Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում էլի «շատ խառն են»

Ապրիլ 30,2008 00:00

Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել է վրաց քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին: Ըստ նրա, մի քանի օր առաջ պետնախարար Գեորգի Բարամիձեն նշել էր, որ երկիրը գտնվում է մեծ սպառնալիքների դեմ-հանդիման, եւ ընտրություններն այս պահին առաջնահերթ գործ չեն: Կլիմիաշվիլու կարծիքով, այդօրինակ հայտարարությունները ծառայում են միայն մեկ նպատակի՝ հետաձգել ընտրությունները, քանի որ ներկայիս ղեկավարությունը «գիտի, որ տանուլ է տալու դրանք»: «Սրելով իրադրությունը, նրանք այժմ փորձում են հասնել իրենց ուզածին»,- ասել է Կլիմիաշվիլին:

Իր հերթին, Վրաստանի միավորված ընդդիմության առաջնորդ, պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն երեկ հայտարարել է, թե մայիսի 10-ից ողջ երկրում ընդդիմությունը սկսում է ակտիվ ընտրարշավ: «Եթե որեւէ մեկը խանգարի այդ ընտրարշավին, ապա մենք ուժին կպատասխանենք ուժով: Մոտենում է Սահակաշվիլու՝ իբրեւ քաղաքական գործչի վերջը»,- հայտարարել է Գաչեչիլաձեն: Ըստ նրա, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի վերջին դեմարշը, որը հրաժարվեց մայիսի 21-ին կառավարող կուսակցության ընտրացուցակով քվեարկվելուց, ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունը փլուզվում է: «Սահակաշվիլին մնացել է միայնակ, նրան շրջապատում են միայն ստախոսները»,- պատկերավորել է Գաչեչիլաձեն:

Դժվար է ասել, թե որքանով են հիմնավորված վրաց ընդդիմության մեղադրանքները՝ կապված ընտրությունները հետաձգելու՝ իշխանության մտադրության հետ: Բայց որ վերջին օրերին աբխազական եւ հարավօսական «օջախներում» իրադրությունն իրոք լրջորեն սրվել է՝ լրացուցիչ ապացույցների կարիք չունի: Վրացական անօդաչու հետախուզական ինքնաթիռի մեծ աղմուկ հանած ոչնչացումից ու դրան հետեւած մնացյալ զարգացումներից (ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ եւ այլն) հետո վիճակը ոչ միայն չի մեղմանում, այլեւ տեղի են ունենում նոր՝ «պայթուցիկ» իրադարձություններ: Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թամար Կովզիրիձեն երեկ Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը կարգելափակի Ռուսաստանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն՝ այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չեղյալ չի համարել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ ուղղակի կապեր հաստատելու մասին վերջերս կայացրած որոշումը: «Սա վրացական կողմի նոր դիրքորոշումն է, որը բխում է նոր իրողություններից»,- հավելել է Կովզիրիձեն:

Իր հերթին, Վրաստանի վերաինտեգրացման հարցերով պետնախարար Թեմուրի Յակոբաշվիլին նախօրեին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի բացառում, որ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի առաջնորդների դեմ: «Այդպիսի պրակտիկա կա Ադրբեջանում եւ Մոլդովայում, եւ մենք այն հիմնավորապես կուսումնասիրենք»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930