Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ «ԿԱՆՆ» ԷԼ ՀԱՍԱՆՔ

Հուլիս 31,2008 00:00

\"\"Երիտասարդ կինոբեմադրիչ Արման Թադեւոսյանի «Փոխակերպումներ» ֆիլմը ներկայացվեց հեղինակավոր կինոփառատոնին:

Կաննի միջազգային կինոփառատոնը, որը կինոարվեստի ոլորտում ամենահեղինակավորներից մեկն է, անպայմանորեն ունեցել է հայազգի մասնակիցներ՝ ի դեմս ճանաչված կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանի, Անրի Վերնոյի, Ատոմ Էգոյանի, սակայն Հայաստանը որպես ինքնուրույն կինեմատոգրաֆ ունեցող երկիր, երբեւէ չէր մասնակցել այդ փառատոնին եւ չէր ներկայացրել ստեղծագործական այն խմորումները, որոնք տեղի են ունենում հայկական կինոյում:

2008թ. Կաննի 61-րդ փառատոնին (մայիսի 14-25) Հայաստանն առաջին անգամ ներկայացավ որպես էքսպերիմենտալ-սիրողական կինո ունեցող երկիր եւ ներկայացուցիչը գյումրեցի երիտասարդ գեղանկարիչ եւ կինոբեմադրիչ Արման Թադեւոսյանն էր: Վերջինիս հաջողվեց այս ներկայացուցչական փառատոնին մասնակցել Գյումրիում անցկացված բիենալեի միջազգային փառատոնի համադրողների եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շնորհիվ:

«Առավոտի» հետ զրույցում Ա. Թադեւոսյանը հայտնեց, որ Կաննում ներկայացված հեղինակային իր ֆիլմը կոչվում է «Փոխակերպումներ». «Ֆիլմը ընդգրկվեց նաեւ Կաննի փառատոնի «Հայաստանյան ակումբում», որը բացվել է վերջերս: Ֆիլմիս շնորհիվ Կաննում համախմբվեցին հայազգի կինոբեմադրիչները, որոնք Ատոմ Էգոյանի ղեկավարությամբ «Հայկական ակումբ» հրավիրեցին Կաննի փառատոնի մասնակից կինոգործիչներին: Ուրախալի էր, որ ֆիլմի ցուցադրությունից հետո ծավալվեց հետաքրքիր խոսակցություն նաեւ ժամանակակից հայկական կինոյի զարգացման խնդիրների շուրջ»: Մեր զրուցակիցը փաստեց, որ Կաննի փառատոնը յուրատեսակ ճանապարհ է դեպի համաշխարհային կինո եւ իրավացիորեն այն համարվում է էլիտար կինոփառատոն. «Որովհետեւ այստեղ չեն մասնակցում կոմերցիոն ֆիլմեր»: Նշենք, որ այս համատեքստում Արմանի մասնակցությունը կինոփառատոնին՝ դառնում է նշանակալից, որովհետեւ նա ներկայացնում է նոր կինոմտածողություն եւ արտահայտչականություն, ինչը եւ հիշյալ կինոփառատոնի գլխավոր չափորոշիչներից է: Հետաքրքրությանը, թե «Փոխակերպումները» ժյուրիի կողմից որեւէ ուշադրության չարժանացա՞վ, կինոռեժիսորը տեղեկացրեց, որ փառատոնին ներկայացրած յուրաքանչյուր 30 րոպեանոց ֆիլմ պարզապես ապահովում է տվյալ երկրի ներկայացուցչի մասնակցությունը այդ միջոցառմանը, հետեւաբար մրցանակի մասին խոսք լինել չի կարող. «Նման «խրոնոմետրաժ» ունեցող ֆիլմերը պատկերացում են ստեղծում ներկայացվող երկրի էքսպերիմենտալ կինոյում տեղի ունեցող շարժի մասին»:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ պրոֆեսիոնալ հայկական գեղարվեստախաղարկային կինոն համառորեն չի մասնակցում Կաննի փառատոնին, Արմանի խոսքերով՝ «հավանաբար այն պատճառով, որ Ազգային կինոկենտրոնը դեռեւս համապատասխան գործ չունի ներկայացնելու»: Իր ֆիլմի մասով էլ մեր զրուցակիցն ասաց, որ իր ներկայությունը կինոփառատոնին եղել է անձնական նախաձեռնությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ առաջին հայի մասնակցությունը կինոփառատոնին՝ ճանապարհ բացի մեր մյուս, այդ թվում՝ պրոֆեսիոնալ կինոգործիչների համար, Ա. Թադեւոսյանն ասաց. «Կոնկրետ պատասխան տալ չեմ կարող, բայց կփաստեմ, որ, չգիտես ինչու, մեր կինոգործիչներից շատերը կարծես բարդույթավորված են եւ ինչ-ինչ պատճառներով պարզապես չեն ցանկանում մասնակցել միջազգային կինոֆորումներին, ինչի ապացույցը, օրինակ, վերջերս ավարտված «Ոսկե ծիրանն» է, որտեղ հայկական խաղարկային կինոն քիչ էր ներկայացված: Պետք է մշակվի կինոզարգացման ազգային ծրագիր: Հայաստանի վարչապետն էլ պաշտոնավարման առաջին օրերին հայտարարեց, որ պիտի դառնանք տարածաշրջանային մշակութային կենտրոն, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ կինոյի լեզուն ամենաընդունելին ու ամենամատչելին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031