Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԻԱՎՈՐԵՄ ԲՈԼՈՐ ԳՈՏԻՆԵՐԸ»

Մարտ 29,2008 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա եկել է՝ նախապատրաստվելու ամռանը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ կայանալիք գոտիների միավորման մենամարտին: Երեկ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Վիկի հետ:

– Առաջին անգամ ես որոշել գոտու պաշտպանությանը նախապատրաստվել Հայաստանում: Ինչո՞ւ:

– Իմ ապագա մրցակիցը լինելու է IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովը: Ես ցանկանում եւ նրան առաջարկում եմ մեր մենամարտն անցկացնել նրա հայրենիքում: Եվ քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի բնակլիմայական պայմաններն ու ժամային գոտիները գրեթե նույնն են, կլիմայափոխության խնդիրներ գրեթե չեն լինի: Բացի դա, ես մեծ ցանկություն ունեի այս փուլում մարզվել իմ առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, ում մոտ սովորել եմ բռնցքամարտի այբուբենը եւ դրա շնորհիվ եմ հասել իմ այսօրվա հաջողություններին: Ցավոք, նա հիմա առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ օգտակար լինել ինձ:

– Այսինքն՝ ծրագրերդ խափանվեցի՞ն:

– Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մարզվեի պարոն Բադալյանի մոտ: Բայց քանի որ եկել եմ եւ հետագայի լուրջ ծրագրեր ունեմ, կմնամ ու կմարզվեմ: Արդեն պայմանավորվել եմ մեր լավագույն մարզիչներից մեկի՝ Կարեն Աղամալյանի հետ, իմ ֆիտնեսի մարզիչ եւ իմ մտերիմ ընկեր Ջեյ Ֆերեսի հետ միասին եղել ենք Էջմիածնում: Այնտեղ մի հիանալի դահլիճ կա, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու բոլոր պայմանները կան, ու որոնք ոչնչով չեն զիջում Ավստրալիայում եղածներին: Գալիք երկուշաբթի օրվանից մարզվելու եմ այնտեղ:

– Այս տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ձեր քաշային կարգում նշանակալից իրադարձություննե՞ր են սպասվում:

– Այո: Կիրիլովը պարտադրված է մենամարտել ինձ հետ, ու դրա համար նա խիստ սահմանափակ ժամանակ ունի ու ստիպված է տեղավորվել մեքսիկացու հետ անցկացրած մարտից հետո իրեն հատկացված ժամկետների մեջ: Հակառակ դեպքում կզրկվի IBF-ի իր գոտուց: Եվ ես, որպես առաջին համար կամ պարտադիր հավակնորդ, ինչպես ուզում եք՝ ասեք, չեմպիոնական տիտղոսին տիրելու համար իրավունք կստանամ վարկանիշային ցուցակի մինչեւ 15-րդ հորիզոնականը զբաղեցնողներից որեւէ մեկին հրավիրել մենամարտի (Զեդ Գորրեսին մեր մենամարտից հետո բավականին երկար ժամանակով արգելել են ռինգ մտնել): Բայց դա ինձ հաստատ չի գոհացնի: Ես իմ IBO-ի գոտին գրավ եմ դրել: Ինքն էլ պարտավոր է պաշտպանել IBF-ի գոտին: Թե մեր մենամարտը ե՞րբ կկայանա, կարծում եմ, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում, որովհետեւ մեր պրոումոթերները հիմա ժամկետների ու անցկացման վայրի շուրջ բանակցություններ են վարում: Մոտավորապես նույն օրերին կայանալու է նաեւ WBC-ի եւ WBA-ի չեմպիոնների գոտիների միավորման մենամարտը, եւ մեր ու նրանց հաղթողներն արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին պետք է հանդիպեն ռինգում: Այսինքն՝ մինչեւ տարեվերջ մեր քաշային կարգում մեկը կրելու է բոլոր չորս գոտիները եւ դրան գումարած՝ հինգերորդ գոտին, որը բացարձակ չեմպիոնին շնորհում է «Ring» հեղինակավոր հանդեսը:

– Եվ ո՞վ է լինելու այդ մարդը:

– Ես: Համենայնդեպս, ինքս հավատում եմ դրան ու պայքարելու եմ դրա համար:

– Արի խոսենք քո առաջիկա մրցակցի՝ Կիրիլովի մասին:

– Նա մեքսիկացի մրցակցի հետ ոչ-ոքի արեց ու պահպանեց չեմպիոնական գոտին: Սակայն շատ վատ մենամարտ անցկացրեց: Հնարավոր է, որ թերագնահատել էր մրցակցին: Համոզված եմ, որ իմ պարագայում Դմիտրին կնախապատրաստվի ամենայն լրջությամբ: Բայց դա էլ նրան չի փրկի:

– Այնպիսի տպավորություն կա, որ որոշել ես այսուհետեւ քո բոլոր մենամարտերն անցկացնել մրցակիցներիդ հայրենիքում:

– Այո: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իմ կարիերայում կրած միակ պարտությունից հետո մեծ ցանկություն ունեմ ապացուցելու, որ դա պատահականություն էր: Դրա համար էլ ընտրում եմ հնարավոր լավագույններին ու ինքս առաջարկում «կռվել» իրենց երկրում:

– Այսինքն՝ Նոնիտո Դոներին չե՞ս մոռանում:

– Ընդհակառակը, հիշում եմ ու ամեն բան անելու եմ ռինգում նրան մեկ անգամ էլ հանդիպելու համար: Ճիշտ է ասված, եթե պարտության (թեկուզ՝ պատահական) դառնությունը չես ճաշակել, հաղթանակի քաղցրությունն ու իրական արժեքը չես իմանա: Այ, երբ այս տարի կնվաճեմ բոլոր գոտիները, նա ռինգում ինձ հետ կրկին հանդիպելուց այլեւս չի փախչի: Ճիշտ է, պարտադրել հնարավոր չէ, բայց հույս ունեմ, որ կկարողանամ կազմակերպել այնպիսի մեծ մրցանակային գումար, որից նա, անկախ ելքից, չի հրաժարվի: Ու այդ ժամանակ էլ աշխարհը կհամոզվի, որ այն օրը Նոնիտոն ընդամենը «լոտո շահեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31