Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ, ԱՅՈ՝ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ՞Ն

Հունվար 31,2008 00:00

Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի առանձին խոսնակների միջոցով դեղին քարտ ցույց տրվեց ՀՅԴ թեկնածուին, թե ինքն արդեն անցնում է Ռուբիկոնը, որից հետո կվտանգվի հետագա համագործակցությունը՝ Վահան Հովհաննիսյանն ավելի հաճախ սկսեց անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ավելի զուսպ խոսել Սերժ Սարգսյանի մասին: Սրա մի վկայությունն էլ ՀՅԴ թեկնածուի երեկվա ասուլիսն էր, որտեղ հնչած հարցին ի պատասխան՝ բնութագրել քարոզարշավի առաջին 10 օրերի առանձնահատկությունները, պրն Հովհաննիսյանը սկսեց խոսել այն մասին, թե առանձին թեկնածուներին մարզեր ուղեկցող շարասյունը շատ մեծ է: Եվ այս կապակցությամբ ասաց. «Թալինցի Սաքոյին Թալինի մեջտեղում ծեծել հնարավոր չէր, եթե շուրջը թալինցիներ լինեին: Այսինքն՝ նշանակում է, որ ինչ-որ արտաքին ներմուծված էլեմենտի տոկոսային կշիռն այնքան մեծ է, որ հնարավոր են նման բաներ»: Սա ակնհայտ վրիպում էր, քանզի հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում Սարգիս Կարապետյանին հարվածել էին բացառապես թալինցիները: Եվ այս մասին է վկայում նաեւ դատախազության երեկ տարածած հաղորդագրությունը՝ ձերբակալված անձանց վերաբերյալ:

Հետաքրքիր էր պարզել՝ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոմեքենաների առատությունը հեգնող թեկնածուն նույնքա՞ն կոշտ կարտահայտվի Սերժ Սարգսյանի հանդիպումներին ավտոբուսներով բերվող մարդկանց մասին: Եվ «Առավոտը» պրն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ թեկնածուներից մեկի հանդիպումների լսարանն էլ ապահովում են վարչական լծակներ կիրառելով՝ դպրոցների, բուժհիմնարկների եւ այլ հաստատությունների աշխատակիցների միջոցով: «Լավ չեմ վերաբերվում»,- ասաց նա: Եվ մեր հարցին՝ գիտի՞ նման փաստերի մասին, պատասխանեց. «Չէ, դուք ինձ ասացիք: Բայց պետք է ասեմ, որ, իհարկե, մենք որոշ դեպքերում ակնհայտորեն տեսնում ենք, որ մի տեղ միտինգավորները շարասյունից են իջնում, մյուս տեղում միտինգավորները բերվում են վարչական ռեսուրսի կիրառմամբ: Սրանք երկուսն էլ հավասարաչափ բացասական երեւույթներ են»: Եվ առաջարկեց նման մեթոդներ կիրառողներին ուղղել այդ մասին հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել