Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների եւ ահաբեկիչների միջեւ կապեր են լինում»

Հունիս 28,2008 00:00

\"\"Փաստեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն եւ հավաստիացրեց, որ Հայաստան-ՆԱՏՕ

համագործակցությունը չի վտանգի Ռուսաստանին:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար, հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն երեկ ԵՊՀ-ում հանդիպեց ժուռնալիստիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին: Ժ. Ֆ. Բյուրոն նախ դասախոսություն կարդաց ուսանողերի համար, հետո պատասխանեց նրանց հարցերին: «Մյուս տարվանից, երբ կլրանա ՆԱՏՕ-ի 60-ամյակը՝ կթեւակոխենք գործունեության նոր փուլ: Սառը պատերազմի ավարտից հետո ի հայտ են եկել նոր վտանգներ՝ կիբեր-հարձակումները, զանգվածային նոր զենքի տարածումը, էներգետիկ պաշարի նվազումը: Այս նոր սպառնալիքները չունեն սահմաններ»,- դասախոսության ժամանակ մտահոգություն հայտնեց Բյուրոն եւ հավելեց,- «Մենք գիտակցում ենք, որ այս խնդիրների լուծումը կարելի է գտնել միայն համագործակցության միջոցով»: «Առավոտը» ՆԱՏՕ-ի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե՝ իր բնորոշմամբ «առանց սահմանների այս սպառնալիքների ժամանակաշրջանում» ո՞րն է ԶԼՄ-ների դերը եւ որքանո՞վ են դրանք նպաստում սպառնալիքների կանխարգելմանը: «Երբեմն ԶԼՄ-ները, տեղեկատվություն փոխանցելով, կարծես աշխատում են ի շահ չարիքի: Ահաբեկիչները ակնկալում են ազդեցություն ունենալ հենց ԶԼՄ-ների վրա, իրենց գործողություններով հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նույնիսկ որոշ դեպքերում ահաբեկիչների եւ լրագրողների միջեւ ինչ-ինչ կապեր գոյություն ունեն: Սակայն կան նաեւ լրագրողներ, որոնք կարողանում են ճիշտ ներկայացնել ահաբեկիչների գործողությունների հիմնական նպատակը՝ հասարակության կյանքն ավելի անվտանգ դարձնելով»,- հնչեց պատասխանը: Մեկ այլ հարցի՝ ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Հայաստան-Ռուսաստան օրըստօրե ջերմացող հարաբերությունների նկատմամբ, Ժ. Ֆ. Բյուրոն պատասխանեց. «ՆԱՏՕ-ի եւ նրա անդամ երկրների հարաբերությունները տարաբնույթ են: ՆԱՏՕ-ում կա հատուկ խորհուրդ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով: Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերում մենք համամիտ ենք Ռուսաստանի հետ եւ որ մեր հարաբերությունները սահուն են ընթանում: Հատկապես վերջերս Ռուսաստանի հետ ինչ-ինչ տարաձայնություններ այդպես էլ առանց լուծման մնացին: Սակայն համագործակցում ենք թմրանյութերի տարածման կանխարգելման առումով եւ այլ հարցերի կտրվածքով: ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն իրենց հարաբերությունները շարունակում են ի շահ երկու կողմերի: Սակայն վստահորեն կարող եմ ասել, որ այդ գործակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար: Հայաստանն ինքն է կատարում իր ընտրությունը եւ ՆԱՏՕ-ն Հայաստանին ընդունում է՝ որպես ինքնիշխան անկախ երկիր»:

Ուսանողուհիներից մեկը նկատեց, որ խաղաղապահները, որոնք կոչված են կայունություն հաստատելու, հաճախ իրենք են բռնություններ կիրառում բնակչության նկատմամբ: «ՆԱՏՕ-ի գործողություններն ուղղված են 2 ուղղությամբ՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում: Եվ սերբերը, եւ ալբանացիները, եւ Կոսովոյի բնակչությունը նկատում են Կոսովոյում տեղակայված զորախմբի դերն ու մեծ օժանդակությունը: Մեր գործողություններն առաջին հերթին հիմնվում են պատերազմի օրենքների վրա եւ խաղաղապահ գործողություններն իրականացվում են՝ ըստ սահմանված կանոնների: Դրանց կատարումը հսկում է Կարմիր խաչը, կա նաեւ միջազգային դատարան, որտեղ փոխանցվում են զինծառայողների կողմից բնակչության վրա կիրառված բռնությունների գործերը: Զինծառայողները գիտեն, որ որոշակի դեպքերում կարող են պատասխանատվության ենթարկվել»,- պատասխանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: Մեկ այլ ուսանող հարցրեց, թե ի՞նչ դերակատարություն կարող է ՆԱՏՕ-ն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների առումով: «ՆԱՏՕ-ն ողջունում է ցանկացած քայլ, որ կբերի հարաբերությունների մերձեցմանը»,- հնչեց պատասխանը:

 Հ. Գ. Երեւանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի www.natoinfo.am կայքի շնորհանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել