Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր թատրոնի մեծ ակնկալիքները

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"Ըստ գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի՝ ռեժիսուրան բնավորություն է, իսկ «կոտրվելը»՝ անընդունելի:

Գեղագիտության ազգային կենտրոնում շուրջ 25 տարի «Պատուհան» անունով թատրոն էր գործում, որն իսկապես մի փոքրիկ պատուհան էր դեպի մեծ արվեստ: Արի ու տես, որ այս «Պատուհանը» չբավարարեց տասը տարի նույն օջախում բեմադրություններ իրականացրած ռեժիսոր եւ դերասան Վահան Բադալյանին եւ նա «փակելով» «Պատուհանը», 2004թ. ստեղծեց Փոքր թատրոն, հավանաբար այս «Փոքրի» մեջ «Մեծի» հավակնոտ երանգներ դնելով ու մի քիչ էլ գուցե ցանկանալով նմանվել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում գործող նույնանուն թատրոններին: Թատերարվեստի որոշ գործիչներ ասում են, թե երիտասարդ արվեստագետին շատ էր ոգեւորել Սանկտ Պետերբուրգի Փոքր թատրոնը եւ նա էլ ցանկացել է հայկական Լեւ Դոդին դառնալ (Սանկտ Պետերբուրգի թատրոնի գեղարվեստական ղեկավար) կամ իր Փոքրիկին մեծ հռչակ բերել: Վ. Բադալյանի ավագ գործընկերները նաեւ հավաստիացնում են, որ երիտասարդին աջակցում են ռեժիսորներ, հայր եւ որդի Ղազանչյանները: Ճշտելու համար, թե որքանո՞վ է դա հավաստի, «Առավոտը» հանդիպեց Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին:

Երիտասարդ արվեստագետը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի հավատում արհեստական խոչընդոտներ ստեղծելու միֆին կամ խոսակցություններին. «Ռեժիսուրան բնավորություն է: Հաճախ լսում ենք, թե այս կամ այն երիտասարդ ռեժիսորը չընկալվեց, կոտրվեց… Կամ ասում են՝ ավագ սերնդի այսինչ գործիչը խոչընդոտ հանդիսացավ… Սրանք ավելի շուտ արդարացման խոսքեր են: Ժամանակին ավարտել եմ Երեւանի թատերական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած դերասանա-ռեժիսորական փորձարարական կուրսը եւ հասկացել, որ ինքս շատ բան կարող եմ արտահայտել ռեժիսորի հայացքով: Ինչ վերաբերում է Ղազանչյանների օգնելուն, ես դա բնական եմ համարում: Մեր թատերական դաշտը առողջացման կարիք ունի, եւ Երվանդ Ղազանչյանը միայն ինձ չէ, որ ընդառաջել է: Կոմեդիայի թատրոնում ժամանակին բեմադրել եմ Չեխովի «Արջը» եւ «Առաջարկությունը», իսկ Գեղագիտական կենտրոնի թատրոնում 1997-ից իրականացրել 15 ներկայացում: Այսօր Փոքր թատրոնի խաղացանկում կա 5 ներկայացում՝ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Միխայիլ Էնդեի «Օֆելյայի ստվերների թատրոնը» (վերջինս այս տարի կայացած «Հայֆեստ» միջազգային փառատոնում ճանաչվեց հյուրերի կարծիքով լավագույն բեմադրություն- Ս. Դ.), Անիկինի «Ճանապարհորդություն դեպի Նոր տարի կամ փերիների դպրոց» եւ այլն»:

Քանի որ ռեժիսորին այսօր համարում են թատերարվեստի արդիական մտածողության կրող արվեստագետ, ցանկացանք լսել նրա խոսքը ավանդական եւ նոր թատրոնի մասին: «Նորը հարաբերական հասկացություն է: Երկար ժամանակ եղել եմ եվրոպաներում եւ վստահեցնում եմ. այն, ինչ այնտեղ համարվում է նոր, մեզանում կարող է անընդունելի լինել: Հարցազրույցներում հաճախ լսում եմ, որ այս կամ այն բեմադրությունը նորովի է վերաբեմադրված: Դա չեմ կարողանում հասկանալ: Նորը նոր է, ավանդականը՝ ավանդական: Հաճախ էլ ավանդական են համարվում ձանձրալի ներկայացումները, որովհետեւ իրական ավանդույթներով բեմադրություններ պարզապես չունենք: Կուզեի լիներ հատուկ թատրոն, որտեղ բեմադրվեին դասական դրամատուրգիայի գործեր՝ հենց ավանդական գեղագիտական մոտեցմամբ»,- հայտնեց արվեստագետը:

Տեղեկացնենք, որ թատրոնը վերջերս է վերադարձել Իտալիա կատարած հյուրախաղերից, իսկ 2008թ. պատրաստվում է մեկնել Շոտլանդիա՝ Էդինբուրգի համաշխարհային առաջին թատերական փառատոնին մասնակցելու: Հետաքրքրությանը՝ հյուրախաղերը անձնական կապերի՞ արդյունք են, Վ. Բադալյանը ասաց, որ երկու հրավերների «պատճառը» երեւանյան «Հայֆեստ» փառատոնն է:

Ի դեպ, Փոքր թատրոնը պետական կարգավիճակ չունի, իսկ դերասանական խումբը բաղկացած է գեղագիտական կենտրոնի սաներից, երբեմն այլ թատրոններից հրավիրվում են դերասաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել