Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվեց ՀՊՃՀ-ի 75-ամյակը

Ապրիլ 30,2008 00:00

Եվ գովեստներ հնչեցին բուհի հասցեին

Երեկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության գրասենյակում կայացած միջոցառումը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակին: Ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, «Սինոփսիս» ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ այլք: Ռ. Գոլդմանի խոսքերով՝ ՀՊՃՀ-ն Հայաստանի հայտնի բուհերից է, որտեղից «դուրս են եկել» մեծ թվով բարձրակարգ ինժեներներ, հայտնի քաղաքական գործիչներ. «Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք այս բուհի հետ: Ճարտարագիտական համալսարանը մեծ ապագա ունի Հայաստանի կայունության գործում, ինչի գիտակցումով էլ մեծ ներդրումներ ենք կատարել… Համագործակցությունը մեզ համար այս երկրում հաջողության հասնելու կարեւորագույն գործոններից է, Հայաստանի ինժեներների տաղանդը՝ հաջողության հասնելու բաղադրիչներից»:

Հ. Մուսայելյանի խոսքերով, «Սինոփսիսը» համագործակցում է աշխարհի 500 համալսարանների հետ, բայց ընկերության ղեկավարությունը ՀՊՃՀ-ի հետ համագործակցությունն է բացառիկ համարում՝ բովանդակությամբ ու նշանակությամբ. «Գաղտնիք չէ, որ պոլիտեխնիկցիները համալրել են երկրի տնտեսական ու քաղաքական էլիտան: Կարծում եմ՝ նրանց այս առաքելությունը դեռ երկար կշարունակվի»: Տ. Թորոսյանն էլ հավելեց. «Պոլիտեխնիկը մարդկանց տալիս է ոչ միայն պահանջված մասնագիտություն, այլեւ կարողություններ՝ կյանքի բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու համար»:

Ներսես Երիցյանը ողջունելով ՀՊՃՀ-ին, ասաց, որ բուհն այն կարեւոր օղակն ու կրթական գիտական հաստատությունն է, որի հետեւից առանց մտածելու կարելի է գնալ ու չսխալվել. «Մենք պետք է հասկանանք, թե որն է գիտելիք- տնտեսություն իրական արժեշղթան: Վերջին 7-8 ամիսների ուսումնասիրություններն ինձ գոնե հիմնավորել են, որ դա սկսվում է ծնողի՝ երեխային խաղալիք գնելու գործընթացից»:

Ըստ Լ. Մկրտչյանի, կրթական համակարգը այսօր պետք է փորձի իր աշխատանքը, կրթության որակը այն բարձր չափորոշիչներին համապատասխանեցնել, որոնք անհրաժեշտ են, որ երկիրը ունենա առաջիկայում: ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մարուխյանն էլ հայտնեց, որ երեկվանից մեկնարկել է բուհի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը. «Ուրախ եմ, որ միջոցառումների բացումը սկսվեց մեր գործընկեր «Սինոփսիս Արմենիայի» տարածքում: Սա վկայում է այն մասին, որ մեր համագործակցությունը իսկապես տվել է իր պտուղները: Պատվիրատու-համալսարան կապի այսպիսի առկայության պայմաններում հնարավորություն ենք ստացել լիարժեք օգտվել ինչպես տարածքային, այնպես էլ տեխնիկական հնարավորություններից: Մեր մի քանի դեպարտամենտների հենքի վրա ձեւավորվել է միջդեպարտամենտալ ամբիոն, որը գտնվում է այս ընկերության տարածքում: Համագործակցության արդյունքում արդեն ունենք երիտասարդ կադրեր, որոնք ավարտելով դեպարտամենտալ կառույցը, դասավանդում են համալսարանում: Սա եզակի երեւույթ է, որովհետեւ երիտասարդների հոսքը համալսարանական պրոֆեսորադասախոսական կազմ՝ մեզ չէր բավարարում: Բուհի ուսումնական պլանները դարձրել ենք արտերկրի սեփականություն: Մոսկովյան երկու բուհերում մեր ուսումնական պլաններով է ուսումնառություն կազմակերպվում, մեր դասախոսներն էլ այնտեղ դասավանդում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930