Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»

Նոյեմբեր 30,2007 00:00

2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկությունը բարձրաձայնած, հանուն դրա իր վաստակած մեդալները վաճառելու կամ գրավադնելու պատրաստ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, բազմաթիվ մրցույթներում, խաղերում հաղթած Իսրայել Հակոբկոխյանը երեկ լրագրողներին փոխանցեց իր նամակը, որն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին:

Իր բոլոր հաղթանակները ոտքի վրա տարած եւ տոնած բռնցքամարտիկը նամակը ընթերցեց կանգնած: Իսրայել Հակոբկոխյանի խոսքը առաջիկա նախագահական ընտրությունների մասին է, վերնագրված՝ «Նամակ հայոց թագավորին»: «Մեծարգո, հարգարժան, համայն հայոց թագավոր Ռոբերտ Քոչարյան: Խնդրում եմ ինձ աջակցել իմ արյուն-քրտինքով վաստակած մեդալներս գրավ դնել որեւէ բանկում ու դրա դիմաց ինձ տրամադրեն 8 միլիոն դրամ: Ձեր օգնությունը կկայանա նրանում, որ պայմանները լինեն այնպիսին, ինչպիսի պայմաններով մեր երկրին վարկ են տալիս մյուս պետությունները՝ 0.01 % տոկոսադրույքով»: Իսրայել Հակոբկոխյանը խոստացավ չընտրվելու դեպքում վարկը վերադարձնել մեկ տարում: Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ արդեն մի քանի տարի Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճում է: Ռոբերտ Քոչարյանի օգնությունը ակնկալող Իսրայել Հակոբկոխյանը այլ կարծիքի է. «Միայն մարմնավաճառության եւ հոգեվաճառության բնագավառում եմ տեսնում աճ: Այսօրվա իրականությունն ինձ չի բավարարում»: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ նախագահի դեռ չգրանցված թեկնածուն իր նախընտրական ծրագրի մեկ կետ է հրապարակել. Ղարաբաղը պետք է լինի ՀՀ-ի մարզ՝ բայց ժողովրդի կողմից ընտրովի ղեկավարով:

Ի պատասխան տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հարցին՝ ո՞վ է այն տղամարդը, որը կարող է հեղափոխություն անել, Իսրայել Հակոբկոխյանն ասում է, որ այդ տղամարդն ինքն է: Բայց նա պատրաստվում է ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հեղափոխություն անել: «Խոստում տալը չէ տղամարդկությունը, տղամարդը էն ա, որ իր խոսքը կատարի: Տղամարդու խոսքը բերանից ա դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասից»,- ասում է չեմպիոնը, հավաստիացնելով, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն իրեն իսկական տղամարդու պես է պահելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել