Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»

Դեկտեմբեր 27,2007 00:00

Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը

– Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ եք, թե քանի օր եք հանգստանալու, եւ հունվարի քանիսի՞ց եք վերադառնալու նախընտրական հոգսերին:

– Ձեր հարցին, թերեւս, պատասխանեմ հայտնի մի խոսքով՝ հանգիստը լրացուցիչ հնարավորություն է ընթացիկ խնդիրների մասին մտածելու համար: Այնպես որ, տոնական այս «թայմ աուտը» ինձ համար եւս մի հնարավորություն է լինելու քարոզարշավի մեկնարկից առաջ մեր անելիքները կրկին ի մի բերելու համար: Իսկ, ընդհանրապես, Նոր տարին իմ սիրելի տոներից է, եւ ես անկեղծորեն հավատում եմ, որ 2008-ը մեզ համար լինելու է հաղթանակի տարի. մեր թեկնածուի հաղթանակի, մեր խոստումների, ծրագրերի եւ նպատակների իրականացման տարի, որի հավաքական արդյունքը դառնալու է ժողովրդի հաղթանակը։ Ուստի, անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ հանգստյան մի քանի օրը ինձ կտրելու է նախընտրական հոգսերից, ինչը, ի դեպ, ինձ համար նոր վիճակ չէ: Բայց Նոր տարին ես, բնականաբար, դիմավորելու եմ մերձավորներիս հետ եւ առաջին բաժակը բարձրացնելու եմ ընտանիքիս, ժողովրդի, պետության խաղաղության ու առաջընթացի համար, ինչի գրավականն է լինելու, համոզված եմ, փետրվարի 19-ի մեր հաղթանակը:

– Անցնող տարում ի՞նչը փոխվեց մեր երկրի կյանքում:

– Անցնող տարին ինչպես ձեռքբերումների, այնպես էլ կորուստների տարի էր։ Այս տարի մարտի 25-ին մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը, ում կորուստը դառն էր ոչ միայն Հանրապետականի համար: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ես, իհարկե, կարող եմ շատ երկար եւ հանգամանալից ներկայացնել դրական այն տեղաշարժերը, որ տեղի են ունեցել ձեր նշած վերջին տարում: Սակայն կառաջարկեի այդ հարցը յուրաքանչյուրն ուղղի ինքն իրեն, լինի դա երիտասարդ, թոշակառու, թե հասարակության որեւէ այլ խավի ներկայացուցիչ՝ ի՞նչ է փոխվել իր կյանքում: Վստահ եմ, որ անաչառ գնահատականի դեպքում մենք կստանանք ձեր հարցի պատասխանը՝ անցնող տարում ի՞նչ փոխվեց մեր երկրի կյանքում: Անկասկած՝ անցնող տարում մենք ունեցանք շատ ավելի լավ Հայաստան, քան 2006-ին էր, եւ եկող տարում ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան, քան անցնող տարում էր։ Դա այն Հայաստանն է, որը վայելում է թե՛ իր սեփական քաղաքացիների եւ թե՛ աշխարհի հարգանքը: Վստահեցնում եմ, որ նման Հայաստան կառուցելու մեր ուղին ընտրված է ճիշտ:

– Քաղաքական գործչի մասին մամուլում գրված ցանկացած բան, բացի մահախոսականից, գովազդ է: Համաձա՞յն եք:

– Ես, բնականաբար, չեմ պատկանում այն գործիչների թվին, որոնց համար կոնստրուկտիվ քննադատությունն այն է, երբ իրենք են քննադատում, իսկ ոչ կոնստրուկտիվը՝ երբ քննադատում են իրենց”: Ցանկացած քննադատության, եթե դրա մեջ կա ճշմարտության գոնե մեկ հատիկ, ես վերաբերվում եմ բացարձակ նորմալ եւ պատրաստ եմ դրանից հետեւություններ անել։ Ինչ վերաբերում է որոշ հրապարակումներին, որոնք իրենց անհեթեթությամբ հասնում են գրեթե կատարելության, ապա, եթե նկատել եք, ես երբեւէ չեմ պատասխանել իմ հասցեին հնչած որեւէ զազրախոսության կամ անհեթեթության։ Ես ուղղակի դրա ո՛չ ժամանակը ունեմ, ո՛չ էլ ցանկությունը:

– Մասնավորապես, ձեր մասին ասվում եւ գրվում է, որ ձեզ են պատկանում մի քանի տասնյակ ձեռնարկություններ ձեր հայրենի մարզում: Պատրա՞ստ եք այդ տեղեկատվությունը մեկնաբանել:

– Ես արդեն ասացի, որ իրականությանը չհամապատասխանող պնդումներին արձագանքելու մտադրություն չունեմ: Ես չեմ ասում, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ սեփականություն չունի, եւ վստահեցնում եմ, որ այն, ինչ ես ունեմ, ինձ միանգամայն բավարար է եւ պետք չէ ինձ վերագրել այլոց ունեցվածքը. ես դրա կարիքը չունեմ: Ուստի, նման պնդումներով հանդես եկող գործչին խորհուրդ կտայի, ընդամենը ճշգրիտ լինելու համար, նման հայտարարություններ անելուց առաջ մեկ անգամ եւս ճշտել իր տրամադրության տակ եղած տվյալները: Վստահեցնում եմ, որ հետագա ապատեղեկատվությունից խուսափելու համար դա նրան խիստ օգտակար կլիներ:

– Դուք, որպես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, կարողացե՞լ եք ձեւավորել նորմալ աշխատանքային մթնոլորտ այդ կառույցում:

– Հրավիրում եմ ձեզ մեր շտաբ՝ աշխատանքային մթնոլորտին տեղում ծանոթանալու համար։ Կարծում եմ, չեք հիասթափվի։ Իսկ, ընդհանրապես, թիմային աշխատանքում իսկապես շատ կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ անկեղծորեն հավատում է մեր թեկնածուի հաղթանակին եւ վստահ է, որ այն Հայաստանին, որին մենք ձգտում ենք, կարող ենք հասնել միայն Սերժ Սարգսյանի հաղթանակով: Որովհետեւ այդ հաղթանակը ոչ միայն եւ ոչ այնքան մեր թեկնածուի, որքան Հայաստանի ապագայի հաղթանակն է: Համատեղ աշխատանքի համար հավատը եւ նվիրվածությունը ընդհանուր գործին, վստահեցնում եմ, հաջողության կեսն են: Եվ այդ հավատն ու նվիրումը մեր թիմում կա:

– Ճի՞շտ է, որ բոլոր համայնքների ղեկավարների առջեւ դուք «պլան եք դնում»՝ Սերժ Սարգսյանին այսքան տոկոս: Իսկ ով չի ապահովում, նա պատժվում է:

– Համայնքի ղեկավարից, իհարկե, շատ բան է կախված, հատկապես, եթե վերջինս իր համայնքում հարգանք է վայելում եւ նրա խոսքը կարող է ազդեցիկ լինել ընտրողների համար: Սակայն որեւէ համայնքապետ չի կարող երաշխավորել իր համայնքի բնակիչների ընտրության համար, ուստի նման «պլանների» մասին խոսակցությունները, մեղմ ասած, լուրջ չեն: Մենք գնում ենք արդար ընտրությունների եւ փետրվարի 19-ին ունենալու ենք ժողովրդի կողմից ընտրված նախագահ:

Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31