Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵԼՔԵՐ

Փետրվար 29,2008 00:00

\"\"Լարվածությունը մեղմացնելու համար ՀՅԴ բյուրոյի անդամը պատրաստ է զոհաբերել Ալեքսան Հարությունյանի եւ Գրիգոր Ամալյանի պաշտոնները:

Երեկ ընդունվեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի՝ փետրվարի 25-ին ներկայացրած հրաժարականը, քանի որ 3 օրվա ընթացքում նա իր դիմումը հետ չվերցրեց: Վահան Հովհաննիսյանը վայր դրեց նաեւ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի լիազորությունները:

Վահան Հովհաննիսյանը երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը խոստովանեց, թե ընտրություններից առաջ հրաժարականի մասին չի մտածել՝ անգամ պարտության տարբերակն աչքի առաջ ունենալով. «Ես այդպիսի նախնական կանխորոշում չեմ արել, որովհետեւ եթե ընտրություններն այնպես չանցնեին, որ հասարակության զգալի մասի մոտ կասկածի փուշ մնար արդյունքների նկատմամբ, եթե այդպես չլիներ, թերեւս իմ որոշումն էլ այդքան օրակարգային կարեւորություն չէր ունենա: Այս վիճակի նկատմամբ իմ դժգոհությունը ինչ-որ կերպ դրա մեջ արտահայտվում է, բայց ո՛չ նեղացած կեցվածք, ո՛չ մի անձնական էմոցիա մի փնտրեք դրա մեջ»:

Երեկոյան Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նախապես ասելով. «Ակնհայտ է, որ մեր հասարակությունն այսօր արդարության որոնման մեջ է: Եվ ինքը՝ այդ որոնումն արդար է, եւ հասարակությունը դրա իրավունքն ունի: Սակայն հասուն հասարակությունը պետք է գիտակցի, որ արդարության եւ ազատության համար պայքարում գինը չպետք է լինի երկրի թուլացումը, միջազգային դիրքերի կորուստը եւ կամ՝ Արցախը: Այս իմաստով, պետք է ասեմ, որ այսօրվա անհանդուրժողականության մթնոլորտը չի առաջացել միայն որպես ընտրությունների արդյունք կամ այդ արդյունքի հետ այս կամ այն քաղաքական ուժի անհամաձայնություն: Ի վերջո, տարիներ շարունակ է ձեւավորվել այս մթնոլորտը եւ այսօր տալիս է իր դառը պտուղները»:

Իսկ այժմ՝ մի քանի մեջբերում նրա հայտարարությունից. «Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ենք ելք գտնել»: Ահա այն ելքերը, որոնք առաջարկում է պրն Հովհաննիսյանը. «Նախ՝ ես ողջունում եմ այս օրերին հնչող՝ հանդուրժողականության եւ համագործակցության բոլոր անկեղծ (այս բառը նա շեշտված արտասանեց.- Ա. Ի.) կոչերը: Երկրորդ՝ մենք ուղղակի պարտավոր ենք բացառել հնարավոր բախումները: Մենք պետք է գիտակցենք, որ հակադիր տեսակետներ կրողները նույն ժողովրդի մասնիկն են, եւ քաղաքական ուժերի գերխնդիրը ներքին պառակտում թույլ չտալն է: Անցանկալի զարգացումները կարող են կանխվել միայն բանակցությունների միջոցով»:

ՀՅԴ բյուրոյի անդամը նաեւ առաջարկել է բանակցությունների օրակարգ, որը, ըստ նրա՝ կարող է մեղմել լարվածությունը եւ համաձայնության հանգեցնել: Վահան Հովհաննիսյանի պատկերացմամբ՝ առաջնահերթ են հետեւյալ 3 հարցերը. «Առաջին՝ համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձեւավորելու ժողովրդի ինքնավստահությունը։ Ձեւերից մեկն, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է: 2-րդ՝ երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմաններ ստեղծել։ Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձեւավորումը: 3-րդ՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ ապահովվեն: Այս առումով՝ բազմաթիվ քայլերից մեկն ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել»:

Նա ընդգծեց, որ այս 3 ուղղություններով որոշակի եւ մանրամասն առաջարկներ ունեն, որոնք պատրաստ են ներկայացնել բանակցությունների ժամանակ. «Ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել՝ հրաժարվելով մաքսիմալիզմից եւ ոչ մի տեղ չտանող առճակատումից»:

Հ. Գ. Երեկ ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ Վիկտոր Դալլաքյանն էլ առաջարկեց հետընտրական ճգնաժամից դուրս գալու լուծումներ՝ փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», որոնցով անցում պիտի կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ ընդդիմության ու իշխանության համար ընտրական հանձնաժողովներում պիտի ապահովվի հավասար ներկայություն: Ըստ պրն Դալլաքյանի՝ այս ամենը պետք է արվի 1 տարվա ընթացքում, իսկ դրանից հետո ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի եւ անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր արտահերթ ելույթում այս կապակցությամբ ասաց. «Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ այն, ինչ առաջարկվել է՝ կոալիցիոն կառավարությանն անդամակցել եւ այլն, սրանից բացի այլ առաջարկություններ էլ են հնչում: Օրինակ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը ես նորմալ առաջարկ եմ համարում, բայց դա չի նշանակում, որ այսօր պիտի անենք եւ 1 տարի հետո էլ ընտրություն անենք: Օրենսդրական մարմինը ձեւավորվել է, աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ եւ, իմ կարծիքով, շատ արդյունավետ: Ինչո՞ւ պետք է լուծարել խորհրդարանը: Մարդկանց թվում է, թե ընտրությունները նպատակ են: Ընտրությունները միջոց են՝ իշխանություններ ձեւավորելու եւ ծրագրեր իրականացնելու համար: Հետեւաբար մեր հասարակությունը որեւէ մեկի ձեռքը կրակը չի ընկել՝ ամեն տարի ընտրություններ անելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել