Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԵՇԻ ՆՄԱՆ՝ ՉԵՔ ԹՈՂՆՈՒՄ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԻ

Հոկտեմբեր 31,2007 00:00

\"\"ՀՅԴ թեկնածուները քննադատում են ե՛ւ անցյալ, ե՛ւ ներկա իշխանությանը

«Նրանք հին ընկերներ են: Մեր հին ընկերը՝ երկրի նոր նախագահ»՝ սա մեջբերում է այն թռուցիկից, որոնք դաշնակցականները (ի տարբերություն ընդդիմադիրների՝ անարգել ու առանց խոչընդոտների) տարածելով՝ հրավիրել էին իրենց թեկնածուների՝ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման, որը երեկ կայացավ «Կանազի» մշակույթի տանը:

Իր ելույթում անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՅԴ-ն որոշեց սեփական թեկնածուով մասնակցել նախագահի ընտրությանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ պատճառը հետեւյալն է՝ իրենք տեսնում էին. «Այն հնարավորությունները, եթե կուզեք՝ վառելանյութը եւ ռեսուրսները, որոնք ապահովել են 1999-ից մինչ օրս Հայաստանի զարգացումը՝ այլեւս սպառված են կամ սպառման եզրին են: Մենք երբեք չենք ժխտել եւ հիմա էլ չենք ժխտում, որ վերջին տարիներին Հայաստանի զարգացումն իսկապես ակնհայտ է: Թեեւ շեղումներով է, ոչ այն տեմպերով եւ արագությամբ, որ մենք կցանկանայինք կամ կկարողանայինք ապահովել ինքներս, եթե վճռական հնարավորություն ունենայինք դրա համար»: Այսուհանդերձ, նա պնդեց, թե զարգացման հնարավորությունները սպառվում են՝ մասնավորապես այն պատճառով, որ սահմանափակված է ազատ մրցակցության հնարավորությունը. «Եվ սահմանափակված է արհեստականորեն ու խստորեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես օրեցօր պակասում են Հայաստանում տնտեսական մրցակցության հնարավորությունները: Մենք ունենք պաշտոնական տվյալներ, թե որքան փոքր ձեռնարկություններ են փակվում ամեն ամիս. մարդիկ հնարավորություն չունեն մրցելու գիգանտների, մենաշնորհների հետ: Այն, որ Հայաստանում գործում են մենաշնորհներ՝ սա բոլորիս համար ակնհայտ է: Ում համար ակնհայտ չի՝ կարող է փորձել, օրինակ, Հայաստան ներկրել շաքար կամ ձեթ, ալյուր կամ բենզին»: Մենաշնորհներն անվանելով մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը՝ ԱԺ փոխնախագահը նշեց. «Մենաշնորհի արմատներն այսօրվա մեջ չեն՝ դրանք 90-ականների մեջ են, երբ ձեւավորվում էր նորանկախ Հայաստանը: Այն ժամանակվա իշխանությունը, որն այսօր շատ ակտիվ է, ձեւավորեց այդ մենաշնորհները՝ սեփական ուժի համար հենարան ստեղծելու նպատակով: Եվ իհարկե՝ դրանք զարգացան, քանի որ եթե դրանց առջեւ պետությունը խոչընդոտ չի դնում, դրանք անխուսափելիորեն զարգանում են եւ կլանում ու կուլ տալիս ողջ պետությունը: Ցավոք, Հայաստանում տեղի ունեցավ հենց դա»: Ըստ պրն Հովհաննիսյանի՝ տնտեսական մենաշնորհը վերջին տարիներին «դանդաղ ու սահուն» անցավ քաղաքականություն. «Մենաշնորհ է սկսում հաստատվել քաղաքական ասպարեզում», եւ Հայաստանը սկսեց նմանվել այն պետություններին, որտեղ բազմակուսակցական համակարգն ընդամենը շղարշ է:

Վահան Հովհաննիսյանը հարցադրում արեց, թե ի՞նչ ընտրություն ունի այսօր մեր ժողովուրդը. «Մի կողմից՝ բարձրանում է մի վտանգավոր ալիք, որը գալիս է անցյալից: Անցյալից, որտեղ ոչինչ չեն մոռացել, ոչինչ էլ չեն սովորել: Որտեղ քննադատում են՝ մոռանալով սեփական մեղքերը»: Բացառելով անցյալը՝ անդրադարձավ ներկային. «Ներկա, որն ատամներով կառչած ստատուս քվո այսօրվա վիճակին՝ ոչ մի բան զիջել չի ուզում: Հայաստանում վերջին տարիներին կատարված ո՛չ մի բարեփոխում հասցված չէ տրամաբանական ավարտին»: Որպես օրինակ՝ մեջբերեց Սահմանադրության փոփոխությունները, որոնցով մեծացավ ԱԺ դերը. «Բայց դրա դեմ էլ պայքարի ձեւ գտավ այս իշխանությունը, որը ոչինչ չի ուզում փոխել մեր կյանքում: Ընտրվեց այնպիսի ԱԺ, որը բացարձակապե՛ս ոչ միայն ընդունակ չէ օգտվել իր նոր հնարավորություններից ու լիազորություններից, այլ նաեւ ավելի լճացած է, քան նախորդը: Սա ցավալի է, բայց այդպես է: Փաստորեն, այսօր ԱԺ-ում ձեւավորվել է այնպիսի իշխանական մենաշնորհ, որ որեւէ՝ նույնիսկ ամենատրամաբանական, ամենադրական փոփոխություն անցկացնելը դառնում է գրեթե անհնար»: Նշեց, թե հնարավորություն կա ընտրելու «գորշ անցյալը կամ այսօրվա ճղճիմ վիճակը, որը բոլոր դրական երեւույթների հետ մեկտեղ՝ տեղում դոփում է եւ լճացման վտանգներ ունի իր մեջ: Եվ մենք ունենք ապագա ընտրելու հնարավորություն: Ապագան Դաշնակցությունն է»:

Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ թեեւ սահմանադրական փոփոխություններով իշխանական թեւերի միջեւ որոշակի տարանջատում եւ հավասարակշռություն հաստատվեց, «բայց այդ բալանսն ի չիք կդառնա, ու շատ արագ այս Սահմանադրությունը կարող է գործնականում դառնալ նույն՝ 1995-ի Սահմանադրության տրամաբանությամբ երկրի սահմանադրական կարգ, եթե երկրում ձեւավորվի միահեծան իշխանություն»: Զգուշացնելով այն վտանգից, թե ինչ կլինի, եթե նույն կուսակցությունը ստանձնի ԱԺ-ի եւ կառավարության ղեկավարների եւ նախագահի պաշտոնները՝ պրն Ռուստամյանն ասաց. «Ունենք երկու ծայրահեղություններից խուսափելու խնդիր: Առաջինը, որ չձեւավորվի իշխանության միահեծանություն, որը կարող է բերել երկրում հասարակական, քաղաքական կյանքի լճացման: Ինքը՝ համակարգը նպաստելու է դրան»: Իսկ մյուս ծայրահեղությունը հետեւյալն էր՝ թե պետք է ընտրվի այնպիսի նախագահ, որը կկարողանա աշխատել արդեն իսկ ձեւավորված խորհրդարանական մեծամասնության հետ: Բնականաբար, էլի նկատի ուներ ՀՅԴ-ին, որը ՀՀԿ-ի հետ համագործակցության փորձ ունի:

Արմեն Ռուստամյանն էլ անդրադարձավ նախկին իշխանություններին, որոնք այժմ մատնանշում են առանձին բացասական երեւույթներ. «Ձեզ ո՞վ ասաց, որ այդ նույն երեւույթներն այս կամ այն դրսեւորմամբ չեն եղել 1990-1998-ը: Այո՛, շատ երեւույթներ կան, որոնք իրենց ձեւով ու բովանդակությամբ նույնն են ու արատավոր երեւույթներ են: Բայց ինչո՞ւ չեն վերանում: Որովհետեւ պատճառները չենք վերացնում: Որովհետեւ վճռական պայքար դրա դեմ չենք մղում: Որովհետեւ հենց գալիս ենք իշխանության՝ պարզ է դառնում, որ այդ պայքարը պետք է սկսենք առաջինը մեզնից: Ու այստեղ կանգ ենք առնում: Չի՛ լինի այդպես: Այս երեւույթների արմատներն, այո՛, մեծ մասամբ այդ խավի մեջ են՝ իրենք են նստած հենց հրեշի նման եւ չեն թողնում, որ երկիրն առաջ շարժվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031