Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկական բանաձեւի քննարկում

Մարտ 29,2008 00:00

Չնայած խոչընդոտներին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը հաջողվեց քննարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը:

Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը սեմինար էր կազմակերպել՝ «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքներ» թեմայով: Այն պիտի անցկացվեր «Կոնգրես» հյուրանոցում, սակայն հյուրանոցից հրաժարվել էին երիտասարդներին դահլիճ տրամադրել՝ մերժումը պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: Ուստի սեմինարն անցկացվեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության կենտրոնական գրասենյակում: Կատարվածի մասին միության ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց. «Այս դեպքում ամեն ինչ 2 հոգու հետ է կապված: Դեռ մեկ շաբաթ առաջ հյուրանոցի հետ պայմանավորվել էինք, որ այնտեղ մի անշառ միջոցառում ենք կազմակերպելու, սակայն հայտնի դարձավ, որ մեր «ժողովրդավար» իշխանությունները չեն ուզում քննարկում տեղի ունենա, նույնիսկ, եթե այն երիտասարդական է, վերլուծական»: Հետո էլ «Սարգիս Տխրունին» իրենց սփյուռքահայ ընկերներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին կոչ արեց՝ այսուհետեւ «Կոնգրես» հյուրանոցում չհյուրընկալվել եւ նույն հյուրանոցում որեւէ քննարկում չկազմակերպել:

Չնայած բոլոր խնդիրներին, քննարկումը տեղի ունեցավ: ՍԴՀԿ ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը զեկուցեց «Ղարաբաղ. ռազմական հաղթանակ եւ դիվանագիտական պարտություն» թեմայով: Նա անդրադարձավ ՄԱԿ-ի ընդունած, իր բնորոշմամբ, հակահայկական բանաձեւին. «1992-ին ընդունված ՄԱԿ-ի բոլոր բանաձեւերում Հայաստանը որպես կոնֆլիկտային կողմ չկար, իսկ այսօր ՀՀ-ն արդեն ոչ միայն կողմ է, այլեւ՝ ագրեսոր»: Վ. Շիրխանյանը ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումը համարեց ՀՀ դիվանագիտական պարտությունը. «Ասում են, թե միայն մուսուլմանական երկրներն են կողմ քվեարկել բանաձեւին: Եթե Ադրբեջանը կարող էր համախմբել նրանց, ի՞նչն էր մեզ խանգարում՝ համախմբել քրիստոնյա երկրներին եւ մուսուլմանականների մեջ գտնել կողմնակիցների»: Հետո նա անդրադարձավ բանաձեւի կետերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանը եւ այլն: «Բանաձեւի ընդունման հարցում չեմ կարող մեղադրել միայն ԱԳՆ-ին, չնայած նա պիտի ընդուներ հայեցակարգեր եւ մյուս կառույցներին դրդեր կատարել դրանք: Մյուս կողմից էլ վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ նախագահը պիտի ամենից շատ շահագրգռված լիներ արձանագրելու ղարաբաղյան հաղթանակը: Սակայն նահանջը դա արձանագրելուց այնքան զգալի է, որ կարող եմ ասել՝ մեղքը հենց Ռոբերտ Քոչարյանինն է»,- շեշտեց Վ. Շիրխանյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց. «Այս բանաձեւի ընդունումը կապված է մեր երկրի այսօրվա թույլ վիճակի հետ: Եթե քաղբանտարկյալների հարցով Ադրբեջանը միշտ մեկ քայլ հետ էր, ապա այսօր այդպես չէ: Նրանց քաղբանտարկյալների թիվը չի գերազանցում 15-ը, իսկ մեզ մոտ մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածները քաղբանտարկյալ են: Դրա մասին առաջինը հայտարարել է ՀՀ դատախազությունը»: ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանն էլ պարզաբանեց բոլոր հնչած մտահոգությունները: Նա տեղեկացրեց. «Այս բանաձեւը որեւէ քննարկման չի դրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ըստ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստերի, դա հնարավորություն է: Անդամ երկիրը կարող է առաջարկել իր բանաձեւը՝ նախագիծը նախ դնելով քննարկման: Իսկ Ադրբեջանը հասկացավ, որ ցանկացած քննարկում կարող է տապալել բանաձեւի ընդունման հնարավորությունը եւ գնաց առանց որեւէ ստորակետի բանակցման փաստաթուղթը ընդունման ներկայացնելու: Իսկ մեր մշտական ներկայացուցիչը հստակ նշել է, որ այդ կետը ցույց է տալիս ադրբեջանական կողմի կարծրացած դիրքորոշումը»: Հետո էլ հավելեց. «Մեր դիվանագիտական հաղթանակն էր այն, որ բանաձեւին դեմ քվեարկեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջ կազմը: Սա նշանակում է, որ բանաձեւն այսօր Մինսկի խմբում ընթացող գործընթացներին լիովին հակասում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31