Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԱԾ ԵՆ»

Սեպտեմբեր 30,2008 00:00

Ըստ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովի, երկու երկրները լավ են համագործակցում

«Հայաստան եւ Բուլղարիա. անցյալը, ներկան, ապագան». այսպես է կոչվում երեկ ԵՊՀ-ում մեկնարկած հայ-բուլղարական երկօրյա գիտաժողովը: Վերջին շրջանում ԵՊՀ-ն պայմանագրեր է կնքել Բուլղարիայի 2 համալսարանների հետ, իսկ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն 3 տարի է՝ ուսումնասիրվում է բուլղարերենը: Երեկվա գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը: «Առավոտը» նրան խնդրեց նշել հայ-բուլղարական հարաբերությունների «պլյուսներն» ու «մինուսները»: Դեսպանը, սակայն, «մինուսներ» չգտավ. «Հայ-բուլղարական հարաբերություններն այնքան խորը պատմական հիմքեր ունեն, որ ոչ ոք չգիտե, թե այդ հարաբերությունները երբ են հաստատվել: Մեր հարաբերություններն այնքան լավ են, որ ցանկացած բնագավառում համագործակցության բոլոր հնարավոր պայմանագրերն արդեն ստորագրված են»:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ արդեն հայերեն է թարգմանվել բուլղարական ժողովրդական էպոսը: Երեկվա գիտաժողովին զեկույցներով հանդես եկան եւ հայ, եւ բուլղարացի մասնագետները: Օրինակ՝ Սուրբ Կլեմենտ Օրչիդսկու անվան Սոֆիայի պետական համալսարանի դասախոս Անտուանետա Անգելովան, որի զեկուցման թեման էր «Հայ-բուլղարական դարավոր հարաբերությունները», «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ես զբաղվում եմ նաեւ հայ նոր գրականությամբ: Այդ ոլորտն ինձ հետաքրքրում է, քանի որ Բուլղարիայում խորհրդային միության փլուզումից հետո այդ առումով ինֆորմացիայի պակաս գրանցվեց: Հատկապես սիրում եմ Րաֆֆիին, Թումանյանին, հետաքրքրվում եմ նաեւ հայ պատմագրությամբ, հայոց լեզվով, բայց քանի որ երկու տարի ԵԽ-ում անգլերենի թարգմանիչ եմ աշխատել, մի քիչ մոռացել եմ հայերենը»: Սոֆիայի համալսարանում դասավանդվում է հայ գրականություն, հայոց լեզու, պատմություն, լեզվաբանություն: Սոֆիայի համալսարանի ուսանողներից Նաստյան, որը 3 տարի ուսումնասիրում է հայերեն, «Առավոտի» հետ զրույցում ամաչեց հայերեն արտահայտվել. «Հայերեն խոսելիս վախենում եմ սխալներ թույլ տալ: Բայց շատ եմ հետաքրքրված հայ մշակույթով: Հայերեն սովորելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն հնագույն եւ հարուստ լեզու է, եւ ունի բարդ քերականություն»:

ԵՊՀ դասախոս Աշոտ Հայրունու զեկույցը վերաբերում էր 1896-1900 թթ. հայերի կոտորածներից հետո Բուլղարիայում ապաստան գտած հայ փախստականներին: Նա «Առավոտին» մանրամասնեց. «Բուլղարական քաղաքներից Փիլիպոպոլուսում, Շումլայում եւ այլուր այդ տարիներին հանգրվանել էր շուրջ 15 հազար հայ, որոնք Արեւմտյան Հայաստանից գաղթելով՝ կարողացել էին փրկել միայն իրենց կյանքը: Քանի որ բուլղարական կառավարությունը սոցիալական լուրջ խնդիրներ ուներ, հայերին նյութական աջակցություն չէր կարողանում ցուցաբերել եւ միայն անմարդաբնակ դարձած բարաքանման տեղեր էր տրամադրում՝ գիշերելու համար: Սկզբում հայերին օգնեց Կոստանդնուպոլսի աստվածաշնչային ընկերությունը, որը 2-3 ամսում լուծարվեց: Հայերին մեծապես օգնել է Յոհաննես Լեփսիուսի ստեղծած «Գերմանական առաքելություն Արեւելքում» ընկերությունը: Նա ե՛ւ Արեւմտյան Հայաստանում, ե՛ւ Բուլղարիայում որբանոցների, արհեստանոցների, ֆաբրիկաների ցանց բացեց հայերի համար: Լեփսիուսը դեմ էր փող բաժանելու սկզբունքին, այն մարդկանց բարոյալքում էր համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել