Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հոկտեմբեր 31,2007 00:00

2007թ. հոկտեմբերի 17-ին՝ աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիայի կազմակերպած քայլարշավի եւ պահանջատիրության շրջանակում, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը, կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում աղքատության եւ սպառողական զամբյուղի սահմանագծերը:

 

ՈՒՂԵՐՁ ՀՀ Նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը Հայ Ժողովրդին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ միջազգային օրվա (հոկտեմբերի 17) առիթով ՄԻԺԻ-ն իր ձայնն է բարձրացնում Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ աղքատության իրական պատկերի մասին եւ պահանջում է ՀՀ Նախագահից, Ազգային Ժողովից եւ Կառավարությունից իրական պայքար ծավալել աղքատության դեմ եւ բարձրացնել Աղքատության գիծը մեր հայրենիքում՝ Հայաստանում:

 

2006-07թթ. հրապարակված ամենաթարմ տվյալներով՝ ՀՀ-ում 2004թ.-ի համար պարենային զամբյուղի1 արժեքը կազմել է 12467 դրամ, իսկ 2005թ.-ին՝ 13266 դրամ: Սպառողական զամբյուղը2 2004թ. տվյալներով 19373 դրամ էր, իսկ 2005թ. տվյալներով՝ 20289 դրամ3: Պարենային զամբյուղի 58 տոկոսը կազմում է միայն հացը, կարտոֆիլը՝ 6%, մակարոնեղենը՝ 4%, յուղը՝ 8%: Պարզվում է, որ այն մարդիկ, որոնք աղքատ չեն, հիմնականում ամեն օր ուտում են հաց, կարտոֆիլ եւ մակարոնեղեն: Մի՞թե նման սննդակարգով ապրող մարդը կարող է լինել առողջ, կենսունակ, երջանիկ ու արժանապատիվ՝ ՈՉ: Սպառողական զամբյուղի մեջ բացի սննդից մտնում են նաեւ ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, բնակարանի վարձի, գազի, հեռախոսի եւ այլ նմանատիպ ծախսերը: Պատկերացնենք մեկ մարդ, որն ունի 22000 դրամ եւ մեկ ամսվա ընթացքում այդ գումարով պետք է հոգա իր սնունդը, հիգիենան, հագուստը եւ կենցաղային տարրական պայմանները, եւ այս ամենը՝ առանց որեւէ կողմնակի աջակցության: Եթե աղքատության հաղթահարման վերաբերյալ պետական մակարդակով որոշում կայացնողները նման բան պատկերացնում են՝ ապա մենք առաջարկում ենք ընդամենը մեկ շաբաթ հրապարակային փորձ կատարել՝ ապրել այս գումարով:

 

Հայաստանում Աղքատության հաղթահարման ներկա գործընթացը չի ներառում մարդու հոգեւոր-մշակութային եւ սոցիալական ծառայությունների իրականացումը, չնայած որ պաշտոնապես այն ամրագրված է ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում4 (ԱՀՌԾ)՝ «…աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգեւոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը… Մարդն աղքատ է կամ աղքատ չէ՝ հիշյալ երեք խմբերի համակցությամբ, եւ միայն նվազագույն նյութական (կենսաբանական) պահանջմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման եւ աղքատության վերցմանը…» (1-ին բաժին, 1-ին գլուխ, 41-րդ եւ 42-րդ մասեր):

 

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում Աղքատության հաղթահարումը նեղացվել է եւ վերածվել նյութական նվազագույն կարիքների բավարարման մի գործընթացի՝ սա բնակչության նյութական գոյության տարրական պայմանների լուծում է, եւ նույնիսկ այս պայմաններում մեր հայրենիքի՝ ՀՀ բնակչության 28.2%-ը չի կարողանում լուծել իր նյութական գոյության նվազագույն պայմանները:

 

Արդ պահանջում ենք Աղքատության հաղթահարման համար ՀՀ պատասխանատու բոլոր պատկան մարմիններից.

* Բարձրացնել Աղքատության ընդհանուր գիծը՝ սահմանելով այնպիսի պարենային եւ ոչ պարենային ապրանքներ, որոնք բազմազան են, որակյալ եւ նպաստում են մարդու զարգացմանը եւ ոչ թե նրա զուտ գոյապահպանությանը:

* Կամք եւ համարձակություն ցուցաբերել եւ վերջապես ձեռնամուխ լինել սոցիալական եւ հոգեւոր-մշակութային Աղքատության հաղթահարմանը:

* Այս գործընթացում լինել ազնիվ, արդար եւ հաշվետու ու հարգել բոլոր այն համաձայնությունները եւ պատասխանատվությունները, որոնք ստանձնել եք:

 

Մեր Հայրենիքում արժանապատիվ եւ բարեկեցիկ պետություն ու հասարակություն կառուցելու համար պետք է հաղթահարվի աղքատությունը իր բոլոր դրսեւորումներով, պետությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության եւ Մարդու Իրավունքների սկզբունքների վրա, պետք է իրականացվի եկամուտների ու հարստությունների արդար վերաբաշխում:

 

Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից եւ վարչապետից՝

* բարձրացնել նյութական-կենսաբանական աղքատության գիծը եւ առնվազն՝ հասցնել նվազագույն պարենային ու սպառողական զամբյուղներն այն մակարդակին, որ առաջարկում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մարդկանց առողջությունը, կենսունակությունը եւ ֆիզիկական զարգացումը պահպանելու համար:

* Անհապաղ սահմանել նաեւ անհրաժեշտ նվազագույն գումարը՝ մարդկանց նյութական-կենսաբանական, սոցիալական եւ հոգեւոր-մշակութային պահանջմունքների բավարարման համար:

* Լինել հաշվետու սեփական ժողովրդին եւ հասարակությանը եւ հարգել համաձայնությունները:

 

Մենք պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից՝

* օրենքի ուժով ամրագրել նվազագույն պարենային զամբյուղի եւ սպառողական զամբյուղի պարունակությունը եւ արժեքները, եւ աղքատության գիծը՝ հաշվի առնելով ոչ միայն նյութական-կենսաբանական, այլեւ սոցիալական ու հոգեւոր-մշակութային աղքատության չափորոշիչները: Այս սահմանված նվազագույն գումարներն անպատճառ պետք է հաշվի առնվեն եւ հիմք հանդիսանան աշխատավարձերի, կենսաթոշակների եւ նպաստների չափի սահմանման գործում:

 

Մենք պահանջում ենք ՀՀ Նախագահից՝

* վերահսկել եւ ապահովել գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից նշված պահանջների կենսագործումը եւ երաշխավորը դառնալ մեր ժողովրդի եւ պետության բարեկեցությանը, քանզի աղքատ մարդը չի կարողանում լիարժեք օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից՝ դառնալով իրավազուրկ:

 

Մարդու իրավունքների եւ

ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ

Երեւան, 29 հոկտեմբերի, 2007թ.

 

ՄԻԺԻ Կենտրոն. հասցե՝ Այգեձոր 4/1, Երեւան 0019, Հայաստանի

Հանրապետություն

Հեռ/Ֆաքս՝ (374-10) 26-47-12,

Բջջային՝ (374-91) 43-21-19

E-mail: [email protected]

www.idhr.am

 

1 Պարենային զամբյուղը այն պարենային ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են մեկ մարդուն իր առողջության համար անհրաժեշտ սնունդն ապահովելու համար մեկ ամսվա ընթացքում:

2 Սպառողական զամբյուղը կազմում է պարենային զամբյուղը՝ գումարած այն ոչ պարենային ապրանքները, որոնք անհրաժեշտ են մեկ մարդուն իր տարրական հիգիենիկ-կենցաղային պայմանները եւ հագուստն ապահովելու համար մեկ ամսվա ընթացքում:

3 2007թ. հոկտեմբերի դրությամբ դեռեւս Աղքատության գծի առավել թարմ տվյալներ հրապարակված չեն, սակայն, ըստ 2008թ. բյուջեի նախագծի, այն կազմելու է շուրջ 22000 դրամ:

4 Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 994 –Ն որոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել