Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկներն էլ պակաս «առեւտրական» չեն

Սեպտեմբեր 30,2008 00:00

\"\"Արհեստական աճեցրած մարգարիտները հնդիկ առեւտրականները ներկայացնում էին որպես «Հնդկական օվկիանոսի սրտից» հանած:

Անցած շաբաթ-կիրակին կառավարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 20-ին մեկնարկած հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի վերջին օրերն էին:

Մարդկանց հոսքն այնքան մեծ էր, որ մոտ 20 մետր երկարությամբ ու 5 մետր լայնությամբ «հայկական» հերթ էր գոյացել: Նույնիսկ անդադար եկող անձրեւն ու ցուրտ եղանակը չէին խանգարում, որպեսզի մարդիկ ժամերով հերթ կանգնեն:

Բոլորն, իհարկե, եկել էին էժան եւ որակով հնդկական ապրանք գնելու հույսով: Սակայն նրանք, ովքեր արդեն գնումներ էին կատարել եւ դուրս էին գալիս, հերթում կանգնածներին հայտնում էին, որ առանձնապես հույսեր չփայփայեն, քանի որ «դրանք ժամանակին մեծ համբավ վայելող ապրանքները չեն»: Այդուհանդերձ, հերթ կանգնածները չէին հուսալքվում եւ յուրաքանչյուրը ցանկանում էր անձամբ տեսնել ու համոզվել: Ցուցահանդեսի հիմնական այցելուները տատիկ-պապիկներ էին, որոնք ժամանակին քաջ ծանոթ էին հնդկական ապրանքի որակին ու համբավին:

Հնդիկներն էլ իրենց հերթին բավականին զարմացած էին հայերի ակտիվությունից: Մոտ 50 րոպե կանգնելուց հետո՝ մեզ վերջապես հաջողվեց ներս մտնել: Առաջին հայացքից աչքի էին ընկնում հնդկական ապրանքների գունագեղությունն ու բազմազանությունը: Թեեւ դահլիճում տոթ էր եւ կտորեղենի ներկերի ու սննդի հոտն էլ միախառնվել էին՝ ծանրացնելով օդը, սակայն մարդիկ այնքան էին տարված առեւտրով, որ նման անհարմարությունները հաշվի չէին առնում: Իր ապրանքատեսակներն էր ներկայացրել հնդկական մոտ 20 ընկերություն: Ամենաթանկ ապրանքները բնական քարերից պատրաստված արծաթյա արդուզարդերն էին: «Առավոտի» հետ զրույցում արծաթյա զարդեր վաճառող մի հնդիկ երիտասադ, որը չցանկացավ ներկայանալ, բոլորովին գոհ չէր իր առեւտրից. «Ճիշտ է, հայերը շատ են հետաքրքրվում, նույնիսկ իրենց հիացմունքը չեն թաքցնում, բայց նաեւ մի տեսակ դժգոհում են՝ իբր թանկ է: Պետք է ասեմ, որ մենք թանկ չենք վաճառում, քանի որ այլ երկրներ էլ ենք գնացել եւ ավելի թանկ ենք վաճառել: Երեւում է՝ հայերն ավելի շատ ոսկի են սիրում: Ես այստեղ նկատեցի, որ շատերը ոսկեղեն են կրում, բայց ես հաճախորդներին բացատրում եմ, որ ամեն քար իր իմաստն ու ուժն ունի: Բայց դա նրանց չի հետաքրքրում»: Հայուհիներին առանձնապես չէին գրավում նաեւ հնդկական տարազներն ու հագուստները, ավելի շատ ուշադրություն են դարձնում քաշմիրե եւ բրդյա կանացի թիկնոցների, շիֆոնե գլխաշորերի եւ այլ պարագաների վրա: Այցելուներից ոմանք դժգոհում էին ապրանքների բարձր գներից ու սկսում էին հնդիկների հետ սակարկել ու ապրանքի գին գցել: Բայց պարզվում է՝ հնդիկները հայերից էլ ճարպիկ առեւտրականներ են. նկատեցինք, որ նրանցից մեկը, դատելով գնորդի արտաքինից, բնական քարերով նույն վզնոցը մի հայ տիկնոջ վաճառեց 45 հազար դրամով, սակայն քիչ անց մեկ ուրիշին՝ 20 հազար դրամով: Բացի այդ, հնդիկները հաճախորդներին հավատացնում էին, որ իրենց մարգարիտները Հնդկական օվկիանոսից են հանված, եւ այն գնորդները, որոնք բնական քարերից գլուխ չէին հանում՝ հեշտությամբ համոզվում էին եւ գնում, իսկ թանկարժեք քարերից փոքր-ինչ հասկացողներին հնդիկները խոստովանում էին, որ դրանք սովորական ջրերում աճեցրած մարգարիտներ են եւ ապրանքի գինը ստիպված էժանացնում էին:

Շատ այցելուներ ցուցահանդես էին եկել հատկապես հնդկական թեյեր ու համեմունքներ գնելու: Չնայած սրահում առեւտուրը եռում էր, սակայն հնդիկներն այնքան էլ գոհ չէին, որոշ հնդիկ առեւտրականներ մեզ հետ զրույցում ասացին, որ մեծ քանակությամբ ապրանք չի սպառվել եւ ստիպված պետք է հետ տանեն:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցը, որը նույնպես գերադասեց իր անունը չհրապարակել, վստահեցրեց, որ հնդիկները բավականին մեծ ծավալի ապրանք են սպառել եւ նմանատիպ ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի նաեւ եկող տարվա մարտ ամսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930