Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

Հունիս 28,2008 00:00

\"\"ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանին դատապարտելու իրական շարժառիթը նրա՝ ՀՀ առաջին նախագահին պաշտպանելն է:

2008թվականի փետրվարի 26-ին իրավապահները մտել էին ԵԿՄ վարչության՝ ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, 1990թ.-ին՝ Հատուկ գնդի վաշտի հրամանատար, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահովումը, ապա 1992-ին՝ նաեւ ՀՀ ռազմական ոստիկանության հիմնադիր պետ, ազգային անվտանգության հակահետախուզական վարչության պետի տեղակալ, զինկոմի պետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Հարությունյանի բնակարան: Վերջինիս տան խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել եւ առգրավել էին իր անվամբ ամրագրված, իրեն կառավարության կողմից նվեր տրված, ասել է թե՝ օրինական եւ անժամկետ օգտագործման՝ ոստիկանության կողմից տրված թույլտվությամբ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով: Առգրավվել էր նաեւ «Սայգա» տեսակի որսորդական հրացան՝ 30 հատ փամփուշտով՝ 7.62 մմ տրամաչափի, նաեւ տոզի՝ սպորտային (տիրի) 11 փամփուշտ: Բայց քանի որ հայտնաբերված զենքերը օրինական էին եղել, շեշտենք, որ Հովհ. Հարությունյանը որսորդմիության անդամ է, իրավապահներն անօրինական էին հայտարարել առգրավված զինամթերքը: Այն փորձաքննության ենթարկելուց հետո «պարզվել» էր, որ «Սայգա» տեսակի որսորդական հրացանի համար նախատեսված փամուշտները այդ տեսակի հրացանի համար, իբր, պիտանի չեն եւ անօրինական են պահվում: Ինչպես թերթերից մեկն էր նկատել, իշխանությունները համարել էին, որ արցախյան ազատամարտի առաջին օրվանից մինչեւ հրադադարը մասնակցած գնդապետը ուզում էր, ասենք՝ «իշխանությունը բռնությամբ զավթել» այնպիսի փամփուշտներով, որոնք հնարավոր չէր կրակել: Սա այն դեպքում, երբ Հովհ. Հարությունյանին պատկանող «Սայգա» տեսակի որսորդական հրացանը «թարսի» պես կրակում է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք համապատասխանում են նաեւ մարտական զենքերին: Իրավապահները չէին ներկայացրել որեւէ իրավական ակտ, ըստ որի, այդ փամփուշտները որսորդական զենքի համար կիրառելի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով: Գնդապետը կալանավորվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ապօրինի զենք-զինամթերք պահելը»: Հովհ. Հարությունյանին նախ դատապարտել էին 2, ապա ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ 1,5 տարվա ազատազրկման, առանց հաշվի առնելու նրա ունեցած վաստակը մեր պետության կայացման եւ արցախյան ազատամարտում տարած հաղթանակի հարցում:

Հովհ. Հարությունյանին ե՛ւ իրավապաշտպանները, ե՛ւ ընդդիմությունն ու առավել եւս նրա հարազատները համարում են այն քաղբանտարկյալներից մեկը, որին ազատ արձակելու պահանջը պարբերաբար հնչեցվում է՝ սկսած փետրվարի 24-26-ից: Իրավապահները մինչեւ փետրվարի 26-ն էլ քաջ իմացել են գնդապետի տանը եղած զենք-զինամթերքի առկայության մասին, որովհետեւ գրանցված եւ օրինական զենքերը, դրանց անվտանգ պահպանման պայմանները նրանց կողմից պարբերաբար ստուգվում են: Հովհ. Հարությունյանի պաշտպան Հովիկ Արսենյանի համոզմամբ, իր պաշտպանյալը իրավապահների թիրախ է դարձել բացառապես քաղաքական շարժառիթներով՝ իր դիրքորոշման, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհն ու ՀՀ նախագահական վերջին ընտրություններում նրա վստահված անձը լինելու պատճառով:

Պաշտպանի այս համոզմունքը հավելյալ անգամ փաստարկելու համար, թերեւս, արժե հիշեցնել, որ Հովհ. Հարությունյանի նկատմամբ իրավապահները «հատուկ վերաբերմունք» են ունեցել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից սկսած: Հիշեցնենք, որ դեռեւս 2007թ. նոյեմբերի 10-ին գնդապետը «հրավիրվել» էր ոստիկանության Արաբկիրի բաժին՝ պետի մոտ «զրուցելու» պատճառաբանությամբ, բայց մի քանի ժամ ոստիկանության բաժնում պահելու արանքում տարել էին նարկոլոգիական դիսպանսեր՝ փարատելու ոստիկանների կասկածները, թե՝ գուցե գնդապետը թմրամոլ է: Դեռ այն ժամանակ՝ նոյեմբերին, «Առավոտի» հետ զրույցում Հովհ. Հարությունյանն ասել էր, որ իրեն վախեցնել հնարավոր չէ, եւ ինքը ոստիկանության համար եւ նրանց կողմից «մշակման» հարմար «հումք» չէ: Ավելի ուշ՝ արդեն ընտրությունների փուլում, գնդապետը դարձել էր Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը, իսկ ապրիլի 1-ին արդեն ազատազրկման վայրում գտնվելով՝ միացել էր հացադուլ հայտարարած այն տասնյակ քաղբանտարկյալներին, ովքեր պահանջում էին «անվավեր ճանաչել 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, անկախ միջազգային հետաքննություն սկսել՝ մարտի 1-ի արյունոտ ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել երկրով մեկ մոլեգնող քաղաքական հետապնդումները, ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի եւ ժողովրդավարական մյուս ազատությունները»: Իշխանությունները, թերեւս, հենց այդ չէին ներել ազատամարտիկին եւ հե՛նց դրա համար պատժելու նպատակով էին, որ 1,5 տարով ազատազրկման դատապարտվող գնդապետին դատարան էին տարել ցուցադրաբար նրա ոտքերը շղթայած եւ 5-6 ավտոմատավորի ուղեկցությամբ՝ իբր, նրա կամքը կոտրելու համար:

Հովհ. Հարությունյանի պաշտպաններից մեկը՝ Վարդան Զուռնաչյանը, երեկ «Առավոտին» փոխանցեց, որ իրենք արդեն դիմել են Վճռաբեկ դատարան՝ գնդապետի՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 1,5 տարի ազատազրկման որոշումը բողոքարկելու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30