Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես աջակցել առաջատար բուհերում սովորողներին

Սեպտեմբեր 30,2008 00:00

Հայեցակարգն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է աշխարհի առաջատար բուհերում եւ գիտական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու խնդրին: Այժմ այդ ծրագրի հայեցակարգը ներկայացված է կառավարության հաստատմանը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի համակարգող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հունիսի 20-ին այդ թեմայով կայացած խորհրդակցությունն արմատական նշանակություն է ունեցել, որովհետեւ ծրագիրն էապես ընդարձակվել է, եւ հստակեցվել են որոշ կետեր. «Եթե նախկինում ենթադրում էինք միայն ուսանողական կրթաթոշակներ եռաստիճան մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա, ապա այս խորհրդակցության ընթացքում ամրագրված սկզբունքներով հաստատվում է, որ օժանդակության ենթակա են հետկրթական ժամանակահատվածը, ինչպես նաեւ ավագ դպրոցները, այսինքն՝ բուհեր ընդունվելու նախապատրաստական շրջանը»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայեցակարգում ավելացել են նոր բաղադրիչներ: Ըստ նրա, ֆինանսական աջակցության տեսակետից մտցված է ասիմետրիայի սկզբունքը՝ ՀՀ քաղաքացիներին տրվելու է ամբողջական ֆինանսավորում՝ կրթավճար, կացարան, ճանապարհածախս եւ այլն, իսկ սփյուռքահայերին կտրվի միայն մասնակի օգնություն՝ Հայաստան գալու, մեր երկրի գիտական շրջանակների հետ համագործակցելու, ինչպես նաեւ ուսումնառության վայրում հայկական միջոցառումներ կազմակերպելու համար: Ավագ դպրոցի օժանդակության ծրագրով ենթադրվում է օժանդակություն ցուցաբերել ՀՀ-ի, Արցախի ու Ջավախքի, ինչպես նաեւ ավելի հեռավոր սփյուռքի աշակերտներին: «Այստեղ շատ խնդիրներ կան, մասնավորապես այն, որ մեր դպրոցների տված ատեստատը չի ընդունվում մի շարք առաջատար բուհերի կողմից, ուստի անհրաժեշտ են մի շարք ծրագրեր»,- նկատեց Ա. Իշխանյանը, հավելելով, որ մարզերում հենակետային դպրոցների միջոցով պիտի կատարվի աշխատանքը առավել օժտված երեխաների հետ, իսկ նրանց հայտնաբերումը՝ հարկ է, որ արվի միջազգային թեստերով, միջազգային կազմակերպությունների կողմից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի շրջանցել մեր հասարակությանը բնորոշ այլասերումները: Դառնալով հետկրթական ժամանակաշրջանին, Ա. Իշխանյանը որոշ կետեր առանձնացրեց՝ կրթաթոշակը ստացած ուսանողների վերադարձի հարցը հանրապետություն, ինտեգրվելը հանրապետության տնտեսական կյանքում, մշակույթում եւ այլն: «Սրան է միտված ներկա հայեցակարգի մի հատվածը… այս պահին որդեգրված սկզբունքը կառուցված է երկու մրցույթների անցկացման վրա: Առաջինը աշխատատեղերի մրցույթն է, որը պիտի կազմակերպվի հետեւյալ կերպ. ծրագիրն իրականացնող լիազոր հիմնադրամը պիտի հարցում կատարի, հայտարարություն տա եւ հավաքի, թե ինչպիսի աշխատատեղեր են պահանջվում այս կամ այն գերատեսչությունում, բուհում, մասնավոր կազմակերպությունում, ինչպիսի պայմաններ եւ աշխատանք են առաջարկում, ու ընտրվեն լավագույն առաջարկները: Ապա պիտի հայտարարվի երկրորդ մրցույթը՝ այս անգամ ուսանողների շրջանում, նախորդ մրցույթով առաջադրված թափուր տեղերը լրացնելու համար»,- ներկայացրեց Ա. Իշխանյանը,- հաջորդ ենթաբաղադրիչը, որը վերաբերում է հետկրթական ժամանակահատվածին՝ գիտության երիտասարդ առաջնորդների, երիտասարդ գիտական խմբերի ձեւավորման հարցն է: Դրանք միջազգային գրանտային կազմակերպությունների կողմից որդեգրված՝ տասնամյակներով ստուգված մեխանիզմներ են, որոնց կիրառությանն առայսօր խանգարում է միայն ֆինանսների ու բարի կամքի բացակայությունը: Լիազոր հիմնադրամը պիտի պարզապես ֆինանսներ ապահովի, իսկ Գիտության պետական կոմիտեն իրականացնի երիտասարդ գիտնականների համար երկու տիպի գրանտներ, որոնցից մեկը՝ միտված գիտության երիտասարդ առաջնորդների ձեւավորմանը (գիտական խումբը կարող է բաղկացած լինել հասուն գիտնականներից, բայց առաջնորդը պիտի լինի երիտասարդ), իսկ երկրորդի դեպքում խմբի ղեկավարը կարող է լինել հասուն, կայացած գիտնական, բայց խումբը՝ բաղկացած երիտասարդներից: Ենթադրվում է, որ ծրագիրն իրականացնող հիմնադրամի միջոցները կգոյանան ինչպես պետական բյուջեի հատկացումներից, այնպես էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից եւ այլ միջոցներից»:

Աշխարհի առաջատար բուհերում ուսանելու համար սփյուռքահայերին ուսանողական կրթաթոշակներ հատկացնելու դեպքում պարտադիր է, որ նրանք տարեկան մեկ-երկու անգամ 20-30 օրով այցելեն Հայաստան: Այդ այցելությունների ընթացքում նրանք պիտի մասնակցեն դասական ամառային դպրոցների սխեմայով անցկացվող պարապմունքներին, տեղեկացվեն մեր երկրի բանակի, տնտեսության, կրթահամակարգի վիճակի եւ այլնի մասին ու, որպեսզի կրթաթոշակը շարունակվի, անպայման քննություն հանձնեն 3 առարկայից՝ հայոց լեզու, հայոց պատմություն, հայ ժողովրդի մշակույթ եւ արվեստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել