Մանվել Զուռնաչյանը պարզաբանեց. «Առեւտրականների տված 500 դրամով բոլոր ծախսերի տակից չես կարող դուրս գալ: Չնայած դրան՝ ավտոշուկայի ջրի հարցն արդեն լուծել ենք, սանհանգույցներն էլ շուտով կլինեն»:

Ավտոշուկա մտնելու համար տիրոջից մեկ ավտոմեքենայի համար գանձում են 500 դրամ, սակայն առեւտրականների հավաստմամբ. «Մի քիչ ավել ենք տալիս, որ համեմատաբար հարմար տեղ կանգնենք»: «06» մակնիշի մի մեքենայի վարորդ էլ դժգոհեց, որ «ֆիրմա» մեքենայի տերերն իրենց թույլ չեն տալիս ոչ լավ տեղ զբաղեցնել, ոչ էլ իրենց մեքենաները «բրաբուսների» ու «լեքսուզների» մոտ կանգնեցնել՝ պատճառաբանելով, որ «սովետական ավտոմեքենաները իրենց մեքենաների տեսքը գցում են»: Ավտոշուկա մտնողներին մուտքի մոտ անմիջապես դիմավորում են միջնորդները կամ վարորդների ասելով՝ «դալալները»: Վաճառվող ավտոմեքենաների տերերի հետ նախապես համաձայնության գալով՝ նրանք գնորդներին տարբեր գների ու մակնիշների մեքենաներ են առաջարկում եւ իրենց շնորհիվ վաճառված յուրաքանչյուր մեքենայի համար այդ ծառայության դիմաց տիրոջից $100-200 գումար են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930