Լրահոս
Օրվա լրահոսը

«2009-ը դժվար տարի է լինելու»

Դեկտեմբեր 27,2008 00:00

Ըստ «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի՝ ՀՀ-ից դուրս տեղի ունեցող տնտեսական գործընթացների հետեւանքով, հաջորդ տարի մեր երկիրը նույնպես դժվարություններ կունենա:

Տնտեսագետների կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա էականորեն կանդրադառնա հաջորդ տարեսկզբին: Մասնավորապես, որոշ բանկեր ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան, քանի որ շատ տնտեսվարողներ չեն կարողանա վերադարձնել բանկերից վերցրած վարկերը: Երեկ «Կոնվերս բանկի» տարեվերջյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն ասաց. «Դժվար է գուշակի դեր կատարել: Եթե մենք իմանայինք, թե ինչ կլիներ 3 ամիս հետո, երեւի մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք եւ շատ ավելի հարուստ կլինեինք: Ըստ էության, բանկային գործունեությունը ռիսկային գործունեություն է եւ ենթադրում է, որ միշտ պետք է պատրաստ լինես, որ կարող է տրամադրված վարկերի վերադարձելիությունը լինի ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում է: Սակայն այսօր մեր բանկն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի անգամ դեպքերի այդպիսի զարգացման ժամանակ բանկի ընթացիկ գործունեությունը չդրվի հարցականի տակ: Այս պահի դրությամբ ես որեւէ նախադրյալ չեմ տեսնում, որ մարտին հնարավոր է վատթարացում»:

Բանկերից ավանդների արտահոսքի հետ կապված հարցին Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Բացի նրանից, ինչ միշտ տեղի է ունեցել բանկում, այսինքն՝ մարդկանց ավանդի ժամկետը ավարտվել է, ցանկացել են փակել այն կամ բացել նորը, որեւէ արտասովոր շարժ տեղի չի ունեցել: Ավանդային միջոցները մեզ մոտ աճել են, հաշիվների առկա միջոցները՝ նույնպես: Բնական է, կան որոշ մարդիկ, որոնք մտածում են, որ միգուցե ավանդներն ավելի կարճաժամկետ դնեն կամ երկարաժամկետ, դրա հետ կապված որոշակի փոփոխություններ եղել են: Բայց, ընդհանուր առմամբ, բանկի ավանդային բազան կայուն է եւ աճում է, ավանդների արտահոսք չկա»:

Ինչ վերաբերում է նրան, որ բանկերը խիստ սահմանափակել են սպառողական վարկերի տրամադրումը, ապա, Ա. Ղուկասյանի հավաստմամբ, այսօր իրենց բանկն այդպիսի խնդիր չունի. «Մենք վարկեր տվել ենք, տալիս ենք եւ շարունակելու ենք տալ: Ընդհանուր առմամբ, վարկային ներդրումների ծավալն աճել է 36%-ով, սպառողական վարկերի մասով ունեցել ենք՝ 22, իսկ հիպոթեքային վարկերի մասով՝ 80% աճ»: Ըստ պարոն Ղուկասյանի՝ վարկավորման պայմաններում փոփոխություններ եղել են հիմնականում տոկոսների հետ կապված. «Գաղտնիք չէ, որ այն միջոցների տոկոսադրույքները, որոնք ներգրավվում են ոչ միայն մեր բանկի, այլեւ ամբողջ ֆինանսական շուկայի կողմից, բարձրացել են: Բացի այդ, քանի որ մենք սկսել ենք ավելի շատ ծրագրային միջոցների հաշվին վարկեր տրամադրել՝ վարկավորման ժամկետները երկարել են: Եթե առաջ մենք վարկը տրամադրում էինք միջինը 1-1,5 տարի ժամկետով, ապա այսօր այն տրամադրվում է արդեն 3-4 տարի ժամկետով: Իսկ տոկոսադրույքի փոփոխությունն էլ էական չէ, տարվա կտրվածքով չի գերազանցել 1-1,5%-ը»: Ի պատասխան այն հարցին, թե շուկայում նկատվո՞ւմ է, արդյոք, սպառողական վարկերի պահանջարկի նվազում, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Պահանջարկի նվազում կա, դա սպասումների արդյունք է: Մարդիկ ակնկալում են, որ որոշակի գների անկում կլինի եւ ավելի շահավետ պայմաններով կարող են անշարժ գույք գնել: Դա է պատճառը, որ, մեր կարծիքով, հիպոթեքի եւ ավտովարկավորման ծավալների հետ կապված՝ որոշակի դանդաղեցում է նկատվում»: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա անելիքներին, ապա, Ա. Ղուկասյանի խոսքերով. «Կարծում ենք, որ տարին լինելու է դժվար, բայց, միեւնույն ժամանակ, կարելի է ծավալվել, անելիք շատ կլինի: Դժվարություններն էլ կապված են այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանից դուրս: Դա ազդել է մեր տնտեսության վրա, դրա համար էլ ասում ենք՝ խնդիրներ լինելու են, բայց դժվարությունները նրա համար են, որ հաղթահարենք, հակառակ դեպքում՝ անելիք չենք ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել