Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային հրկիզում են, հացադուլի են նստեցնում

Մայիս 31,2008 00:00

Սակայն մեր երկրում նման իրավախախտումների համար ծնողները սովորաբար չեն պատժվում

Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սակայն մեր երկրում երեխաների իրավունքները ոտնահարվում են թե՛ հասարակական տրանսպորտում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, անգամ ընտանիքում: Հայկական բազմաթիվ ընտանիքներում հաշվի չեն առնվում երեխայի ոչ ցանկությունները, ոչ նախասիրությունները, ոչ էլ իրավունքները: Շատ դեպքերում ծնողներն անում են այն, ինչ իրենք են հարմար գտնում:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մի շարք քաղաքացիներ իրենց ձայնը իշխանություններին հասցնելու համար ընտանիքով ցույցեր, ակցիաներ, հացադուլ են կազմակերպում, մինչեւ անգամ ինքնահրկիզման են դիմում եւ այդ ամենին մասնակից են դարձնում նաեւ իրենց անչափահաս երեխաներին՝ ոտնահարելով նրանց իրավունքները: Չնայած այդ բողոքի ակցիաները կազմակերպվում են պաշտոնյաների քթի տակ, բայց այսքան ժամանակ որեւէ մեկը չի դիմել համապատասխան մարմիններին՝ այդ անչափահասների իրավունքները պաշտպանելու համար: Ծնողն իրավունք չունի իր անչափահաս երեխային իր հետ հացադուլի նստեցնել կամ հրկիզել: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ մեր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ավագ մասնագետ Տաթեւիկ Դավթյանը. «Դա, իհարկե, երեխաների իրավունքների ոտնահարում է, եւ առաջին հերթին հենց այդ պաշտոնյաները պարտավոր են դիմել խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին: Իսկ հետագայում դատական կարգով կորոշվի՝ այդ ծնողներին զրկե՞լ ծնողական իրավունքներից, թե՞ ոչ»: Թեեւ գրասենյակը ոտնահարված իրավունքներով երեխաներից բողոքներ չի ստացել, բայդ դա չի նշանակում, որ մեր երկրում երեխաները պաշտպանված են: Ըստ Տ. Դավթյանի. «Այլ բան է, որ դա չի բացահայտվում, երեխաների իրավագիտակցությունն էլ բարձր չէ, որ իրենք դիմեն, այդպիսի ծնող չկա, որ իր տղային գոնե մեկ անգամ չծեծի: Իսկ արտերկրներում նման դեպքերում անչափահասը անմիջապես զանգում է 911: Երկրներ կան, որտեղ ընտանեկան հարաբերությունները զուտ օրենսդրորեն են կարգավորվում, իսկ մեզ մոտ նման հարցերը շատ դեպքերում լուծվում են բարոյական դաշտում»:

Տ. Դավթյանի խոսքերով՝ «Անգամ, եթե երեխային բռնի ուժով, ծեծելով մանկապարտեզ են տանում, հարազատները, հարեւանները, ով ցանկանա, կարող է դիմել համապատասխան մարմիներին, բայց, մենթալիտետից ելնելով, մեր երկրում նման բան չեն անում»:

ՀՀ ոստիկանությունից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ երեխաների՝ ծնողների կողմից բռնության ենթարկվելու մասին որեւէ մեկից բողոք չեն ստացել:

Մեր երկրում երեխաների իրավունքները նաեւ պետության կողմից են ոտնահարվում: Տ. Դավթյանի ներկայացմամբ. «Մեր գրասենյակի աշխատակցները վերջերս Դիլիջանում՝ երեխայի խնամքի եւ գիշերօթիկ դպրոց էին այցելել: Դա պետական հաստատություն է, որի շենքային պայմանները շատ վատ վիճակում են, հատկապես լվացքատունն ու խոհանոցը: Փաստորեն, պետությունը խախտում է երեխաների իրավունքները, քանի որ, ըստ օրենքի, յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Եվ եթե պետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ու չի կատարում, ուրեմն դա խախտում է»:

Երեխաների իրավունքների մասին «Առավոտը» զրուցեց նաեւ ՀՀ քաղաքացիների հետ: Նրանց որոշ մասը գտնում էր, որ երեխային ծեծելը դաստիարակության միջոց է: Խաչիկ Սարգսյանի խոսքերով՝ «Եթե երեխան չարություն է արել, բա ի՞նչ պիտի անես, պիտի մի հատ էլ ծեծես, թե չէ՝ խոսքով ոչ մի երեխա էլ չի հասկանա: Դե, ծնողը երեխային սիրելով է ծեծում, հո ծեծելը հավես չի՞ ծնողի համար»:

Մեզ հետ զրուցած մեկ այլ ծնող, որի երեխան ընդամենը 5 տարեկան է, ասաց. «Աղջիկս որ չի լսում՝ մի հատ տուտուզին խփում եմ, բայց չեմ ծեծում, իսկ տղաս այնքան չար է, որ առանց ծեծի չի լինի: Կարո՞ղ է մի հատ տուտուզին հասցնելու համար գնամ-նստեմ»:

Դեռահասներն էլ իրենց իրավունքները պաշտպանելու հարցում տեսակետ հայտնեցին: Մեզ հետ զրույցում դեռահաս երեխաները տեղյակ չէին, որ ծնողներն իրավունք չունեն իրենց բռնության ենթարկել: Երբ 14-ամյա Արայիկին ասացինք, որ նա ծնողների կողմից ծեծվելու դեպքում կարող է դիմել իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Կարող ա՞ ես գործ տվող եմ, որ հորս դեմ բողոքեմ: Հա թող ծեծի, ի՞նչ անենք, դաստիարակում ա, էլի: Մեկ ա, գլուխս էլ ջարդի՝ միլիցուն չեմ ասի»: Անչափահասներից մեկը տեղյակ էր, որ ծնողն իրավունք չունի բռնության ենթարկել իրեն, սակայն վստահեցրեց, որ ինքը երբեք չի դիմի իրավապահ մարմիններին. «Ամոթ է: Ես չեմ կարող ծնողիս դեմ բողոքել կամ ցուցմունք տալ: Ամբողջ աշխարհով կխայտառակվեմ: Ընկերներս հետս չեն խոսա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031