Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ

Օգոստոս 30,2008 00:00

\"\"«Ժառանգության» պատգամավորներին արգելելով մտնել դիահերձարան՝ տեղիք տվեցին լուրերի, թե մարտի 1-ի զոհերն իրականում ավելի շատ էին:

Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում անդրադառնալով այն փաստին, որ պատգամավորներին արգելել էին մտնել դիահերձարան՝ ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանն ասաց. «Մեր մոտ եկել էին ժամը 7-ին՝ երեկոյան, շատ բիրտ կերպով վիրավորելով մեր փորձագետներին: Շպրտել են թուղթը դեմքներին, թե մեզ պետք է թողեք մտնենք դիահերձարան»: Մանրամասնեց, թե ինչ փաստաթուղթ է եղել. «Մենք՝ օգտվելով, չեմ իմանում էս-էս-էս իրավունքներից՝ պարտավոր եք դուք բացեք դիահերձարանը, տեսնենք՝ ինչքան դիակ ունեք: Մենք չենք թողել: Մեր բաժնի վարիչը, եւ էդ օրվա հերթապահը չի թողել եւ շատ ճի՛շտ է արել: Ժամը 7-ին, երբ դիահերձարան ոչ մեկը չի մտնում՝ ԱԺ պատգամավորը ի՞նչ գործ ունի՝ գա էդտեղ մտնի: Եթե բան էր պետք՝ դիահերձելու համար, արդյունքները՝ կարելի էր գալ, ներկայանալ, եւ նրանց մենք կթողեինք դիահերձմանը: Կասեինք՝ ինչքան էլ դիակ կա»:

Շոթա Վարդանյանի հետագա խոսքից կասկած առաջացավ, որ թերեւս հենց ինքն էլ արգելել է «Ժառանգության» պատգամավորների մուտքը: Պատմեց. «Մեզ մոտ 38 հատ դիակ կա, 48 հատ դիակ կա», եւ ըստ նրա՝ այդ օրը եղել են նաեւ ուղղակի հանկարծամահ եղած մարդիկ: Ինքն էլ արգելել է, քանի որ տեսնելով կաթվածից մահացած 50-ամյա մարդուն՝ գրանցելու էին իբրեւ մարտի 1-ի զոհ:

Մարտի 3-ին դիահերձարան էին այցելել «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը: Վերջինս մեզ պատմեց, որ իրականում ոչ թե ժամը 19-ին են այցելել, այլ ավելի շուտ՝ 18-ին. «Շոթա Վարդանյանի ներկայացրածը բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք մոտեցանք դիահերձարանի ցանկապատին՝ շատ մեղմ եկան բացելու: Բայց երբ տեսան մեզ, ճանաչեցին՝ անհապաղ փախան: Հետո մոտեցան արդեն 6-7 հոգով: Դե, երեւի պատկերացնում եք, չէ՞, որ ես, Լարիսա Ալավերդյանն ու Զարուհի Փոստանջյանը ահաբեկել ենք դիակների հետ գործ ունեցող 6-7 տղամարդու: Մեր կողմից անգամ ձայնի տոնի որեւէ խախտում չի եղել: Մեզ ասել են, թե չի կարելի, ընդհանրապես չեն թողնում, որ ներս մտնենք: Եվ սա կամայական տարբերակով, քանի որ հարցնում էինք, թե ո՞րն է հիմքը, պատասխանում էին՝ հիմք չկա, մենք ուղղակի չենք թողնում: Ոչ մի խոսք չի եղել, թե ժամն ուշ է: Մենք նույնիսկ խնդրել ենք, որ վերցնեն մեր դիմումը, որպեսզի հաջորդ առավոտյան փոխանցեն ղեկավարությանը: Նրանք հրաժարվել են նաեւ այդ թուղթը վերցնելուց, որտեղ խնդրել էինք, որ մեզ թույլ տան մտնել դիահերձարան եւ տեսնել զոհերի դիակները»: Շոթա Վարդանյանի այն պատճառաբանությունը, թե զգուշացել են, որ այլ դիակներ տեսնելով՝ նրանց էլ կհամարեին մարտի 1-ին սպանված՝ Վարդան Խաչատրյանի համար անհամոզիչ էր. «Ի՞նչ է, չէի՞ն կարող բացատրել, որ դրանք մարդիկ են, որոնք վախճանվել են, ասենք, ավտովթարից կամ կաթվա՞ծ ստացել: Չեմ կարծում, թե նման խնդիր կա»: Զարուհի Փոստանջյանին եւս այդ միջադեպը եւ հետագա զարգացումները տեղիք են տվել կասկածների, թե ակնհայտորեն ինչ-որ բան են թաքցրել. «Ես դրանից հետո գրավոր դիմել եւ խնդրել եմ տեղեկատվություն: Այն մերժվել է՝ ասել են, կարող եք դիմել հատուկ քննչական ծառայությանը: Դրանից հետո դիմել եմ առողջապահության նախարարին, խնդրել եմ տեղեկատվություն տրամադրել այն մատյաններից, որտեղ գրառվում են դիակներ բերելու եւ դուրս գրելու մասին տվյալները: Ինձ մերժել են՝ պատճառաբանելով, թե դա բժշկական գաղտնիք է: Նույն պատասխանը ստացել եմ նաեւ արդարադատության նախարարից՝ վարչապետին ուղղված իմ պատգամավորական հարցադրմանն ի պատասխան: Մինչդեռ բժշկական գաղտնիքը վերաբերում է կենդանի մարդու բուժմանը, եւ ոչ այս տվյալներին»:

Շոթա Վարդանյանը երեկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ ավելի բազմախոս էր: Եվ կտրականապես հերքեց, թե զոհերի թիվն ավելին է եղել. «Մենք չենք կարող դիակը թաքցնել ինչ-որ տեղ, որ հետո նրա հուղարկավորությունը չլինի, 7-ը, ինքնահողը եւ այլն»: Եվ պարզվեց, որ ԵԽ փորձագետներին, որոնք պնդել են 38 դիակների մասին՝ ցուցադրվել են այդ «բժշկական գաղտնիք» գրանցամատյանները:

Շոթա Վարդանյանի պատասխաններով հաստատվեց, որ հակասություններ կան մարտի 1-ին վիրավորվածների թվի վերաբերյալ տվյալներում: Ոստիկանությունն այս հանձնաժողովին պաշտոնապես հայտնել էր, թե մարտի 1-ի առավոտյան ունեցել են 41 վիրավոր: Իսկ Շոթա Վարդանյանը պնդեց իրենց դատաբժշկական փորձաքննությունների որոշումներով գրանցված տվյալները՝ 24 վիրավոր ոստիկան: Եվ անգամ ենթադրությանն ի պատասխան, թե գուցե իրենք որոշ քերծվածքներ չե՞ն գնահատել՝ ասաց. «Հակառակը՝ մեր մոտ յուրաքանչյուր ճանկռվածք ֆիքսվում է»: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտնեց, թե հիմք են ընդունելու իր թվերը. «Միայն դատաբժշկական եզրակացությունների համաձայն կարող է փաստվել, որ այ այսքան ոստիկաններ վիրավորվել են: Կներեք՝ այս հարցում ոստիկանությունը կողմ է, եւ կարող է ասել, թե վիրավորների թիվը հասնում է 100-ի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031