Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 30,2008 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 27-ին «Ուրբաթ» ակումբում գաղտնազերծել է նախորդ օրը Հովիկ Աբրահամյանի հետ շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես, մարտի 1-ի գործերով մեղադրվող անձանց նկատմամբ հնարավոր համաներում հայտարարելու մասին հարցի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե գտնում է, որ բոլորին պետք է ներում շնորհվի: Ըստ «ՆՏ»-ի՝ նա հայտնել է նաեւ, որ որքանով ինքը տեղյակ է՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը պատրաստել է համաներման նյութերը եւ պետք է ներկայացնի ՀՀ նախագահին, սակայն համաներման բովանդակության եւ ժամկետների մասին որեւէ տեղեկություն չունի:

Զարուհի Փոստանջյանն այս ասուլիսում նաեւ ասել է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ 23 կետից բաղկացած հարցադրումներ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատգամավորը, մասնավորապես, խնդրել է ներկայացնել մարտի 1-ի վաղ առավոտյան եւ ցերեկը ոստիկանության իրականացրած միջոցառումների վերաբերյալ որոշումը, եթե այդպիսին կա: Խնդրել է նաեւ տրամադրել Ազատության հրապարակն ազատելու մասին ցուցարարներին ուղղված կոչի տեսաձայնագրությունը:

Զարուհի Փոստանջյանը խնդրել է պատասխանել, թե մարտի 1-2-ին սպանված եւ վիրավորված անձանց իրավահաջորդներին ՀՀ կառավարությունն ի՞նչ բարոյական, նյութական աջակցության, փոխհատուցման գործողություններ է կատարել: Պատգամավորը կառավարության ղեկավարի աջակցությունն է հայցել նաեւ մարտի 1-ից առայսօր դիահերձարաններում վարվող գրավոր մատյանների կամ այլ գրավոր փաստաթղթերի պատճենները ստանալու հարցում: Խնդրել է պատասխանել՝ «ո՞ր օրենքի հիման վրա են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները ներգրավվել ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած գործառույթների մեջ Երեւան քաղաքում եւ ինչպե՞ս էր կոչվում նրանց ծառայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել