Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ

Ապրիլ 29,2008 00:00

\"\"Ակնարկել էր ԲՀԿ պատգամավորը ՕԵԿ նախագահին, որի հետ այժմ նույն կոալիցիայում է

«Պոպուլիստ»,- այսպես էր բնութագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 31-ին «Ազդակ» ակումբում, երբ նրան խնդրել էին մեկ բառով բնութագրել նախագահի թեկնածուներին:

Սակայն սա ոչինչ էր այն հայտարարության համեմատ, որով փետրվարի 5-ին ԱԺ-ում հանդես եկավ Գալուստ Սահակյանը: Հիշեցնում ենք այն՝ եւս մեկ անգամ արձանագրելու, թե որքանով են սկզբունքային եւ հետեւողական մեր քաղաքական այրերը: Եվ այսպես, ՀՀԿ փոխնախագահն ԱԺ ամբիոնից մի շարք հարցեր էր ուղղել Արթուր Բաղդասարյանին՝ ակնկալելով նրա պատասխանը. «Ինչո՞ւ իր պաշտոնավարության 3 տարիների ընթացքում երբեւիցե Ազգային ժողովի ֆինանսական գործունեությունը չի ստուգվել։ Ինչպե՞ս է պատահում, որ այդ տարիներին տարեկան 50-60, 100 տոննա բենզին ավել է ծախսվել։ Ինչպե՞ս է պատահել, որ 20 մլն գումար է փոխանցվում, չար լեզուներն են ասում, իր իսկ գլխավորած հասարակական կազմակերպությանն Ազգային ժողովի բյուջեից։ Ինչպե՞ս է պատահում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների  մեկ այցի ժամանակ 20 մլն է ծախսվում։ Այսօր մոտ 350 մլն տնտեսում ունի Ազգային ժողովը, որը գնացել է պետբյուջե, դեռ ավելին՝ 20 միլիոն էլ Ղարաբաղի Ազգային ժողովին է օգնել»։

Ենթադրելի է, որ հիմա, երբ իրենք վերստին նույն կոալիցիայում են՝ ՀՀԿ փոխնախագահը պիտի հետամուտ լինի ստանալու իր հարցերի պատասխանները՝ ասենք, որ Արթուր Բաղդասարյանը ներկայացնի 2005-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Ազգային ժողովի հաշվին կատարած մոտ 20 մլն դրամի ծախսը հիմնավորող փաստաթղթեր եւ այլն: Սակայն երեկ տրված մեր հարցին, թե մտադիր չէ՞ արդյոք այժմ ստանալ իր հարցերի պատասխանը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Քանի որ քաղաքական փոխադարձ համաձայնությամբ՝ նույն ճանապարհով ենք գնում»: Մեր հարցին՝ փաստորեն էլի կոալիցիա մտնելը փաստացի համաներո՞ւմ է իր թվարկած զանցանքների համար՝ ՀՀԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ո՛չ: Եթե կա նման խնդիր՝ թող ուրիշներն անեն»:

Փետրվարի 5-ին խորհրդարանական մեծամասնությամբ այլ պատգամավորներ էլ էին հայտարարություններով հանդես եկել ՕԵԿ նախագահի դեմ: Այստեղ հարկ է հիշեցնել, որ այդ հայտարարությունները հաջորդել էին ՕԵԿ-ի՝ փետրվարի 3-ի հանրահավաքին, որտեղ Արթուր Բաղդասարյանը չէր բացառել, թե կարող է միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Բոլորը բոլորին փնովում են, բոլորը բոլորին ամեն ինչ խոստանում, ալյանսներ են կազմում, հանրահավաքներ անում, օդ կրակում, քամի բարձրացնում ու հետո թաքուն բանակցում իշխանությունների հետ՝ իրենց գարշահոտ երախներն իշխանական պատառով փակելու համար»։ Այստեղ էլ կարելի էր ասել, թե իշխանության ներկայացուցիչները փաստորեն լավ գիտեն իրենց հաճախորդներին, կամ ուղղակի մեջբերել Աստվածաշնչից՝ «Դո՛ւ ասացիր»: Աստվածաշնչից իր հայտարարության մեջ մեջբերում էր արել նաեւ Արմեն Աշոտյանը՝ նշելով. «Նախագահական ընտրություններին հաղթելու զրոյական շանսեր ունեցող Բաղդասարյանի՝ Տեր-Պետրոսյանին միանալու դեպքում հիշողության մեջ անմիջապես արթնանում են աստվածաշնչյան երկու դրվագներ, քաղաքական առումով՝ դա անառակ որդու վերադարձն է։ Տեր-Պետրոսյանի ծոցում մեծացած ու տաքացած օձը, որը Տեր-Պետրոսյանից հետո ներկայիս իշխանությունների ծոցից ծոց է անցել, նորից վերադառնում է Տեր-Պետրոսյանի ծերացած կրծքին, փիլիսոփայական առումով՝ հող էիր, հող էլ կդառնաս՝ իմաստնության ականատեսն ենք լինելու»: Զարմանալի է, բայց նույն գործչի վերաբերյալ նույն պատկերը գործածել էր նաեւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ վերջերս թերթերից մեկին տրված հարցազրույցում ասելով՝ «Երբ որ արդեն նա ստանձնեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ես ասացի՝ անառակ որդին վերադարձավ իր կնքահոր գիրկը»:

Արմեն Աշոտյանին հիշեցրինք իր այդ հայտարարությունը՝ փորձելով պարզել, թե արդյոք այժմ է՞լ նույն տեսակետներն ունի իրենց հետ կոալիցիայում գտնվող գործչի մասին, եւ նա ասաց. «Նախընտրական գործընթացները մի տրամաբանություն ունեն, հետընտրական գործընթացները՝ մեկ այլ»:

Վերջում նշենք, որ հետընտրական գործընթացների զարգացման այլ սցենար էր նախանշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հեգնելով փետրվարի 3-ի հանրահավաքում Արթուր Բաղդասարյանի արած պնդումներից մեկը. «Ինչ վերաբերում է հայրենիքի համար կյանքը զոհելուն, ապա խիստ կասկածում եմ, որ հայրենիքը կոնկրետ այդ զոհողության կարիքն ունի։ Այնպես որ, քարոզչական խարակիրիներ պետք չեն, եւ մի խորացրեք ձեր վիճակի ողջ զավեշտը, եթե, իհարկե, չեք որոշել փետրվարի 19-ից հետո ձեր ուժերը փորձել այս անգամ արդեն շոու բիզնեսում, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում ձեռք բերած ձեր խիստ պրակտիկ գիտելիքները»: Թե ինչ եղավ փետրվարի 19-ից հետո՝ այլեւս հարկ չկա հիշեցնելու: Սակայն նշենք, որ փետրվարի 5-ի այս նույն հայտարարության մեջ Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասել էր. «Ամնեզիան մեզանում հաստատ համաճարակի բնույթ չի կրում»: Խիստ վիճարկելի պնդում է՝ հաշվի առնելով այն իրողությունը, թե որքան հաճախ են քաղաքական գործիչներն անտեսում իրենց ասածները, եւ ինչը վկայում է պատվախնդրության դեֆիցիտի մասին՝ նաեւ իրենց մասին ասվածը:

 Հ. Գ. Ի դեպ, կարող ենք հիշեցնել նաեւ ՀՅԴ մասին իր ներկայիս կոալիցիոն գործընկերների ասածները, եւ հակառակը՝ թե նախընտրական շրջանում ինչ էր ասում ՀՅԴ-ն այն իշխանության մասին, որին այժմ վերստին մաս է կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել