Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատում են՝ դասերի հաշվին

Հոկտեմբեր 31,2008 00:00

2002-2008թթ. ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են «Անչափահասների աշխատանքը ՀՀ-ում» եւ «Հայաստանում աշակերտների՝ դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ» ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ զեկույցների շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, ՄԱԿ-ի գրասենյակում: «Այսօր կրթական բարեփոխումները ցույց են տալիս, որ դպրոց հաճախող երեխաների թիվը տարեցտարի նվազում է: Դա հատկապես նշմարելի է բարձր դասարաններում: Պատճառները ֆակուլտատիվ, ռեպետիտորական պարապմունքներն են, եւ ամենացավոտ կողմը՝ աշխատանքը, այսինքն՝ սոցիալական խնդիրները, մինչդեռ դպրոցներում ուսուցիչները պահանջում են պարտադիր հաճախում»,- ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշեց. «Այսօր ներկայացված ուսումնասիրությունները կրթության որակի բարձրացմանն են նաեւ վերաբերում: Բնական է, դասից բացակայող երեխան հնարավորություն չի ունենա ստանալ համապատասխան գիտելիք: Ուսումնասիրությունները մեզ կտան կոնկրետ տվյալներ, տեղեկություններ աշխատող երեխաների մասին: Լուծելով վերը նշված երեխաների սոցիալական խնդիրները, մենք արդեն հնարավորություն կունենանք նրանց ուղղակիորեն պարտադրել հաճախել դպրոց»:

Ըստ ուսումնասիրությունների՝ 2002-2005թթ. աշակերտների՝ դպրոցից դուրս մնալու ցուցանիշները կտրուկ աճել են՝ տարեկան 250%-ի չափով: «Եթե 2002-2003 թթ. դպրոցից դուրս մնացող երեխաների թվաքանակը կազմում է 1531, 2004-2005-ին այն հասնում է 7630-ի: Ի դեպ, դպրոցից առավելապես բացակայում են բարձր դասարանցիները»,- ներկայացրեց Կրթության ազգային ինստիտուտի տեղական համադասող Սերոբ Խաչատրյանը: «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ավելացրեց, որ 7-18 տարեկան (18-ը չլրացած) երեխաների 6,1%-ը ներգրավված է տարբեր աշխատանքներում՝ ավտոլվացումից սկսած, վերջացրած շինարարությամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց. «Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է, բայց, ինչպես տվյալներն են ցույց տալիս, հարցազրույց անցած աշխատող երեխաների 30%-ի տարիքը 14-ից ցածր է»:

Վերջում ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լ. Մոշիրին ավելացրեց. «Ներկայումս ընթացող կրթական բարեփոխումները պետք է ապահովեն, որպեսզի կրթական համակարգը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի, եւ նրանք, ովքեր որեւէ պատճառով դուրս են մնում ուսման գործընթացից, կարողանան հեշտորեն վերաինտեգրվեն կրթական համակարգին»: Նարինե Հովհաննիսյանը Լ. Մոշիրիին հուսադրեց. «Ավագ դպրոցների հիմնումը կնպաստի համակարգում առկա խնդիրները վերացնելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031