Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արդարադատության «սպեցիֆիկան»

Մայիս 31,2008 00:00

Ռուս սպային սպանողներն անպատիժ մնացին

Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքերի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը եւ Արտեմ Անդրեասյանը:

Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ: Հստակեցնելով կատարվածի հանգամանքները՝ նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության աշխատակիցներ Բալյանը եւ Անդրեասյանը Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում, տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մակարովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի եւ Դենիս Երմոլովները: Բռնության գործադրմամբ մեքենայից դուրս են բերվել Դենիսը եւ Անատոլին: Բալյանը բռունցքներով հարվածել է Դենիսին, իսկ Անդրեասյանը՝ ծեծել Անատոլիին:«Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը, նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական հրազենից 5 անգամ կրակել է մեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է Դիմիտրի Երմոլովին, ով ստացած վնասվածքից՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- արձանագրել էր նախաքննական մարմինը:

Ապացուցվել էր նաեւ, որ իրենց մոտ գտնվող զենքը մեղադրյալներն ապօրինաբար ձեռք էին բերել պահակատանը գտնվող մետաղյա պահարանից, որի փականը կոտրել էին: Փամփուշտները մինչ այդ Անդրեասյանը թաքցրել էր տարածքում:

Գ. Բալյանին մեղադրանք էր առաջադրվել «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու» (Քրօրի 104 հոդված), «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու» (117 հոդված) եւ «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու եւ կրելու» (235 հոդած) համար: Իսկ Ա. Անդրեասյանը մեղադրվեց Քրեական օրենսգրքի 118 («Ծեծը») եւ 235 («Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը եւ կրելը») հոդվածներով:

Սակայն ամիսներ անց՝ 2007 թ. դեկտեմբերի 29-ին, Գ. Բալյանին առաջադրված մեղադրանքը վերանայվեց՝ 104 հոդվածը փոխարինվեց 109-ով: Այսինքն՝ «սպանությունը» վերաորակվեց իբրեւ «անզգուշությամբ մահ պատճառել»: Արդյունքում՝ Բալյանին սպառնում էր ոչ թե 8-15 տարվա կամ ցմահ, այլ առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Նույն օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց 500 հազար դրամ գրավով: Գ. Բալյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Անդրեասյանն ազատության մեջ էր դեռ սեպտեմբերի 26-ից: Գլխավոր դատախազության քննիչի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել էր չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ:

Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2008 թ. փետրվարի 15-ին՝ դատավարության նախապատրաստական փուլում, ամբաստանյալները, արդեն լիովին ընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը, միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Այս միջնորդության դեմ ոչ ոք չի առարկել, նույնիսկ տուժող եւ տուժողի իրավահաջորդ Դենիս Երմոլովը (սպանվածի եղբայրն է- Ա. Դ.): Վերջինս հայտնել է, թե «պատճառված վնասն ամբաստանյալների կողմից վերականգնվել է»:

Արագացված քննությամբ դատարանը պարզել է, որ երբ դեպքի օրը ռուս սպաները նստել են ավտոմեքենան ու փորձել հեռանալ, «Արտեմ Անդրեասյանը վարորդի կողքին նստած ուղեւորի ձեռքին տեսել է նռնակի նմանվող իր: Ենթադրելով, որ այն նետելու է իր ուղղությամբ, այդ գործողությունը կանխելու նպատակով նա մեկ անգամ կրակել է օդ»: Իսկ ահա Գոռ Բալյանը, լսելով ընկերոջ արձակած կրակոցի ձայնը, կարծել է, «թե ավտոմեքենայի ուղեւորներն իրենց վրա են կրակում: Դիտավորություն չունենալով որեւէ մեկին վնաս պատճառել՝ նրանց վախեցնելու, վտանգը հեռացնելու նպատակով Բալյանը վերից վար 5 անգամ անկանոն կրակել է ընթացող ավտոմեքենայի ետեւից…»: Ուշագրավ է նաեւ այն, որ մեղադրյալները, որոնք անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ են, դատարանին ներկայացրել են բժիշկ Ֆ. Առաքելյանի կողմից նույն օրը տրված տեղեկանքներ: Ըստ դրանց՝ վերջիններս ֆիզիկապես վատառողջ են, տառապում են լուրջ հիվանդություններով, ինչի պատճառով էլ Գ. Բալյանը «բուժվում է ամբուլատոր պայմաններում», իսկ Ա. Անդրեասյանը «գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո»: Վճիռ կայացնելիս դատարանը սա համարել էր պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ:

2008 թ. մարտի 18-ին դատավոր Նելլի Գալստյանը Գ. Բալյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ նշանակվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան: Պայմանականորեն չի կիրառվել նաեւ Ա. Անդրեասյանի նկատմամբ սահմանված 1 տարվա ազատազրկումը: Այս դեպքում էլ դատարանը նշանակել է մեկամյա փորձաշրջան: Դ. Երմոլովի սպանությունից օրեր անց Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը հանդիպել էր նախաքննության մարմնին: Դեպքի առնչությամբ զրուցել էին նաեւ ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարները: Ելնելով գործի նկատմամբ Ռուսաստանի դրսեւորած նման ուշադրությունից՝ որոշ լրագրողներ կարծիք հայտնեցին, թե մեղադրյալները կարժանանան առավելագույն պատժի: Սակայն վերջիններս հաշվի չէին առել հայկական արդարադատության ֆենոմենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել