Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Սեպտեմբեր 27,2008 00:00

Յուրաքանչյուր մարզասեր սպորտի, հատկապես՝ հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին լիարժեք ու մանրամասն տեղեկատվություն ստանալու իրավունք ունի:

Տեղեկատվությունը տարածում են ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն, էլեկտրոնային լրատվական գործակալությունները: Ինֆորմացիայի օպերատիվ տարածման առումով վերջիններն անվիճելի առավելություն ունեն տպագիր մամուլի նկատմամբ, որը տվյալ օրը տեղի ունեցածն ընթերցողներին կարող է հասցնել լավագույն դեպքում հաջորդ օրը: Դրա համար էլ այդ բացը լրացվում է մանրամասներով, որոնք տեղ չեն գտել ռադիոյի եւ հեռուստատեսության լուրերի թողարկումներում:

Ժամանակին սպորտի պետական կառույցը տպագրում եւ մարզական լրագրողներին բաժանում էր տարվա միջոցառումների հաստատված պլանը: Եվ ամեն մի լրագրող նախապես գիտեր, թե ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է լինելու: Կար նաեւ երկրորդ տարբերակը. կամ ամեն օր զանգում էինք նախարարության եւ օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայություն, կամ շաբաթն առնվազն մի քանի անգամ անձամբ էինք գնում այնտեղ: Այլ խնդիր էր, թե ո՞ր լրատվամիջոցը ո՞ր միջոցառմանն էր գերադասում անդրադառնալ:

Հիմա շատ բան է փոխվել: Սպորտի պետական կառույցի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի պարտականությունները հստակ տարանջատվել են: Արմատապես փոխվել է նաեւ մարզական ֆեդերացիաների գործունեության սկզբունքը: Այժմ մարզաձեւի գլխավոր պատասխանատուները ֆեդերացիաներն են, որոնք տնօրինում են թե կազմակերպական աշխատանքները, թե պետական բյուջեից իրենց հատկացված գումարները: Հետեւաբար, առաջին հերթին հենց ֆեդերացիաներն էլ պարտավոր են ապահովել լրատվության տարածումը: Եթե առաջ հետաքրքրող ինֆորմացիան ստանալու համար դիմում էինք նախարարության եւ օլիմպիական կոմիտեի, ըստ էության՝ միասնական լրատվական ծառայություն, հիմա դա էլ չկա (դրանք առանձնացել են): Այնտեղ ցույց են տալիս ֆեդերացիաների տեղը: Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որ լրագրողները մեկ արդյունք, ծրագրված հավաքի, մրցման անցկացման վայր, ժամկետ եւ էլի հազար ու մի հարց ճշտելու համար ստիպված են անընդհատ զանգել (քաղաքային, իսկ ավելի հաճախ՝ բջջային հեռախոսահամարներով) մի քանի տասնյակի հասնող ֆեդերացիաներ, մարզական ընկերություններ, կազմակերպություններ, մարզադպրոցներ: Ու միշտ չէ, որ իրենց հետաքրքրող հարցերի ճշգրիտ պատասխանը ստանում են: Որպեսզի տեղեկատվական մրցակցությունում գործընկերներից ետ չմնաս, պետք է նաեւ անձնական կապեր հաստատես ֆեդերացիաների ղեկավարների, մարզիչների (հատկապես՝ ազգային հավաքականների) հետ կամ ոլորտում ունենաս քո մարդը: Իսկ վերջինի պարագայում տրամադրվող լուրի հավաստիությունը երաշխավորված չի կարող լինել:

Կարեւորագույն խնդիրներից է նաեւ դրսում անցկացվող մրցումներում մեր մարզիկների մասնակցության մասին արագ տեղեկատվություն ստանալը: Ճիշտ է, այսօր կա ինտերնետ, սակայն դրա ծառայություններից դեռ բոլորը չէ, որ ի վիճակի են օգտվել (սա լավ օրից չէ): Այս հարցն «Առավոտը» ժամանակին մի քանի անգամ բարձրացրել է: Երբ մարզիչներին հարցնում ենք, նույնիսկ այն դեպքում, երբ մերոնք հաղթել կամ մրցանակակիր են դարձել, թե ինչո՞ւ որեւէ ձեւով արագ տեղյակ չեն պահում, ասենք, նախարարության կամ օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայություններին, որպեսզի լրատվամիջոցներն էլ Հայաստանում դրանց անհամբեր սպասող մարզասերներին իրազեկեն, տրտնջում են, թե զանգելու միջոց չունեն: Բայց ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ղեկավարությանը վայրկյան առաջ զեկուցելու համար գումար միշտ էլ գտնվում է:

Շատ ու հաճախ ենք զրուցել ֆեդերացիաների ղեկավարների հետ՝ առաջարկելով մի հոգու աշխատանքի վերցնել կամ պայմանագրով համագործակցել՝ նրա վրա դնելով ինֆորմացիայի տարածման պարտականությունները: Պատասխանը նույնն է. «Գումար չկա»: Բայց այդպես չեն մտածում ֆուտբոլի ֆեդերացիայում, որի լրատվական ծառայությունն ամեն օր պարտաճանաչ կերպով իր կայքում տեղադրում եւ էլեկտրոնային փոստով բոլոր լրատվամիջոցներին տեղեկացնում է ֆեդերացիայում կատարվածի, կատարվողի եւ կատարվելիքի մասին: Վերջերս այդ աշխատաոճն է որդեգրել նաեւ բասկետբոլի ֆեդերացիան:

Մի կարեւոր խնդիր էլ: Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցների միջեւ խտրականություն է դրվում: Կան յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցներ: Առաջիններին արտոնություններ են տրված: Նրանք մուտք ու ելք ունեն ամեն տեղ, կարող են առանց դժվարությունների էքսկլյուզիվ հարցազրույցներ վարել մարզական այս կամ այն ղեկավարի հետ, անկախ այն բանից, թե տվյալ մարզական երեւույթին ի՞նչ չափով են տիրապետում կամ անդրադարձել: Իսկ մյուսները, որոնք՝ սկսած նախապատրաստական փուլից մինչեւ մրցման ավարտը, պարբերաբար մանրամասն լուսաբանել են, զրկվում են պաշտոնատար անձանց հարցեր տալու եւ թեման ամփոփելու հնարավորությունից:

Ինֆորմացիան աշխարհում ամենաթանկ ապրանքն է, անկախ նրանից՝ գովաբանակա՞ն է, թե՞ քննադատական: Մարզական լրագրողի առաքելությունը ճիշտ ու հավաստի տեղեկատվություն տարածելն է: Եթե արժանի է գովասանքի՝ գովում ենք, իսկ եթե բացթողումներ կամ վրիպումներ կան, դրանք էլ պետք է վեր հանել, ինչն ավելի շատ մարզական չինովնիկներին ու գործիչներին է հարկավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930