Լրահոս
Օրվա լրահոսը

Առօրյա պատմություններ

Նոյեմբեր 29,2008 00:00

Հատված «Հեռավոր զանգերի կանչը» գրքից

Հիշողության դեղնամութ շղարշների մեջ օրորվում է մի երկաթուղային վագոն։ Ռելսերի վրա չէ, կայարանի պահեստային գծից տեղափոխել են ավան, դարձրել բուֆետ-խորովածանոց։ Աղասին՝ ալկոհոլից աչքերի տակ առաջացած կապտավուն բծերով, չորուկ-մորուկ մի մարդ, բուֆետապանն է։ Ժամը յոթից հետո կանայք ու երեխաները չեն անցնում վագոնի մոտով, այնտեղ սկսված է լինում ջարդվող բաժակների, լկտի հայհոյանքների, շրջվող սեղանների ու պրկված բռունցքների դրաման։ Այրումցիներ չեն, բանտերում ու գաղութներում միմյանց ծանոթացած, Լենինականից մինչեւ Մառնեուլ երկաթուղագծի տարբեր հատվածներում բնակվող մարդիկ են, որ հաճախակի հավաքվում են այստեղ՝ հին գաղտնիքներ պարզելու, հին վեճեր շարունակելու։ Բուֆետապանն անզոր է նրանց կամայականությունների դեմ, ավելին՝ կարծես թե գոհ է այդ մութ ու մռայլ մարդկանց այցելություններից, թեեւ ամեն անգամ, նրանց գնալուց հետո, ստիպված է լինում հանգամանորեն վերանորոգել խորովածանոցի ներքին կահավորանքը։ Միլիցիայի տեղամասային տեսուչը խաղաղաբարո մարդ է. չի սիրում խառնվել աղմկալի գործերի, եւ Աղոյի վագոնում խրախճանող մարդիկ, որոնց բանտային կեղծանունները սարսափելի ազդեցությամբ իշխում են Լենինականից մինչեւ Մառնեուլի, իրենց տիրակալության Այրում փոքրիկ հատվածում անարգել շարունակում են լկտի հայհոյանքների ու սեղմված բռունցքների թատրոնը։ Բայց ահա վագոն են մտնում այրումցի մի քանի պատանիներ՝ Ֆելիքսը, Սաքոն, Սիմոնը, գարեջուր են ուզում Աղոյից։ Աղոն գիտե, որ նրանցից ոչ մեկը խմող չէ, Աղոն զարմանում ու սարսափում է իր ենթադրությունից։

– Դո՞ւք, գարեջո՞ւր…

– Այո՛, մենք՝ գարեջուր, դա հո միայն այս անասունների համար չէ՞։

Աղոն գունատված կուչ է գալիս բուֆետի անկյունում։ Սրահում այս ամենը պարզ լսածներից մեկը մռնչալով ձեռքը պարզում է կողքի դատարկ աթոռին, բայց վաճառասեղանի մոտից շպրտված գավաթը նրան պատռված ճակատով փռում է հատակին։ Դրսում նրանց մեքենաները կանգնած են իջեցված անվադողերով, որոնց շուրջը խմբված՝ սպասում են այրումցի տղաները։ Հայհոյանքներով ու մռնչոցներով նրանք դուրս են թափվում վագոնից եւ ընկնում տասնյոթ-տասնութ տարեկան տղաների պաշարման մեջ։ Մեկի հորն են ապտակել, մեկի մորն են հայհոյել, եւ զայրացած տղաները, դագանակներն առած, սկսում են քրեական նախկին ու ներկա հեղինակությունների ծեծուջարդը։ Դա արդար ու արժանի վերաբերմունք էր, որից հետո նրանք այլեւս չերեւացին Այրումում։ Իսկ տեղամասային տեսուչը, ի պատիվ իրեն, տղաներից ոչ մեկին չկանչեց հարցաքննության, եղածը նախ եւ առաջ նրա սրտովն էր, չէ՞ որ այդուհետեւ կարող էր ազատ շրջել ավանում՝ առանց վտանգելու օրենքի պաշտպանի իր շատ բարձր հեղինակությունը։

Նույն ձեւով այրումցի տղաներից երկուսը՝ Ֆելիքսը եւ Ժորան, խամրեցրին փղային ուժի տեր ավտովարորդ Հակոբի անհաղթելիության ոչ բարի փառքը, երբ մի գիշեր կանգնեցին նրա բենզատարի առաջ եւ, խցիկից իջեցնելով, արյունլվա արած ուղարկեցին շրջանային միլբաժին՝ բողոքի դիմում գրելու։ Հակոբի եւ նրա կարգի մարդկանց պարտությունը ոչ այնքան ծեծվելու մեջ է, որքան օրենքի պաշտպանությունը խնդրելու։ Նրանց պատկերացմամբ, իրենք այդ բանից հետո իրավունք չունեն ընկերների շրջանում եւ հասարակության մեջ հանդես գալու նախկին ինքնաշնորհ իրավունքներով, եւ Հակոբը հեռացավ Այրումից։

***

Այրումի «Սպուտնիկ» ֆուտբոլային թիմն առաջին տեղն է շրջանում։ Դարպասապահ Գավրիկին ուզում են տանել շրջանի հավաքական, չի գնում։ Մերժում է նաեւ կենտրոնական հարձակվող Սաքոն։ Լինում են հանդիպումներ, որ տասնմեկ ֆուտբոլիստներից հինգը հանդես են գալիս նույն ընտանիքից՝ Արմենակ Թամազյանի որդիները։ Բայց ավանի ֆուտբոլիստների գործը դժվար է, նրանք դաշտ են կառուցում եւ մի քանի ամիս չօգտագործած՝ այնտեղ հայտնվում են շինարարության էքսկավատորները։ Տարիներ շարունակ շինարարությունն այսպես հալածում է նրանց։ Ավանային խորհրդի նախագահը խեղճ-խեղճ ուսերն է թոթվում, գործարանի դիրեկտորը անժամկետ խոստումներ է տալիս, բայցեւայնպես մարզական կյանքը ծաղկում է ավանում։ Որքա՜ն սեր ու համառություն կար տղաների մեջ, որ շարունակում էին նոր դաշտեր կառուցել ու նոր հաղթանակներ տանել։ Շատ այրումցիների նկատմամբ իմ մարդկային հարգանքն ու համակրանքը ձեւավորվել են հենց այն օրերին, երբ նրանք չափազանց վատ պայմաններում, առանց որեւէ օժանդակության, կարողանում էին բարձր պահել հարազատ բնակավայրի պատիվը։ Ինձ համար ոչ միայն շնորհալի ֆուտբոլիստներ, այլեւ հայրենասեր տղաներ էին Հասանն ու Սրաշիկը, Գավրիկն ու Սաքոն, Յուրիկն ու Վալերին, Շուրիկն ու Վիլիկը, մյուսները։ Ինչպես գեղարվեստական ինքնագործունեությանը, այնպես էլ ֆուտբոլին, հետագա տարիներին վիճակված չէր նման հաջողություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930