Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքներ

Մարտ 29,2008 00:00

Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան

Պարտադրված եւ ընտրակաշառքներով քվեարկությունների վերաբերյալ լրատվամիջոցներում, տարբեր կազմակերպությունների կողմից, եղել են բազմաթիվ հայտարարություններ:

Հերթական անգամ Հայաստանում ընտրովի իշխանությունը կազմավորվում է բանակի հրամանատարի կողմից համաժողովրդական հարցման միջոցով: Իսկ ով իր անհամաձայնությունն արտահայտում է բողոքի ակցիայի միջոցով՝ պատժվում է, ընդ որում, ինչպես երեւաց, պատիժը կախված է ժամանակից ու իրադրությունից:

Այս էլ որերորդ անգամն է, որ որոշ կուսակցություններ, որոնք մինչ ընտրությունների ավարտն ու հետո հանդես էին գալիս որպես ընդդիմություն եւ հայտարարում կեղծ ընտրությունների մասին, հենց իշխանության մաս կազմելու առաջարկ են ստանում՝ համաձայնում են ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքների հետ: Մարդիկ ճար չունեն, գոնե իշխանության մաս կազմեն, չէ՞ որ հենց իշխանության համար էլ պայքարում էին, ինչ տարբերություն՝ այն կստանան ժողովրդի քվեով, թե քվեները կեղծողների ձեռքից: Կարեւորը, ինչպես միշտ, հետո ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն կհաստատեն երկրում, եւ կլուծեն ազգային ռազմավարական խնդիրները: Դեռ դա քիչ է, մինչեւ մարդկանց չեն սպանում, ընտրությունների միջազգային մոնիտորինգային կազմակերպություններն էլ հայտարարում են, թե ընտրություններում առաջընթաց կա եւ այն նորմալ է անցել:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ 1923 տեղամասերում ընտրողների, ներառյալ լրացուցիչը, թիվը հավասար էր 2328831-ի: Ըստ վերջնական արդյունքների, ընտրությունների մասնակիցների թիվը 1671027 է: Իսկ ընտրողների թիվը, ըստ հայտարարության, 2317000 է: Այսինքն, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 72%-ը:

55 տեղամասերում արձանագրվել է 21584-ով ավելի մասնակից, քան այդ տեղամասերի ընտրողների թվերն են: Այսինքն, այդ տեղամասերում ընտրություններին մասնակցել է 100%-ից ավելի ընտրող:

Կան տեղամասեր, որտեղ քառապատիկից, նույնիսկ տասնապատիկից ավելի մասնակցություն է արձանագրվել, քան ընտրողների թիվն է: Օրինակ, Սյունիքի մարզի Ներքին Հանդում՝ թիվ 38/40, Արավուսում՝ 37/18, Տեղում՝ 37/39, Գեղարքունիքի Կութ գյուղում՝ 23/58, Վայոց ձորի Տավ գյուղում՝ 39/19:

Ընտրողների թվի 200%-ից 9360-ով ավելի մասնակցություն է գրանցվել 22 տեղամասերում:

90%-ից 31261-ով ավելի մասնակցություն է գրանցվել 191 տեղամասերում, ընդ որում՝ 195 տեղամասերում, կարելի է ասել, արձանագրվել է այդ տեղամասերի սպասարկման հնարավորությունները մոտ 36000-ով գերազանցող մասնակցություն:

80%-ից 56083-ով ավելի մասնակցություն է գրանցվել 409 տեղամասերում:

73%-ից մոտ 92000-ով ավելի մասնակցություն է գրանցվել 606 տեղամասերում:

Հանրապետությունում առկա ընտրողների թիվը, ըստ տարբեր պաշտոնական տվյալների, ավելին չէ, քան ընտրողների ցուցակային թվի մոտ 75 տոկոսը: Ստացվում է, որ մոտ 500 տեղամասերում մասնակցությունը գերազանցել է դրանցում առկա ընտրողների թիվը:

Իսկ ըստ տեղամասերի հրապարակված տվյալների, հարյուրավոր տեղամասերում առկա են ընտրական թվերի, այն է՝ ընտրացուցակներում ընտրողների ստորագրությունների, տեղամասերին հատկացված քվեաթերթիկների, մարված քվեաթերթիկների, ելունդների, վավեր, անվավեր քվեաթերթիկների, քվեատուփում առկա քվեաթերթիկների, ծրարների, թեկնածուների օգտին հաշվարկված քվեների անհամապատասխանություններ:

Ընտրական թվերի անհամապատասխանություններ կան 637 տեղամասերում: Եթե յուրաքանչյուր նշված տեղամասից յուրաքանչյուրի համար վերցնել միայն մեկ առավելագույն սխալը, ապա դրանց հանրագումարը կլինի 10988, ընդ որում՝ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվարկվող անճշտությունների չափը պակաս չի լինի, քան նշված թիվը: Չնայած պաշտոնապես արձանագրվել է 6720 անճշտություն:

Պաշտոնապես հրապարակված տվյալներում 1563 ընդհանուր թվով լցոնումներ են արձանագրվել 156 տեղամասերում: Օրինակ, Գյումրիի թիվ 34/26 տեղամասում քվեատուփում 153 քվեաթերթիկ ավելի է, քան այդ տեղամասում ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն է, Այգեձորի 41/28 տեղամասում լցոնման թիվը 93 է, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/21 տեղամասում 80 է, Էրեբունիի 13/7 տեղամասում 62 է, Աջափնյակի 9/31 տեղամասում 55 է: Տասը քվեաթերթիկից ավելի լցոնումներ կան 34 տեղամասերում, մեկական լցոնում՝ 39 տեղամասերում եւ այլն:

Կան տարբերություններ հրապարակված վերջնական տվյալների եւ ըստ տեղամասերի հրապարակված տվյալների գումարի միջեւ:

Ավելին, մի շարք տեղամասերում քվեների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ կատարվել են ձայների ակնհայտ կեղծ հաշվարկներ, նույնիսկ քրեական գործեր են հարուցվել:

Իսկ թե նշված թվերն ու փաստերը էապես կազդեի՞ն ընտրությունների արդյունքի վրա, թե՞ ոչ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է:

Վերլուծությունը պատրաստ կլիներ քվեարկության ավարտին, նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, եթե ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի վերլուծական ծրագիրը ֆինանսավորվեր: Ծրագիր, որի միջոցով կբացահայտվեր ու կառանձնացվեր օրենսդրության պահանջներից եւ ընտրական ընթացակարգի պայմաններից շեղումներով, անճշտություններով, լցոնումներով, ինչպես նաեւ ընտրողների, քվեաթերթիկների, ծրարների, մասնակցության, քվեների թվերի համեմատականներով անհամապատասխանություններ պարունակող տեղամասերն ու այն ինտերնետի միջոցով տեսանելի կլիներ բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31