Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնային օգոստոս

Հուլիս 31,2008 00:00

Մշակույթի նախարարությունում երեկ հրավիրված ասուլիսը վերաբերում էր մշակութային երեք միջոցառման: Առաջինը Ավստրիայի Գրաց քաղաքում հուլիսի 9-19-ը անցկացված Համաշխարհային երգչախմբային հինգերորդ խաղերն էին, որին փառատոնի կազմակերպիչ «Մուզիկա-Մունդի» հրավերով մասնակցել է Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը: «Տարոնը» 8 փոքրիկ երգիչների կազմով՝ ֆոլկ ազգային երգարվեստում, կիսաեզրափակիչում վաստակել է «Ոսկե դիպլոմ», իսկ եզրափակիչում՝ բրոնզե մեդալ: «Տարոնի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էր 87 երկրների 400 երգչախումբ: Նա նաեւ նշեց, որ «Տարոնն» ազգային երգացանկով հանդես է եկել Գրացի կենտրոնական հրապարակում: Գ. Չաքմանյանը նշեց. «Շատ ուրախ էինք, որովհետեւ մեզ բուռն ծափահարում էր օտարը, հնչում էին «բրավոներ»: Ուրախալի էր նաեւ այն փաստը, որ Գրացի փոքրաթիվ հայ համայնքը, եռագույնները ձեռքներին, բացականչում էին՝ Հայաստան, Արմենիա, ինչն ավելի էր ոգեւորում երեխաներին»:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ հայտնեց, որ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կայանալու է մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որն անցկացվում է մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ: Փառատոնի գործադիր տնօրեն Ժ. Դադասյանի փոխանցմամբ, մասնակցության հայտ է ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող 9 թատրոն՝ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, որոնք ցուցադրելու են ոչ միայն բեմական, այլեւ փողոցային ներկայացումներ ու կրակե շոուներ:

Մյուս միջոցառումն էլ օգոստոսի 17-23-ը անցկացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնն էր, որի լրատվության պատասխանատու Սամվել Դանիելյանը հայտնեց, որ ստացվել է մասնակցության 16 հայտ՝ Մերձավոր Արեւելքի երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Հունգարիայից, Հոլանդիայից եւ այլն: «Փառատոնը կամրջում է Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Ընդգրկված են հետեւյալ ժանրերը՝ պարարվեստ, երաժշտարվեստ, կերպարվեստ, թատերարվեստ… միջոցառման օրերին Երեւանում եւ մարզերում ականատեսը կդառնանք արտերկրում ստեղծագործող մեր հայրենակիցների արվեստին: Այս տարի շատ են հայտերը դասական երաժշտության ոլորտում»,- հավելեց Ս. Դանիելյանը:

«Սռավոտի» հարցին՝ մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո ստեղծված անկայուն վիճակն արդյոք չի՞ ազդել փառատոնի մասնակիցների թվի վրա, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Սկզբում կար այդպիսի մտավախություն, սակայն մեր հայրենակիցների՝ փառատոնի հանդեպ ունեցած հետաքրքրությունը փաստեց, որ նախագիծը Սփյուռքում իսկապես պահանջարկ ունի»:

Մշակույթի նախարարության արվեստի բաժնի պետ Կարո Վարդանյանն էլ շեշտեց. «Բացարձակապես չի ազդել: Դրսում շատ լավ գիտեն, որ այստեղ վտանգ չի սպառնում իրենց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել