Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԴԻՄԵԼ

Օգոստոս 30,2008 00:00

Օգոստոսյան տաք նամակները

«Առավոտի» իրավական բաժինը օգոստոսին ստացել է 29 նամակ: Նամակագիրները հիմնականում դատապարտյալներ էին, դատախազությունից, դատարաններից ու ոստիկաններից տուժածներ, ՀՀ մարզերի բնակիչներ:

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ խնդրում են «իրենց ձայնը հասցնել հասարակությանը»: Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՀՀ նախագահին կից անկախ հանձնաժողովի «անօրինական գործունեության դեմ»: Դատապարտյալները նկարագրում են, թե ինչպես է ընթանում պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը: «Չունենք կարգապահական տույժեր՝ ենթարկվել ենք հիմնարկի կարգ ու կանոնին: Հակառակ դեպքում՝ հիմնարկի վարչակազմը դրական բնութագիր մեզ չէր ներկայացնի»,- անկախ հանձնաժողովին գրում են նրանք: Հանձնաժողովն, ըստ դատապարտյալ նամակագիրների, հաշվի չառնելով իրենց անձը, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը, «դատապարտյալի ուղղվելն ու չուղղվելը», իրենց հետ մեկ րոպե տեւողությամբ զրույցի ընթացքում մերժում է դիմումները: Նամակագիրներից շատերը հայտարարել են հացադուլ, սակայն, ըստ նրանց, ՔԿՀ-ի ներկայացուցչի խոստումներից հետո հացադուլից հրաժարվել են: «Իրենց «հավանությունը» չտալով՝ զրկում են մեզ հասարակությունից, մեր ընտանիքներից: Մեր մեջ կան դատապարտյալներ, որոնք պատրաստ են դիմել դեսպանատներ՝ քաղաքացիություն եւ ապաստան խնդրելու նպատակով, քանի որ մեր հանրապետությունում օրենքները չեն գործում»,- հավելում են նրանք:

«Առավոտի» մեկ այլ «կոլեկտիվ» նամակի հեղինակներն էլ Արմավիրի մարզի բնակիչներն են: Անստորագիր այս նամակի գլխավոր հերոսը մարզի դատարանի նախագահն է՝ Հրաչիկ Սարգսյանը: Չնայած նամակագիրները հետգրությամբ նշում են. «Չենք կարող նշել մեր ինքնությունը, որովհետեւ մտավախություն ունենք արժանանալու մեր ազատությունների ու իրավունքների սահմանափակմանը», բայց մենք էլ պետք է նշենք, որ «Առավոտին» հասցեագրված ցանկացած անստորագիր նամակ մնացել ու մնալու է ուշադրությունից դուրս:

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչ Գեորգի Առաքելյանը կաթված է ստացել: Նա նամակներ է ուղարկել ինչպես մեր թերթին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մարզպետարանին: Ըստ նամակագրի, իրեն պատկանող հողատարածքի ճանապարհը փակված է: Չնայած գյուղապետարանը հավատացրել է, որ նրա հողատարածքի դիմացի ճանապարհը կբացվի՝ «տարածքի հարեւան Արսեն Հակոբյանի երրորդ խոտհարքից հետո»:

«Առավոտին» են դիմել ՌԴ Ռոստով քաղաքի բնակիչներ Սիլվա, Ալետա, Արաքսյա, Սուսաննա Այվազյանները: Նրանք անդրադառնում են Լոռու մարզի Օձուն գյուղում ոստիկանների կողմից գնդակահարված իրենց եղբոր՝ Սեյրան Այվազյանի գործին: Վերջինս, ըստ հարազատների, տառապել է շիզոֆրենիայով, սպանվել է հայրական տան մեջ: Ըստ նրանց, եղբայրը դեպքի օրը՝ 2006թ. մարտի 6-ին, գնացել է բրինձ գնելու եւ վեճի մեջ է մտել վաճառողուհու հետ: Ու կրկնվում է «Մի կաթիլ մեղրի» պատմությունը: Սեյրանը տուն է գալիս ու փակվում: Ոստիկանները շրջափակում են տունը, Ալավերդու ոստիկանապետի գլխավորությամբ մտնում ներս եւ 16-18 գնդակ արձակում նրա վրա։ Հարազատները ըմբոստանում են այն տեղեկատվությունից, թե իբր եղբայրը մահացել է ճանապարհին: Նրանք ոստիկաններին քրեական պատասխանատվության կանչելու հարց են բարձրացնում, սակայն գործը կարճվել է: Հարազատները համաձայն չեն հետմահու շրջանառվող այն վարկածի հետ, թե եղբայրը փորձել է սպանել համագյուղացիներին ու ոստիկանության տեսուչին: «Առավոտ» էին ուղարկվել ինչպես քրեական գործ հարուցելու, այնպես էլ այն կարճելու որոշումները, մահվան վկայականն ու հիվանդության պատմությունը: «Ինչ նպատակ է հետապնդել մեր տունը շրջափակելն ու բարբարոս սպանության պահերը տեսագրելը»,- հարցնում են տուժողի իրավահաջորդները:

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներն առաջ են քաշել գյուղի հիվանդանոցի անվանակոչության հարցը: Նրանք առաջարկում են անվանակոչել հայազգի առաջին գեներալի՝ նույն գյուղի բնակիչ Ստեփան Քալանթարյանի անունով: Կրթյալ գեներալը պաշտպանել է դիսերտացիա՝ ենթաստամոքսային հյուսվածքների ախտաբանական անատոմիայի գծով: Լեւոն Օրբելու հետ միասին դասախոսություններ կարդացել Պետերբուրգի բժշկական ինստիտուտում: Այգեհովիտցիները հպարտությամբ տեղեկացնում են, որ Քալանթարյանը պարգեւատրվել է Սվյատոսլավի 2-րդ, 3-րդ, Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով:

Գավառի բնակիչ Գեւորգ Մարդպետունու նամակը «Մականունավորների քաղաքականություն» վերնագիրն ունի: «Գավառի սեկտան գողական մասով վերահսկում են Պալն ու ոմն Թեւոս: Թեւոսի զույգը Գավառում «Դամա Արմենն է», ով ձգտում է «սեկտան» ամուր իր ձեռքերում պահել»,- գրում է նամակագիրը: Ըստ նրա, «Սեռական դեմոկրատիայի» ժամանակաշրջանում վտանգավոր է մականունավորների քաղաքականությունը, հատկապես մարզերում, «քաղաքական» հարթակից «քրեական» իջեցնելը:

Եվ, վերջապես, մեր ուշադրությանն արժանացած նամակը, ոը ստացել ենք Գյումրիի Դուդկոյի փողոցի 1ա տան բնակիչ Վաշինգտոն Քիշմիրյանից: «Բազմահատոր» նամակում պարոն Վաշինգտոնն անդրադառնում է իր բարեգործական օբյեկտից կատարված գողությանը: Ըստ նրա, հունիսի 12-ին գողացվել է 5 մլն 447 570 դրամ: Ոստիկանապետն, ըստ նամակագրի, ստել է, երբ տարածել է, թե վերադարձվել է գողոնը: «Իմ օրինական պահանջն է պատժել ոստիկաններին, որոնք գտել են հանցագործներին, որոնց հովանու ներքո գողերն արդեն ՌԴ-ում են, այն դեպքում, երբ ՌԴ-ում բարեգործ ընտանիքը (Քիշմիրյանները) հայերի համար այս պահին կառուցում է մանկապարտեզ»,- ասում է նամակագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել