Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց 2007-ը

Դեկտեմբեր 27,2007 00:00

Ամփոփում են կուսակցությունները

«Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական գործիչների մեր սերունդն իր ներդրումը կունենա Հայաստանի Հանրապետության՝ պատմությամբ պայմանավորված բնականոն զարգացման մեջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մաղթեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ամփոփելով 2007-ը՝ ՔԴՄ նախագահը տնտեսական ոլորտում Հայաստանի համար կարեւոր է համարում Մեղրի-Կապան ճանապարհի բացումը եւ, ընդհանրապես, Հայաստան-Իրան գազատարի շինարարությունը: Քաղաքական զարգացումների համատեքստում, ըստ մեր զրուցակցի, 2007-ը նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ընտրական տարի նաեւ այն առումով, որ՝ «որակապես նոր դերակատարում ունեցող Սահմանադրությամբ նախատեսված նոր դերակատարում ունեցող Ազգային ժողով ունեցանք. ժամանակն այդ ԱԺ-ին փորձության ենթարկելու հնարավորություն կունենա»: Հետաքրքիր համարելով նախագահական բուն պայքարը՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ հետաքրքրական է նաեւ այն, որ հանրապետության առաջին նախագահը երկարատեւ լռությունից հետո փորձեց վերադառնալ գործնական քաղաքականություն: Նախագահական այս մրցարշավի կարեւոր ատրիբուտ ՔԴՄ նախագահը համարում է նաեւ՝ «Հայաստանի պատմության մեջ հնարավորություն ունենք առաջին անգամ Սահմանադրությամբ սահմանված կարգով իրականացնել իշխանափոխություն: Տա Աստված, որ կարողանանք գործընթացները տանել Սահմանադրության եւ օրենքի սահմաններում»:

Փոխարենը, մեր մյուս զրուցակիցները՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը 2007-ի միակ դրական ձեռքբերումը համարեցին խաղաղության պահպանումը: «Ժողովուրդն ապրում է մեկ մակարդակում, վերնախավ կոչված 5-10 տոկոսը՝ այլ մակարդակում, կեղծվեցին ԱԺ ընտրությունները՝ խորհրդարան մտան անարժանները, իսկ կոռուպցիան, կաշառակերությունը, գործազրկությունը, աղքատությունը «բարձր» մակարդակի վրա են, կառուցվող էլիտար շենքերը մեծամասնությանը հասու չեն, դոլարի միջոցով ավելացել է թալանը… էլ ի՞նչ դրական»,- ասում է ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Չնայած ԱԺ ընտրություններում հայ կոմունիստները լուրջ ձեռքբերումներ չունեցան, այնուհանդերձ, ՀԿԿ-ի համար ընկեր Թովմասյանը դրական է համարում, որ «բուրժուազիայի» հետ պայքարում իրենք մեկ անգամ եւս համոզվեցին, որ «լուրջ կռիվ է սպասվում բանվորի, գյուղացու, երիտասարդի համար. ՀԿԿ-ն պատրաստ է այդ պայքարին: Չլինի սոցիալիզմը՝ երկիրն ընդհանրապես անդունդը կգլորվի»:

«ԱԺ ընտրություններն առիթ չդարձան քաղաքական մշակույթ եւ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու գործում: Գաղափարական բեւեռներ նույնպես չձեւավորվեցին»,- կարծում է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ըստ այդմ՝ բացասական գնահատում ԱԺ ընտրություններն ու դրանց արդյունքները: Տնտեսական ոլորտի բացասական երեւույթներից առանձնացնում է դրամի արժեւորում-արժեզրկումը եւ ասում, որ կառավարությունն իր կարգավորիչ դերը ճիշտ չօգտագործեց, ու մի բան էլ թանկացումներ եղան: Չբացահայտված մնացին աղմկահարույց սպանությունները, ավելին՝ եղան նորերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31