Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 29,2007 00:00
Armen Shekoyan

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնութերորդ

ՀԻՆԳՇԱԲԹՎԱ ՎԿԱՆԵՐԸ

Երբ Բիձեն գնացել էր իրենց էդ «Հինգշաբթի օրվա վկաներ» ընկերության կնիքը պատվիրելու, իրեն ասել էին, որ էդ կազմակերպությունը նախ Կրոնի պետական կոմիտեն պիտի հաստատի, եւ երբ Բիձեն բացատրել էր, որ իրենց ընկերությունը որեւէ առնչություն չունի Եհովայի վկաների հետ, նրա էդ բացատրությունը համոզիչ չէին համարել, եւ երբ երկրորդ անգամ Բիձեն արդեն մայորի իր համազգեստով էր ներկայացել, նրան շատ հարգալից ընդունել եւ շատ կուլտուրական հարցրել էին՝ «եթե գաղտնիք չէ, ձեր կազմակերպությունը հիմնականում ինչո՞վ է զբաղվելու», եւ Բիձեն շատ լուրջ պատասխանել ու ասել էր՝ «հիմնականում խմելով ենք զբաղվելու», եւ երբ հարցնողը ժպտալով նաեւ հարցրել էր՝ «հիմնականում ի՞նչ եք խմելու», Բիձեն պատասխանել ու ասել էր՝ «համենայն դեպս, ո՛չ օդեկոլոն, ո՛չ ատամի մածուկ եւ ո՛չ էլ՝ կոշիկի քսուք», եւ հարցնողը հասկանալով, որ մայորը կատակում է, անմիջապես արտադրություն էր ուղարկել կնիքի պատվերը, եւ հիմա արդեն Հինգշաբթվա վկաների էդ կլոր կնիքը միանգամայն հավասար իրավունքով գոյություն ունի հանրապետության բոլոր մյուս կլոր կնիքների համատեքստում, եւ չնայած ըստ կանոնադրության՝ իրենք բիզնեսի ու ամեն ինչի իրավունք ունեն, բայց բիզնեսով չեն զբաղվում ու երբեւէ չեն զբաղվելու է՛ն պարզ պատճառով, որ հաշվեհամար չունեն, եւ հաշվեհամար չունեն է՛ն հասկանալի պատճառով, որ նպատակ չունեն երբեւէ բիզնեսով զբաղվել, այլ միայն՝ խմելով, ընդ որում՝ միայն հինգշաբթի իրիկունները, եւ չնայած հինգշաբթի իրիկունները Դոցենտ Արշակի բնակարանում են հավաքվում, եւ չնայած Դոցենտը հավասար հիմունքներով երրորդ համանախագահն ու հիմնադիր անդամն է եւ խմելուց էլ առանձնապես վատ չի, բայց հինգշաբթի իրիկունները մի գրամ չի խմում, որովհետեւ երկրաբան է եւ ուրբաթ առավոտները համալսարանում ժամեր ունի, եւ հանդիպման օրն էլ չեն կարող փոխել, որովհետեւ, համաձայն Երեքի երկրորդ դեկլարացիայի, իրենք պարտավորվել են հանդիպել ու սեղան գցել բացառապես հինգշաբթի իրիկունները, եւ էդ դեկլարացիայում մի ենթակետ էլ կա, համաձայն որի, հանդիպման վայրը բացառիկ դեպքերում կարելի է փոխել, բայց հանդիպման օրը՝ երբեք ու ոչ մի դեպքում, եւ Դոցենտ Արշակն արդեն մի քանի ամիս է՝ իր իսկ բնակարանում հինգշաբթի օրերին կաթիլ անգամ չի խմում, որովհետեւ արդեն տասը տարուց ավելի է՝ համալսարանի իր դասերի նախօրյակին կաթիլ անգամ խմած չկա, եւ համանախագահներն արդեն քննարկել ու եկել են է՛ն եզրակացության, որ ուսումնական տարեվերջին Դոցենտը պիտի դեկանին դիմի ու խնդրի, որ հաջորդ ուսումնական տարում իր դասաժամերն ուրբաթից այլ օր տեղափոխի, եւ մինչ էդ բաղձանքն իրականություն կդառնա, Բիձեն ու Արոն առանց Դոցենտի՝ երկուսո՛վ են խմելու, իսկ ավելի ստույգ՝ երկուսով հրավիրյալների հետ են խմելու, որովհետեւ, ըստ Երեքի երկրորդ դեկլարացիայի չորրորդ կետի, հրավիրյալների խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցությունը միանգամայն ցանկալի է, եւ երեկ ես հրավիրյալի կարգավիճակով երրորդ անգամ մասնակցեցի Հինգշաբթվա վկաների հերթական հավաքին, եւ չնայած Դոցենտը կաթիլ անգամ չէր խմում, բայց հավաքին միանգամայն լիարժեք էր մասնակցում եւ տանտիրոջ իրավունքով խեցգետինների ու ձկների եփելու գործն ամբողջովին ու միանգամայն սիրով էր ստանձնել, եւ չնայած երեքն էլ հավասար հիմունքներով համանախագահ եւ հիմնադիր անդամ են, այդուհանդերձ, նախագահողի պարտականություններն ամբողջովին Մայորի վրա են՝ բնավ ո՛չ էն պատճառով, որ ինքը նախագահողի ակնհայտ ամբիցիաներ ունի, այլ է՛ն պարզ ու ակնհայտ պատճառով, որ ինքը ոչ միայն մյուսներից լավ է կենացներ ասում, այլեւ ակնհայտ սիրով ու սրտանց է էդ գործն անում, իսկ ինչ վերաբերում է իր ամբիցիաներին, էս առումով հարկ եմ համարում նշել, որ չնայած Բիձեն արդեն մի քանի ամիս է՝ փոխգնդապետ է, բայց մենք համառորեն շարունակում ենք իրեն Մայոր ասել ու մեր էս աննրբանկատության համար դեռեւս իր նկատողությանն արժանացած չկանք, եւ համոզված եմ, որ շուտով՝ Արշակի դոկտոր դառնալուց հետո էլ Արշակին ենք շարունակելու Դոցենտ ասել. այսինքն, Հինգշաբթվա վկաների ու նրանց համակիրների համար կոչումներն ու անունները ոչ թե փոփոխվող արժեքներ են, այլ՝ միանգամայն մնայուն եւ, կարելի է ասել, հավերժական, բայց, արժեքների էս մնայուն համակարգով հանդերձ, Հինգշաբթվա վկաներն ընդունում եւ նույնիսկ խրախուսում են անհատական մոտեցումը, եւ եթե մի գեղեցիկ օր Բիձեն գեներալ դառնա, Հինգշաբթվա վկաների երկրորդ համանախագահ Արոն նրան ո՛չ միայն Գեներալ չի անվանի, այլեւ՝ Մայոր, այլ միայն՝ Մեյջեր, եւ եթե Բիձեն միայն ու ընդամենը Բոլշի համար է Բիձա եւ Արոյի համար՝ Մեյջեր, համակիրներիս համար հիմնականում Մայոր է, եւ բանակային կոնտինգենտի համար՝ արդեն փոխգնդապետ Մովսիսյան, եւ երգիծանքի սիրահարների համար՝ Օ՜”Ջալոյանց, որովհետեւ Բիձեն ծառայությունից ու էս հինգշաբթիներից ազատ ժամերին նաեւ գրող ու երգիծաբան է, ավելի ճիշտ՝ ինքը մշտապես երգիծաբան է եւ ամեն ինչից ազատ ժամերին՝ նաեւ գրող, եւ իր էս բազմազբաղության պատճառը ոչ թե այն է, որ ինքն էս կյանքում իր մշտական ու հիմնական տեղը չի գտել, այլ այն, որ էս մինուճար կյանքում իր համար մշտական ու հիմնական մեկից ավելի տեղեր են նախասահմանված, եւ ինքը ոչ միայն բանակում ու երգիծանքի բնագավառում է աննախադեպ ու անփոխարինելի, այլեւ՝ Հինգշաբթվա վկաների նիստերը վարողի իր էս կարգավիճակում, որովհետեւ ինքն իր բոլոր պարտականություններին ու առաքելություններին հավասարապես ու անմնացորդ է ընծայվում, եւ եթե առաջ կարծում էր, թե նախարարության վարչությունը լքելով եւ «Ռազմական միտք» ամսագրի փոխխմբագիրը դառնալով՝ ժամանակի ավելցուկ է ունենալու, հիմա արդեն հասկանում է, որ չարաչար է սխալվել, որովհետեւ ամսագրում էլ հանգիստ չունի եւ ամսական մի նոր խորագիր է բացում, որոնցից վերջինը՝ «Ազատագրված տարածքների ճաշատեսակները» չափազանց ջերմ ընդունվեց ընթերցողների կողմից, էլ չեմ ասում էն, որ ամսագրի գծով Բիձեն Դոցենտին էլ մի լավ ծանրաբեռնեց՝ համոզելով ու գրել տալով «Հայոց զենքն ու զինամթերքը մ.թ.ա. քսանմեկերորդ դարասկզբին» ֆունդամենտալ աշխատությունը

Էս ամենն, իհարկե, Բիձու պարտականություններն ու պարտավորություններն են, բայց էս կյանքում ինքը նաեւ նախասիրություններ ունի, եւ էդ նախասիրություններից առաջինն, իհարկե, բառաստեղծումներն ու նորաբանություններն են, եւ էս տարվա իր ստեղծածներից ամենանշանակալիներն ընկճախտ (ՊպտՐպրրՌ նորաբանություններն են:

Այսուհանդերձ, նպատակս ոչ թե Բիձու կերպարի համակողմանի վերլուծությունն ու բացահայտումն է, այլ՝ Հինգշաբթվա վկաների եւ հատկապես երեք համանախագահների մասին ընդհանուր պատկերացում տալը, որովհետեւ՝ եթե ուզեմ էլ, ավելին չեմ էլ կարող անել, քանի որ՝ երեկ իրիկուն ընդամենը երրորդ անգամ երջանկություն ունեցա ներկա գտնվել իրենց հերթական հավաքին, եւ էս առումով արդեն որեւէ խնդիր չունեմ, որովհետեւ նաեւ իրենց կանոնադրության մեջ արդեն լրացում կա, համաձայն որի, իրենց էդ հավաքներին հրավիրյալի, համակիրների եւ երբեմն նույնիսկ անկողմնակալ դիտորդների ներկայությունը ո՛չ միայն թույլատրելի, այլեւ ցանկալի է՛լ է, եւ ես հենց է՛դ հոդվածով եմ հինգշաբթի իրիկուններն իրենց մոտ անցնում, եւ ահա արդեն երրորդ հինգշաբթին անընդմեջ իրենց էդ հավաքներին մասնակցելով՝ արդեն չեմ ըմբռնում բոլոր նրանց, ովքեր ասում են՝ Հայաստանում կյանք չկա, եւ առավել եւս չեմ կարողանում հասկանալ է՛ն մարդկանց, ովքեր էն կարծիքին են, թե Հայաստանում կյանք չկա նույնիսկ փող ունեցողների համար, եւ չնայած դեռեւս չեմ պարզել, թե կյանք ասելով՝ մարդիկ հատկապես ինչ նկատի ունեն, եւ չնայած ինքս ինձ համար է՛լ դեռեւս վերջնականապես չեմ պարզել՝ ինչ ասել է կյանք, այդուհանդերձ, չեմ կարող կիսել հատկապես է՛ն կարծիքը, թե՝ Հայաստանում նույնիսկ փող ունեցողների համար կյանք չկա, որովհետեւ երեկ իրիկուն իմացա, որ, ըստ Հինգշաբթվա վկաների նախնական ու առաջին պայմանավորվածության, իրենք հինգշաբթի իրիկունները պիտի հավաքվեին զուտ գործնական ու աշխատանքային նպատակով՝ առանց հրավիրյալների ու համակիրների, իսկ կիրակի օրերին նաեւ համակիրներ ու հրավիրյալներ կարող էին լինել, եւ շաբաթական երկու անգամ հավաքվելու էդ հրաշալի գաղափարի ձախողման հիմնական պատճառը ֆինանսական միջոցների քչությունն է եղել, որովհետեւ իրենց կանոնադրության մեջ նաեւ հատուկ կետ կա, համաձայն որի՝ Հինգշաբթվա վկաների սեղանը ո՛չ շատ ճոխ եւ ո՛չ էլ չափազանց խղճուկ պիտի լինի. այսինքն, բոլոր դեպքերում զակուսկին պարտադիր պայման է, որպեսզի իրենց էդ հավաքներն ինքնանպատակ, ավելի ճիշտ՝ աննպատակ գինարբուքների չվերածվեն, բայց էդ պայմաններով իրենք շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ են հաջողացնում իրար գլխի հավաքվել, եւ կյանքն արդեն միանգամայն համոզիչ կերպով ցույց է տվել, որ հրավիրյալների ու համակիրների առկայությունը ցանկալի է ո՛չ միայն ֆինանսական անբավարար միջոցների առկայության պատճառով, այլեւ էն պատճառով, որ, ինչքան էլ երեք համանախագահները հետաքրքիր եւ նույնիսկ հետազոտության արժանի անհատականություններ լինեն, կարող են եւ նույնիսկ իրավունք ունեն իրարից հոգնել, մանավանդ որ՝ երեքից մեկն ընդհանրապես չի խմում, քանի որ ուրբաթ առավոտները մշտապես դասի է, եւ հերիք չի՝ չի խմում, մի գլուխ երգում է՛լ է, եւ Դոցենտի էդ բազմազան ու բազմաթիվ երգերի եւ ընդհանրապես իր երգասացության կապակցությամբ պիտի նաեւ ասեմ, որ Դոցենտն է՛ն հազվագյուտ երգողներից է, որ ոչ թե խմած կամ հարբած վիճակներում են երգում, այլ, ընդհակառակը, միմիայն օյաղ ժամանակ, եւ չնայած Բիձեն ու Արոն Դոցենտի էդ բացառիկ ու իմպրովիզային կատարումները լավ էլ գնահատում ու սիրում են, բայց Բիձեն մի երեկոյի ընթացքում ընդամենը հինգ անգամ է կարողանում Դոցենտի էդ անզուգական երգեցողությունը հանդուրժել, եւ ահա Բիձու էդ անհանդուրժողականությունն էլ է օրեցօր ավելի ու ավելի հիմնավոր պատճառ դառնում, որպեսզի հրավիրվածներիս ու համակիրներիս մասնակցությունն ու ներկայությունն անհրաժեշտություն դառնա, բայց հրավիրվածներս ու համակիրներս Դոցենտի էդ կատարումներից ուղղակի ապշում ենք եւ, ապշելուց բացի, հընթացս նաեւ մեծագույն հաճույք ենք ստանում, եւ չնայած Բիձեն Դոցենտի էդ երգեցողության զահլեն չունի, բայց հրավիրվածներիս զարմանքն ու հաճույքն իրեն է՛լ են փոխանցվում, եւ հրավիրվածներիս շնորհիվ Բիձեն հնարավորինս հանդուրժում է Դոցենտի կատարումներն ու նույնիսկ փորձում է վերաիմաստավորել դրանք եւ տեսնելով ու համոզվելով, որ Դոցենտի էդ երգերը լավ էլ դուր են գալիս հրավիրվածներիս ու համակիրներիս, ինքն է՛լ է սկսում կիսել էդ երգերի հանդեպ մեր հետաքրքրությունն ընդհուպ է՛ն պահը, երբ հրավիրվածներս էլ տասը եւ ավելի անգամ դրանք լսելով՝ հոգնում ու թեւաթափ ենք լինում, եւ էստեղ արդեն առաջանում է Դոցենտին գոնե մի քանի րոպեով խոհանոց՝ սուրճ եփելու ուղարկելու անհրաժեշտությունը, եւ դա, որպես կանոն, համանախագահներին ու մյուս ունկնդիրներին մեծ դժվարությամբ է հաջողվում ո՛չ միայն էն պատճառով, որ Դոցենտը հատկապես սո՛ւրճ եփել չի սիրում, այլեւ էն պատճառով, որ Դոցենտը վստահաբար կարծում է, որ խոհանոց գնալով եւ հյուրասենյակից ժամանակավորապես բացակայելով՝ մեզ ժամանակավորապես կտրում ու զրկում է իր իմպրովիզները եւս մեկ անգամ ըմբոշխնելու հաճույքից ու բավականությունից, եւ ինքն էդպես կարծելու միանգամայն լուրջ հիմքեր ունի, որովհետեւ հրավիրյալներս նույնիսկ տասն անգամ իր երգեցողությունը լսելուց հետո էլ ցույց ենք տալիս, թե՝ մի անգամ է՛լ հաճույքով կլսեինք, իսկ ինչ վերաբերում է երկրորդ հիմնադիր անդամ ու համանախագահ Արոյին, վերջինս ո՛չ միայն չի հոգնում Դոցենտի էդ անվերջանալի կատարումներից, այլեւ, երբ Դոցենտը մի պահ լռում է, հենց Արոն է հրահրում վերստին ու նորից սկսել՝ ո՛չ միայն էն պատճառով, որ Բիձուց եւս մեկ անգամ լսի՝ «լավ էլի, Արո, ախպոր պես» արտահայտությունը, այլեւ էն պատճառով, որ երկրորդ համանախագահ ու հիմնադիր Արոն, որ որեւէ գեղարվեստական ժանրով երբեւէ չի ստեղծագործել, ցանկացած ստեղծագործողի հետ համահավասար կատարսիսի մեջ ներգրավվելու բնատուր ձիրք ու շնորհք ունի, եւ այդ է պատճառը, որ ինքը ո՛չ Բիձու կրկնվող կենացներից է երբեւէ հոգնում ու ձանձրանում եւ ո՛չ էլ՝ Դոցենտի անվերջանալի ու անսպառ երգեցողությունից, այլ, ընդհակառակը, միանգամայն սրտանց ու անմնացորդ ներգրավվում է էդ, ուրեմն, ստեղծագործական պրոցեսների մեջ, եւ մանավանդ Դոցենտի էդ հոտնկայս կատարումներն են ունկնդրին էդ հնարավորությունը լիուլի տալիս, եւ սրանից հարմար պահ չի լինելու, որպեսզի ձեզ ներկայացնեմ Դոցենտի որոշ երգերի ընդամենը տեքստերը, որովհետեւ, չնայած երեք տարի անընդմեջ կրթվեցի Բութանիայի՝ Չուխաջյանի անվան երաժշտականում, էսօրվա դրությամբ նոտաներ չգիտեմ, ավելի ճիշտ՝ ոչ թե նոտաներ չգիտեմ, այլ՝ նոտաներով երգեր գրի առնելու ու ներկայացնելու ձեւը չգիտեմ, չնայած Դոցենտի երգացանկի դեպքում դրա անհրաժեշտությունը չկա էլ, որովհետեւ իր երկլեզվյան ռեպերտուարը հիմնականում կազմված է ազգային-ազատագրական երաժշտությունից՝ հայերեն կատարմամբ, ինչպես նաեւ՝ ռուսերեն կատարմամբ ձախ էսեռական թեքվածությամբ համեմատաբար պակաս հանրահայտ, բայց՝ նույնքան խրոխտ ու ռազմաշունչ երգերից, եւ, համոզված եմ, Դոցենտի ռեպերտուարից արտագրված էս տեքստերը ձեզ է՛լ կհետաքրքրեն, մանավանդ որ, ի տարբերություն համանախագահների, հրավիրյալների ու համակիրների, դուք դրանք ընդամենը մեկ անգամ եք լսելու, ավելի ճիշտ՝ կարդալու, եւ էս դեպքում արդեն երգ-երաժշտության համեմատ գեղարվեստական գրականության առավելությունն ակնհայտ է, որովհետեւ գեղարվեստական գրականությունը մեզ ո՛չ միայն կարդալու, այլեւ ընթերցանությունը ցանկացած պահի դադարեցնելու հնարավորություն է տալիս, մինչդեռ երգ-երաժշտության դեպքերում միշտ չի, որ մոտդ բամբակ է գտնվում՝ ականջներդ խցկելու համար, բայց էս ասածս ամենեւին չի վերաբերում Դոցենտի ռեպերտուարին ու մանավանդ ձե՛զ չի վերաբերում, որովհետեւ ես հիմա ձեզ ներկայացնելու եմ Դոցենտի ռեպերտուարի ընդամենը տեքստային մասը՝ առանց երաժշտության եւ առանց աղմուկի ու աղաղակի, եւ Դոցենտի էս երգերը երաժշտության իմաստով հանրահայտ լինելով՝ միանգամայն էլիտար են տեքստային առումով, որովհետեւ էդ երգերի երաժշտության հեղինակը հիմնականում ժողովուրդն է, իսկ տեքստերինը՝ հիմնականում ինքը՝ Դոցենտը, եւ էդ տեքստերն ըմբռնելու ու հասկանալու համար հանդիսատեսն ու ունկնդիրը եթե ո՛չ Դոցենտի ու համանախագահների չափ, գոնե հրավիրյալներիս ու համակիրներիս չափ պիտի տեղյակ լինի նոր ու մանավանդ նորագույն պատմության իրադարձություններին՝ հատկապես մերձավոր ու մոտավոր Արեւելքի մասերով, եւ հանդիսատես ունկնդիրը պարտավոր է նաեւ հասկանալ, որ դրանք ոչ թե սովորական երգասացություն ու սովորական կատարումներ են, այլ՝ միանգամայն ստեղծագործական մոտեցումներ, ու երեկվա իր ռեպերտուարը հիմա ձեզ ներկայացնելով՝ ընդամենը երեկվա՛ տարբերակներն եմ մեջբերելու՝ ո՛չ միայն էն պատճառով, որ երեկվա տարբերակներն առավել տպավորիչ են, այլեւ է՛ն պարզ պատճառով, որ հենց երեկվա էդ ամենավերջին տարբերակներն եմ հիմա բառացի ու անգիր հիշում, ու երեկվա էդ ամենավերջին տարբերակների տպավորությունն է պատճառը, որ առաջին ու նախորդ բոլոր տարբերակներն էս պահին մտքիցս ջնջվել ու մոռացության են մատնվել, որովհետեւ Դոցենտն ամեն անգամ հին ու հանրահայտ երաժշտությամբ միանգամայն նորացված ու թարմացված տեքստ է մատուցում եւ չնայած տեքստային առումով գրեթե չի կրկնվում, բայց Բիձեն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս կրճատի Դոցենտի էդ աննախադեպ ու անկրկնելի երգարշավը, եւ ահա երեկ էլ, երբ իր չխմելու հեռանկարից լարված ու սփրթնած Դոցենտը հանկարծակի ու կտրուկ վեր կացավ ու ձգվեց, Արոն, ինչպես միշտ, չափազանց սիրալիր ու արվեստասիրաբար ժպտաց, եւ չնայած Բիձեն է՛լ ժպտաց ու կեղծ ժպտալով ասաց՝ «միգուցե սուրճ եփես, Դոցենտ», Դոցենտը հատկապես Բիձո՛ւ ժպտալը չտեսնելու տվեց ու նաեւ Բիձու պատվերը չլսելու տալով՝ խրոխտ ձգվեց, չափազանց խորը շունչ քաշեց եւ սկսեց.

– Արյունոտ դրոշ Աֆղանստանի

Ծածանվեց ընդդեմ շուն Թալիբանի:

Հույսով լցվեցավ սիրտը Դեկխանի,

Սարսափը պատեց Մոլլա Օմարին:

Վերջին անվան վրա Արոն գոհունակությամբ ժպտաց, որովհետեւ նախկին տարբերակներում Մոլլա Օմարի անունը չէր հիշատակվել, եւ Բիձեն քթի տակ դժգոհ փնթփնթաց՝ «էսօր էլ կոֆե չխմեցինք», բայցեւ նկատելով հրավիրյալներիս հետաքրքրասեր ու շահագրգիռ հայացքները՝ եւս մեկ անգամ կեղծ ու անիմաստ ժպտաց եւ կեղծ ու անիմաստ ժպտալով՝ Դոցենտին գլխով արեց, ասել է թե՝ կարող ես շարունակել, եւ Դոցենտը շարունակեց ու գոռաց.

– Մեծ տեռորիստը սաստիկ զայրացավ,

Պանդշեր ջնջելու հրաման տվավ.

Ջնջե՛լ Պանդշերը, գյուլլե՛լ Մասուդին,

Որ չհաստատվի Դոկտոր Ռաբանին:

Վերջին անվան վրա Արոն վերստին գոհունակությամբ ժպտաց, որովհետեւ, չնայած Ռաբանին նախորդ տարբերակներում էլ էր եղել, բայց իբրեւ Դոկտոր հիմա առաջին անգամ էր շեշտվում ու հիշատակվում, եւ երբ Արոն գոհունակությամբ ժպտաց, Բիձեն քթի տակ մրթմրթաց՝ «մենք ո՛չ թե Հինգշաբթվա վկաներ ենք, այլ՝ Հինգշաբթվա տառապյալներ», եւ Դոցենտը Բիձու մրթմրթոցը լսելով ու չարձագանքելով՝ մեծահոգաբար շարունակեց եւ ավելի ուժեղ գոռաց.

– Զենքը ձեռներին ոտի բարձրացան

Մասուդի քաջերն առյուծի նման:

Մեծ կռիվ տվեց Գեներալ Դոստում,

Սարսափը պատեց բովանդակ Քաբուլ:

Դոստումի կոչումն է՛լ էր առաջին անգամ հիշատակվում, ու Արոյի էս անգամվա ժպիտն էնքան ընդգրկուն ու վարակիչ էր, որ հրավիրյալներս էլ սրտանց ժպտացինք, եւ մինչեւ իսկ Բիձեն ժպտաց ու ժպտալով քթի տակ փնթփնթաց՝ «Աստված է՛լ բեթարից ազատի», եւ Դոցենտն արդեն ակնհայտ չարությամբ Բիձուն նայելով՝ կարծես հենց Բիձուն դիմեց ու ճչաց.

– Ուզբեկ ու տաջիկ, ելե՛ք միաձայն,

Սրտագին գոչենք՝ կեցցե՝ Աֆղանստան.

Կեցցե՛ Աֆղանստան, Դոկտոր Ռաբանի,

Իսլամի պաշտպան քաջ Մոջահեդդին:

