Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիկը կա, ջուր չկա

Սեպտեմբեր 29,2007 00:00

Ըստ «Երեւան ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկի, մայրաքաղաքի մի շարք համայնքներ պետք է շուրջօրյա ջրամատակարարում ունենան, սակայն 2 ժամ էլ չունեն:

Օրերս «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը հայտարարեց, որ Երեւանում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար իրենց ընկերությունն արդեն $8 մլն է ծախսել, որի արդյունքում մայրաքաղաքի համայնքների ջրամատակարարման գրաֆիկներում 40%-ի բարելավում է տեղի ունեցել: Չնայած Ս.Պոպոֆֆի այս լավատեսական դիտարկումներին, Երեւանի գրեթե բոլոր համայնքներում էլ «Երեւան ջուր» ընկերության կողմից կազմած խմելու ջրի մատակարարման գրաֆիկը խախտվում է: Մինչդեռ պարոն Պոպոֆֆը վստահեցրել էր, որ իրենց ընկերության կողմից գրաֆիկը հրապարակելուց հետո, դրանից որեւէ շեղում չի լինելու: «Առավոտի» խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում, որ այս կամ այն հասցեում ջրամատակարարումը շատ վատ է եւ որ ընդհանրապես չի համապատասխանում գրաֆիկին: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից ամեն անգամ պահանջում են կոնկրետ հասցեներ տրամադրել, ինչը եւ անում ենք:

Ըստ ընկերության հրապարակած ջրամատակարարման գրաֆիկի, ընկերությունը պարտավոր է Նորքի 9-րդ զանգվածում շուրջօրյա ջրամատակարարում ապահովել, մինչդեռ թիվ 30 եւ 31 շենքերի բնակիչներն «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց շենքերի ջրամատակարարումը խիստ անկանոն է: Նրանց տեղեկացմամբ. «Արդեն մի ամիս է, երբ ուզում՝ ջուր են տալիս, երբ ուզում՝ անջատում են: Ոչ մի կոնկրետ ժամ չկա, որ գոնե հասցնենք դույլերով ջուր հավաքել: 1-85 համարով էլ զանգում ենք, հասցեն ու հեռախոսը գրանցում են, բողոքը լսում ու վերջ: Ոչ ոք մեր բողոքին չի արձագանքում»: Ջրամատակարարման գրաֆիկը չի գործում նաեւ Նորքի 5-րդ զանգվածի Մառի թիվ 12 շենքում: Այս շենքի բնակիչները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ չնայած, ըստ գրաֆիկի, իրենք պետք է ջուր ունենան առավոտյան 7-10-ը եւ երեկոյան 18.30-21.30-ը, սակայն այս գրաֆիկը երբեք նորմալ չի գործել: Նրանց ներկայացմամբ. «Միայն առավոտյան 8-9-ն ընկած ժամանակահատվածում ենք ջուր ունենում: Իսկ վերեւի հարկերը հաճախ ընդհանրապես ջուր չեն ունենում: Մարդիկ ստիպված իջնում ու բակից են դույլերով ջուր բարձրացնում, բայց շատ հաճախ լիֆտն էլ չի աշխատում»: Ջրամատակարարումը նույնպիսի անկանոն ու անմխիթար վիճակում է նաեւ Բաշինջաղյան 1-ին փողոցի թիվ 24 եւ 178 շենքերում, որտեղ նախատեսված 6-ժամյա գրաֆիկի փոխարեն՝ ամբողջ օրվա ընթացքում բնակիչները միայն առավոտյան են ընդամենը 2 ժամ ջուր ունենում: Այդ շենքերի բնակիչների հավաստմամբ, արդեն քանի ամիս է՝ երեկոյան 10 րոպեից ավելի ջուր չեն ունենում: Մայրաքաղաքի մեկ այլ՝ Արաբկիր համայնքի 51 փողոցի թիվ 3, 5, եւ 9 շենքերի բնակիչները եւս «Առավոտին» դժգոհեցին, որ օրական 1-2 ժամից ավելի ջուր չեն ունենում: Նրանց հավաստմամբ. «Էնքան ենք շենքերի դիմացի սեփական տներից ջուր վերցրել, որ արդեն ամաչում ենք, բայց դե ի՞նչ անենք, օր է լինում 10 րոպե անգամ ջուր չենք ունենում»: Մեզ դիմել էին նաեւ Օգանովի թիվ 38 շենքի բնակիչները եւ բողոքում էին, որ 1-85 համարով այնքան են զանգահարել «Երեւան ջրի» հեռախոսային կենտրոն, որ երեւի էդ կենտրոնի աշխատակիցներն ուրիշ զանգերի չեն հասցնում պատասխանել, բայց նրանց հավաստմամբ, իրենց բողոքներին ուշադրություն դարձնող չկա. «1000 անգամ զանգել ենք ու խնդրել, որ գոնե մի քանի օր կանոնավոր ջուր տան, առանց լողանալու ինչքա՞ն կարանք մնանք»: «Երեւան ջուր» ընկերության կազմած գրաֆիկը ձեւական բնույթ է կրում նաեւ Ախպարաշենի 6-րդ փողոցում, որտեղ բնակիչները ջուր են ունենում միայն առավոտյան ժամը 7.30-8.30-ը: Բնակիչների ներկայացմամբ՝ ջուրն այնքան թույլ ու ծորալով է գալիս, որ այդ մեկ ժամվա ընթացքում 2 դույլ ջուր անգամ հնարավոր չի լինում հավաքել:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Աբգար Եղոյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ, ըստ ջրամատակարարման նվազագույն պահանջների, եթե սահմանված գրաֆիկով բնակչին ջրով չեն ապահովում, ապա ընկերությունը պարտավոր է նրան կորցրած ժամերից 4 անգամ ավել ջուր տրամադրել: Ըստ Ա. Եղոյանի, այս ամռան ընթացքում իրենք վատ ջրամատակարարման վերաբերյալ 100-150 բողոք են ստացել. «Դիմել ենք «Երեւան ջրին», պատասխանել են, որ քաղաքում տեղի ունեցող շինարարության հետեւանքով իրենց կոմունիկացիները վնասվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել