Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ

Նոյեմբեր 30,2007 00:00

\"\"Անկախ ամեն ինչից, Արամ Կարապետյանը
եթերում կխոսի

«Քաղաքական պատվեր է, որի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, առանց որեւէ լուրջ փաստարկի: Մենք այսօր արդեն դիմել ենք դատարան, բայց կարծում եմ, որ քաղաքական պատվերի շրջանակներում նաեւ դատարանը զգուշացված կլինի: Այս ամենի հիմքում ընկած է մի բան՝ վախը, որը տարածվում է գործադիր ոլորտի չինովնիկից մինչեւ Ռոբերտ Քոչարյան»,- ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության կողմից իրեն 10 տարի Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չտրամադրելու առիթով երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Բանախոսը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ թույլ չտվեցին մասնակցել առաջիկա ընտրություններին նույն՝ քաղաքական դրդապատճառներով:

Ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացվեց դեռ 2003 թվականին նույն վարչության տված փաստաթուղթը, ըստ որի՝ Ա. Կարապետյանը վերջին 10 տարում հանդիսանում է ՀՀ քաղաքացի եւ այլ երկրի քաղաքացիություն չունի: Նաեւ՝ Ա. Կարապետյանի 2005թ. ստացած նոր անձնագրի պատճենը, որում առկա կնիքը հաստատում է, որ դեռ 1992 թվականից գրանցված է եւ բնակվում է Դավիթաշեն համայնքի 26 շենքի 64 բնակարանում: Դրա հիման վրա էլ 2007 թվականին ԱԺ ընտրություններին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթեր են տրվել Արամ Կարապետյանին: «Ստացվում է, երբ պետք է՝ փաստաթուղթ գոյություն ունի, երբ պետք է՝ գոյություն չունի»,- եզրակացնում է ՆԺԿ ղեկավարը եւ ասում, որ դա իր համար սպասելի էր: Իսկ թե ինչու՝ առայժմ չի բացահայտում բոլոր խաղաքարտերը: «Սերժ Սարգսյանը փորձելու է ուժի միջոցով դառնալ նախագահ, եւ Հայաստանում պահանջվելու է ժողովրդական մեծ ալիք, որպեսզի այս ամենի դեմ պայքարենք: Ով ում էլ միանա, ընտրությունները անցնելու են կեղծիքներով, եւ դրանց հիման վրա ՀՀ նախագահ հռչակվելու է Սերժ Սարգսյանը»,- ասում է ՆԺԿ ղեկավարը: Վերհիշելով ԱԱԾ-ի հետ հեռակա բանավեճը, Արամ Կարապետյանն ասում է, որ իրեն «գաստրալյոր» անվանեցին, որպեսզի չգրանցեն, ու ստիպված լինի Հայաստանից հեռանալ: «Ես Հայաստանից չեմ հեռանալու, իսկ իշխանությունը հեռանալու է իշխանությունից: Ես կգրանցվեմ, թե՝ ոչ, մեր ամբողջ պայքարը միտված է լինելու ժողովրդական ալիքի բարձրացմանը: Ընտրությունների բոլոր մասնակիցները, ովքեր ունեն իսկապես ընդդիմադիր կեցվածք, ժողովրդի հետ ստիպված են լինելու պայքարել կեղծիքների ու ապօրինությունների դեմ»,- ասում է Արամ Կարապետյանը: Ընտրազանգվածին ՆԺԿ-ն կոչ է անելու ձայն չտալ գործող իշխանությանը եւ համախմբվել գործող իշխանություններից ազատվելու գաղափարի շուրջ: Այս առումով, կուսակցության ղեկավարը չբացառեց, որ կանգնեն հարթակին՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մնացածի հետ՝ Հայաստանում ամբողջությամբ այս իշխանությանը փոխելու համար»:

Քանի որ Արամ Կարապետյանը գտնում է, որ ամեն դեպքում ընտրությունները կեղծվելու են, ի՞նչն էր պատճառը՝ իրեն գրանցումից զրկելու պատվեր իջեցնելու եւ անիմաստ աղմուկ բարձրացնելու: «Վախը»,- դիտարկմանն այսպես արձագանքեց Ա. Կարապետյանը: Ի՞նչ պիտի անեիք, որ ձեզնից այդքան վախեցան՝ «Առավոտի» հարցին էլ պատասխանեց. «Խոսելու էի, հեռուստատեսությամբ, «Հ1»-ով պիտի խոսեի եւ երեւի թե այնպիսի բաներ պիտի ասեի, որ ոչ մեկ ռիսկ չի անում ասի. դրա համար էլ զրկեցին: Ճշմարտությունը լսելուց են վախենում»: Իսկ ի՞նչ արդյունք ունեցան ԱԺ ընտրությունների ժամանակ արված բացահայտումները: «Ես այդ ելույթների ժամանակ պատրաստվում էի նաեւ ցույց տալ այն թղթապանակը, որով ես դիմել էի Աղվան Հովսեփյանին եւ ինչ պատասխաններ էի ստացել»,- ասում է ՆԺԿ ղեկավարը: Եթե Ա. Կարապետյանին այնուամենայնիվ չգրանցեն, նա կփորձի պայմանավորվել գրանցված որոշ թեկնածուների հետ՝ «եթերի մի մասը իմ փողով տրամադրեն ինձ», որպեսզի կարողանա իր տեղեկությունները հրապարակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930