Բնականաբար, կրկնություններն ու կրկներգերը շրջանցում եմ՝ վստահելով ու հավատալով, որ էս երգի երաժշտությունն ինձնից լավ գիտեք եւ ձեր մտքի մեջ տոնայնությունն իջեցնելով՝ միանգամայն ինքնուրույն կկրկնապատկեք էդ քառատողերի վերջին երկու տողերը. այսինքն, ուզում եմ ասել, որ էդ կրկներգերն է՛լ երեկ կային, եւ էդ կրկներգերից հետո է՛լ էր Արոն գոհունակությամբ ժպտում, եւ վերջին կրկներգից հետո Բիձեն քթի տակ բիձավարի փնթփնթաց՝ «վալլա քեզ չար սատանա». բայց Բիձեն իր էդ փնթփնթոցն արտաբերելով՝ նմանապես գոհունակությամբ ժպտաց, որովհետեւ կարծեց՝ Դոցենտն էդպես ու էդքանով պրծնելու է, եւ չնայած Բիձեն Դոցենտի ռեպերտուարն անգիր գիտեր, բայց էդ պահին գոհունակությամբ ժպտաց ու լավատեսորեն կարծեց, թե՝ Դոցենտն էս անգամ էդքանով կբավարարվի, մինչդեռ Բիձեն հարյուր ու ավելի անգամ Դոցենտի ռեպերտուարը լսած լինելով՝ պարտավոր էր իմանալ, որ Դոցենտն էդպես ու էդքանով չի բավարարվելու, եւ երբ Արոն գոհունակությամբ ու սպասողական ժպտաց, եւ երբ Բիձեն էլ քթի տակ փնթփնթաց՝ «վալլա քեզ չար սատանա», Դոցենտը դիմագծերը մեղմացնելով՝ նաեւ ձայնը մեղմացրեց եւ միանգամայն այլ հանրածանոթ մեղեդի կցեց արդեն ավարտված նախորդին՝ ինչպես ութսունականների սկզբներին Դարբինյան Էդոն էր իր «Նինըմնինըմ» երգին այլ ժողովրդական երգեր կցած կատարում, եւ չնայած Էդոյից հետո՝ հիմա արդեն շատ երգիչներ են մեր ժողովրդական երգացանկն էդպես պոչպոչի ու կցմցած կատարում, բայց էդ բոլոր կատարումները Դոցենտի կատարման հետ անհնարին է համեմատել թեկուզեւ էն պատճառով, որ Դոցենտն, ի տարբերություն այլ կատարողների, իր երգն իր ամենախորքից ու ընդերքից է արտահանում, ընդ որում՝ ընդերքից արտահանում է ո՛չ միայն երգի մեղեդին, այլեւ ու առաջին հերթին՝ բառն ու բանը, եւ երբ Բիձեն քթի տակ մրթմրթաց՝ «վալլա քեզ չար սատանա», Դոցենտն իր դիմագծերն ու ձայնը մեղմելով՝ ակնոցներն ուղղեց ու շարունակեց.

– Խեղճ պանդշերցին մեռավ լալով,

Մեռավ թալիբին հարկ տալով,

Մեռավ իսլամ պաշտպանելով,

Զարթնիր, Դոստում, մըռնիմ քըզի:

Դոցենտն, ինչպես միշտ, չափազանց հիմնավոր ու չափազանց կարճատեւ պաուզա տվեց, ու էդ չափազանց կարճ ժամանակամիջոցում Արոն, իհարկե, հասցրեց գոհունակությամբ ժպտալ, եւ Բիձեն է՛լ հաջողացրեց արտահայտվել՝ «վա՜յ, չմեռնես դու, Դոցենտ», եւ Բիձեն էդ անգամ էդ ձեւով իր վերաբերմունքն արտահայտելով՝ էդ անգամ ինքն է՛լ թեթեւակի ժպտաց, եւ Դոցենտը Բիձու էդ թեթեւակի հավանությանն էր սպասում, եւ էդ հավանությունն ստանալով՝ է՛լ ավելի ոգեւորվեց ու իր ընդերքից հետեւյալը հանեց.

– Մոլլա Օմար զորք հավաքեց,

Եկավ՝ Պանդշեր բերդը պատեց:

Օմար կուզե ջնջի մըզի,

Զարթնիր, Դոստում, մըռնիմ քըզի:

Ինչպես նախորդ դեպքերում, Դոցենտն էս քառատողի վերջին երկու տողերը եւս երկրորդ անգամ կրկնեց, եւ Արոն գոհունակությամբ ժպտալով՝ Դոցենտի հետ կրկնեց ու ասաց՝ «Օմար կուզե ջնջի մըզի, /Զարթնիր, Դոստում, մըռնիմ քըզի», եւ էս անգամ արդեն Բիձեն ժպտալով իրենց միացած՝ իրենց հետ իբր թե կրկնեց էդ երկու տողերը, բայց՝ տեքստային որոշակի փոփոխությամբ, եւ Բիձեն նայեց ինձ ու գոռաց.

– Դոցենտ կուզե ջնջի մըզի,

Զզարթնիր, Արմեն, մըռնիմ քըզի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930