Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավագանին նշանակովի՞ է

Հոկտեմբեր 31,2008 00:00

Գյումրեցիների կարծիքով, ավագանու «ընտրությունները» վարկաբեկեցին ողջ ընտրական գործընթացը:

Օրեր առաջ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավագանու նորընտիր կազմի մասին խոսելիս ասաց. «Ճիշտն ասած, ես հլը չգիտեմ ովքեր են ընտրվել, չգիտեմ էդ մարդկանց ունակությունները, քաղաքի նկատմամբ սերը, ինչի՞ համար են ընտրվել՝ անձնականի՞ համար, թե՞ ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել, ընդհանուր առմամբ ես երբեք չեմ թողել, որ մեկը, որ ընտրված լինի անձնականի համար եւ գիտենա, որ պիտի գա էս քաղաքապետարան, ինքը օգուտներ պիտի ունենա եւ կարողանա չգիտեմ ինչեր անել, նմանատիպ ձեւով եթե ուզենան աշխատել, իհարկե՝ ինձ հետ չեն կարող աշխատել»: Սակայն քաղաքապետի այս տեսակետը չեն կիսում այն մարդիկ, որոնց չի հաջողվել ավագանու անդամ դառնալ: Նրանք վստահ են, որ Գյումրիում ավագանու անդամները ոչ թե ընտրվեցին, այլ մի ժամվա մեջ նշանակվեցին: Այդ համոզմունքի հիմքն այն է, որ իրենցից շատերը զրոյական ձայներ են հավաքել սեփական թաղամասերում, եւ սա, ըստ նրանց, միանշանակ կապված է իրենց ձայները «թռցնելու» հետ:

Օրերս Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում զավեշտալի մի դեպք էր արձանագրվել. Սլաբոդկայի բնակիչներից մեկը, որը քվեարկության էր մասնակցել ամենասկանդալային ընտրատեղամասում՝ 34/24–ում, ներկայացել էր հանձնաժողով ու իր «գողացված» ձայներն էր հետ պահանջել: Բնակչի պնդելով, իր ողջ ընտանիքը քվեարկել է ընկերոջ տղայի օգտին, սակայն վերջինս, չգիտես ինչպես, զրո ձայն է հավաքել: Կասկածելի է նաեւ քաղաքում մեծ ճանաչում ու շրջապատ ունեցող ԱԺՄ-ական Վահան Թումասյանի հավաքած ձայների թիվը՝ 1126:

Ավագանու անձնակազմը երիտասարդացել է. անդամ են դարձել «լավ» պապաների տղաներն ու փեսաները, օրինակ, ցանկում առաջին տեղը «Չուլոչնու Ռոյի»՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Զաքարյանի որդին է՝ Հովիկ Զաքարյանը՝ 2625 ձայնով, 4-րդ տեղում Արմեն Բադեյանն է՝ «Մագի» ռեստորանային համալիրի տիրոջ տղան, 8-րդ տեղում մեծահարուստ Անդրանիկ Խաչատրյանն է՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսան, 14-րդ տեղում՝ «Տեքստիլի Հունանի»՝ «Տեքստիլ» գործարանի սեփականատիրոջ՝ Հունան Ավետիսյանի որդին է՝ Էդգարը, մնացած տեղերը զբաղեցնում են ավագանու հին, այսպես ասած, «ստաժավոր» անդամները, որոնցից գյումրեցիները թեեւ հոգնել են, սակայն այդպես էլ չկարողացան ազատվել: Ստացվում է, որ այն մտավորականները՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի մի քանի դասախոս, դպրոցի տնօրեններ ու փոխտնօրեններ, հայտնի հաշվապահներ, որոնք միանշանակ ավելի բարձր են իրենց հասկացողությամբ ու կրթական ցենզով, այս քաղաքում տեղ չունեն, համայնքին վերաբերող հարցերում էլ միջամտելու ոչ մի իրավունք չունեն:

Այս ամենը ավագանու չանցած որոշ թեկնածուներ ինչ-որ տեղ վերագրում են Ընտրական օրենսգրքի սխալ դրույթին: «Ի՞նչ է նշանակում սկզբում հաշվել ու հրապարակել համայնքապետի ընտրությունների արդյունքները, հետո՝ ավագանու անդամներինը. չէ՞ որ ավագանին համայնքում ավելի մեծ դերակատարություն ունի: Ամբողջ «խալտուրան» սկսվում է հենց այստեղից: Լսելով հաղթած համայնքապետի անունը՝ հանձնաժողովը միանգամից «դուխ» է առնում ու նրա խոսքերին է ենթարկվում: Դրանից հետո անմիջապես սկսում են «անցնել» այն ավագանու անդամության թեկնածուները, որոնց քաղաքապետը «դաբրո» է տալիս, ավելի ճիշտ՝ նշանակում է: Իհարկե, դեմոկրատիա խաղալու համար մեկ-երկու բացառություններ լինում են: Ո՞վ չգիտի, որ պարտված համայնքապետի թեկնածուի վստահված անձինք, լսելով պարտության գույժը, թողնում-հեռանում են, որից հետո հանձնաժողովն ավելի ազատ է զգում ու ավագանի դարձնում է նրան, ում որ նորընտիր համայնքապետը հարկ է համարում, եւ դրանից հետո ինչ արդյունք ուզում՝ ստանում են: Բոլորն էլ գիտեն, որ Գյումրիում ավագանու 52 թեկնածուներից քչերը վստահված անձինք ունեին, այնպես որ, մեր ասած մեխանիզմը այստեղ հանգիստ գործում է: Մի խոսքով, ավագանիների կազմը ավելի վարկաբեկեց ընտրական գործընթացը, քան քաղաքապետինը»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանու չընտրված թեկնածուներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031