Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եք ասում՝ «հորս արեւ»

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Ֆրանսիացի Լյուք Կոմպանյոնը՝ Հայաստանի ու հայերի մասին

Լյուք Կոմպանյոնը Հայաստան է եկել Ֆրանսիայից: Ութ ամիս կամավոր սկզբունքներով աշխատել է Հայաստանում: Նրան այստեղ ընդունող կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնությունն է: Եվ, ըստ ֆրանսիական մի կազմակերպության հետ պայմանագրի, երիտասարդի առաքելությունը ֆրանսերենի դասավանդումն է մանկատներում եւ տարբեր խմբակներում:

Լյուքը ֆրանսերենի դասընթացներ է անցկացրել նաեւ «Զատիկ» մանկատանը. «Այնտեղ ժամանակ առ ժամանակ ընկերներիս հետ երաժշտական երեկոներ ենք կազմակերպել, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաեւ մանկատան սաները»: Նա իր ընկերների հետ միջոցառումներ է կազմակերպել նաեւ Գյումրիի, Դիլիջանի, Վանաձորի մանկատներում: Ֆրանսիացի երիտասարդի համոզմամբ, մեր մանկատները գտնվում են բարվոք վիճակում, եւ բնակիչները ապրում են նորմալ, քաղաքակիրթ պայմաններում. «Ինչո՞ւ են ձեր լրագրողներն ամեն ինչ բարդացնում… Գրում են, թե մանկատներում երեխաները շատ տխուր են: Ախր այդ ամենն ազդում է նաեւ մանկատների բնակիչների հոգեբանության վրա»:

Լյուքն արդեն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում եւ, չնչին բացառություններով, Հայաստանից հեռանում է գոհունակությամբ:

«Հայաստանցի երիտասարդները պետք է ընդունեն, որ մենք կարող ենք լինել տարբեր: Եվ դա չպետք է պատճառ հանդիսանա մեր եւ իրենց միջեւ պատ դնելու, տարբերակելու: Նույնիսկ փողոցում օտարերկրացուն ուշադիր նայում, ծիծաղում են… Ենթադրում եմ, որ էստեղի երիտասարդները քիչ են ճանապարհորդում եւ սովոր չեն արտասահմանցիներ տեսնելուն, ու այդ վերաբերմունքը դրանից է գալիս: Ես հարմարվել եմ այդ ամենին, սակայն լավ կլիներ՝ փոխեին իրենց վերաբերմունքն օտարերկրացիների հանդեպ»,- ցանկություն հայտնեց կամավորը: Սակայն դա չի խանգարել նրան լավ ընկերներ ձեռք բերել, որոնք «հիմնականում ազատ մտածելակերպի տեր, այսպես ասած՝ «ջակի-ջուկի» երեխեք են»:

Ութ ամիսների ընթացքում Լյուքը եղել է նաեւ բազմաթիվ տեսարժան վայրերում, ուսումնասիրել է մեր մշակույթը, պատմությունը, ինչն էլ համարում է մեր առանձնահատկությունն ու հարստությունը: Հայերի վերաբերմունքը մեր մշակույթի, հատկապես եկեղեցու վերաբերյալ՝ զարմացրել էր Լյուքին. «Չնայած Հայաստանում նշվում են բոլոր եկեղեցական տոները, սակայն մարդկանց վերաբերմունքը եկեղեցու հանդեպ ինձ համար անսպասելի էր: Մարդիկ եկեղեցում իրենց պահում են ինչպես փողոցում. խոսում են միմյանց հետ բջջայինով…»: Լյուքը նաեւ հայերեն խոսեց. «Կկարոտեմ Ղարաբաղի, Դիլիջանի բնությունը, հայկական խորովածը, թանը, մածունը, մեկ էլ միշտ կհիշեմ «հորս արեւ», որ շատ եք ասում: Մի մարդ գիտեմ, որ ամեն բառից հետո ասում ա «հորս արեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել