Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴԸ «ԲՈՒՅՆ» Է ԴՐԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ

Նոյեմբեր 30,2007 00:00

\"\"Թիվ 26 դպրոցում աղանդավոր ուսուցչուհին հայ եկեղեցու պատմություն է ուսուցանում

«Արմենակյանը ցույց կտա» լուրում («Առավոտ», 27.11.2007) տեղեկացրել էինք Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի «աղանդավորացված» լինելու մասին, ինչը, սակայն, տնօրենը՝ Ա. Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը հերքել էր ու նաեւ սպառնացել, թե ցույց կտա նման լուրեր տարածողներին: Հանդիպեցինք Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի հետ: Նա ասաց, որ 2004թ. հոկտեմբերից, երբ նշանակվել է այս եկեղեցու հոգեւոր հովիվ, իր առաջին գործն է համարել համայնքի դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմամբ հետաքրքրվելը:

«Թաղապետարանի կրթության բաժնի միջոցով խնդրեցի, որպեսզի այդ առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները ներկայացնեն իրենց վկայականները: Ամեն տեղ ամեն ինչ նորմալ էր, բացի Արմենակյանի անունը կրող դպրոցից: Այս դպրոցում հայ եկեղեցու պատմություն դասավանդող Սիրանուշ Սարգսյանը չուներ համապատասխան սերտիֆիկատ, տրված՝ եկեղեցու կողմից: Առավել զարմանալի էր այն փաստը, որ նա ներկայացրեց իր այն բոլոր ատեստատները, որոնք վկայում էին, թե որ խմբավորման ծոցում է իր ուսմունքը սովորել, ինչ առարկաներից քննություն հանձնել եւ ինչպիսի գնահատականներ ստացել: Ասածս վերաբերում է «Կյանքի խոսք» եկեղեցուն: Ես ուղղակի ապշած էի: Մարդը կա՛մ չգիտեր ինչ է անում, կամ քաջաբար անում էր՝ գիտակցելով իր արածի ծանրությունը: Դպրոցի ղեկավարությունը տեղյակ է այս ամենին, հարցը բարձրացվել է մինչեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն: Ես անձնապես որեւէ մեկի դեմ, սկսած տնօրենից, վերջացրած հավաքարարով, ոչինչ չունեմ»,- պատմեց տեր Զաքարիան: Եկեղեցու սպասավորը հայտնեց, որ այդ ուսուցչուհու «աղանդավորական» վկայականների պատճենները համապատասխան գրության հետ ինքը ներկայացրել է Քրիստոնեական դաստիարակության ու քարոզչության կենտրոն, իսկ վերջինիս տնօրեն հայր Ղուկասը՝ քաղաքապետարանի կրթության վարչություն: «Իմ իմանալով կանչել են տնօրենին, պայմանավորվել, որ Սիրանուշը չպետք է դասավանդի, մասամբ պայմանը կատարվել է, իսկապես միառժամանակ նա դաս չի տվել: Բայց այդ ընթացքում էլ իրենց խմբավորումից երիտասարդներ են ընդգրկվել ծրագրի մեջ՝ իբրեւ պատմության եւ կրոնի պատմության ուսուցչուհիներ,- շարունակեց մեր զրուցակիցը,- Արմենակ Արմենակյանի անունով այս համայնքի բոլոր բնակիչները երդվում են, նրան նվիրված բոլոր միջոցառումները նշում իր իսկ կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Ցավալի է, որ նրա անունը կրող դպրոցում նման միջադեպ կա: Երեխաներին շեղելը, թյուրիմացության մեջ գցելը, արմատներից կտրելը մանկապղծություն է»:

Հոգեւորականից հետաքրքրվեցինք՝ շա՞տ են իրենց համայնքում աղանդավորները: Պարզվեց՝ ոչ այնքան: «Ես մշտապես կոնտակտի մեջ եմ ժողովրդի հետ, պատահում է, որ գալիս-ասում են՝ գիտե՞ք, տեր հայր, այսինչը «Եհովայի վկա» է կամ մի ուրիշ բան: Բայց իմ տեղեկություններով, Նորք- Մարաշում աղանդավորական խմբավորումներ կամ օջախներ չկան եւ այդ ամենին նպաստում է անձամբ թաղապետը իր աշխատակազմով ու եկեղեցու կողքին կանգնած լինելով»: Սբ. Աստվածածնի հոգեւոր հովիվը ասաց նաեւ, որ կոնկրետ վիճակագրություն իրեն հայտնի չէ, թե Երեւանի համայնքներից որն է «առաջատարը» աղանդավորների թվով, բայց իր սուբյեկտիվ կարծիքով երեւի Մալաթիա Սեբաստիան է. «Այնտեղ ե՛ւ Ավետարանականների եկեղեցի կա, ե՛ւ մորմոնները կենտրոն ունեն»: Ի դեպ, նույն Մալաթիա-Սեբաստիա համայնքի մասին: Ա. Արմենակյանի անվան դպրոցին բնորոշ խնդիրներն այստեղի թիվ 112 դպրոցում էլ են ծագել. տարրական դասարանի աղանդավոր ուսուցիչը ազատվել է աշխատանքից, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերականգնվել՝ իբր խոստանալով չքարոզել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել