Լրահոս
Օրվա լրահոսը

Կհայտնվենք «իզգոյ» երկրների ցանկում

Դեկտեմբեր 27,2008 00:00

Ըստ բնապահպանների, եթե շարունակենք մեր հանքերն անխնա ու առանց անվտանգության կանոնները պահպանելու

շահագործել՝ ծանր հետեւանքների առաջ կկանգնենք:

Վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ, հատկապես հանքարտահանման բնագավառում, շատ հաճախ իրականացվում են գործընթացներ, որոնք ի սկզբանե հակասում են կամ մեր երկրի օրենքներին, կամ մեր երկրի կողմից ընդունած միջազգային բնապահպանական եւ այլ կոնվենցիաներին ու պայմանագրերին: Այդ անօրինական գործընթացներն ավելի հաճախակի ու արտառոց դարձան հատկապես հանքարտահանման բնագավառը ՀՀ տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո: Որպես օրինակ ներկայացնենք ընդամենը 2 թարմ դեպք:

2008 թ. նոյեմբերին հայտարարվեց հայ-ռուս-բրիտանական «GEGAMET» ՓԲԸ մուտքը ՀՀ տնտեսություն՝ $25 մլն ներդրումային ծրագրով, ինչի շրջանակներում նախատեսվում է շահագործել Շորժայի ու Ջիլի քրոմի եւ դունիտ-պերիդոտիտների հանքերը: Ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին ՀՀ օրենքը», լճի ափին ծրագրում է կառուցել լեռնահարստացուցիչ կոմբինատ, հրակայունների, ցեմենտի հավելանյութերի, ֆերոքրոմի եւ քրոմի կոնցենտրատի արտադրության գործարաններ, կանխավ հավաստիացնելով, որ ողջ արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր եւ կհամապատասխանի միջազգային նորմերին: Նկատենք, որ քրոմը եւ նրա միացությունները ծանր թույներ են ու անդառնալի ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդկանց առողջության վրա՝ ախտահարելով ողջ աղեստամոքսային տրակտն ու թոքերը: Վերոհիշյալ արտադրությունների իրականացման արդյունքում շրջակա միջավայրում՝ Սեւանա լճի ավազանում, ստորգետնյա ջրերում, օդում, հողի մեջ, բուսական ու կենդանական, այդ թվում նաեւ մարդկանց օրգանիզմում կդիտվի այդ թունավոր նյութերի մեծ կուտակումներ՝ անդառնալի ու ծանր հետեւանքներով: Բացի այդ, Սեւանա լիճը գտնվում է ակտիվ տեկտոնական մեծ խորքային խզվածքի վրա, որի ակտիվության պատմական ժամանակահատվածներում դիտվել են մեծ թվով կործանարար երկրաշարժեր՝ լճի ավազանում տեղաբախշված էպիկենտրոններում: Լճի էկոհամակարգի սեյսմիկ հավասարակշռությունը ցանկացած պահի կարող է խախտվել բնածին կամ տեխնածին գրգռիչների ազդեցության տակ: Տեխնածին գրգռիչներ կարող են հանդիսանալ լճի մակարդակի արհեստական, կտրուկ տատանումները, լճին հարակից տարածքներում պայթյունների իրականացումը:

Նշենք, որ այս ներդրումային նախագծի փորձաքննությունն իրականացվել է ոչ թե Երեւանում, այլ՝ Մոսկվայում, որտեղ «Սեւանա լճի մասին ՀՀ օրենքին» հավանաբար տեղյակ չեն եղել: ՀՀ բնապահպանության նախարարությունն առայժմ այս հարցում քար լռություն է պահպանում, չնայած՝ հենց ինքն էր ի պաշտոնե պարտավոր առաջինն ահազանգել այս նախագծի վտանգավորության եւ անօրինական լինելու մասին: Այդ քար լռությունը նախարարության կողմից պետք է դիտարկել առնվազն անմիջական պարտականությունների իրականացման հարցում հերթական թերացում:

Անցնենք հաջորդ դեպքին: 2008-ի դեկտեմբերին ստորագրվեց պայմանագիր ՀՀ եւ ՌԴ միջեւ, ինչի համաձայն՝ սկսվում են ուրանի հանքանյութի կորզման եւ արտահանման համատեղ աշխատանքները Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում առկա ուրանի հանքից: Այս նախագծի շրջանակներում որեւէ փորձաքննություն կամ բնապահպանական հ/կ-ների հետ քննարկումներ չեն եղել: Նշենք, որ ուրանը եւ նրա բոլոր միացությունները նույնպես խիստ թունավոր, ռադիոակտիվ նյութեր են, որոնք ներթափանցելով օրգանիզմ՝ ազդում են բոլոր բջիջների ու հյուսվածքների վրա՝ ախտահարելով օրգանները: Բացի այդ՝ անհասկանալի է, թե ի՞նչ ճանապարհով եւ ինչպե՞ս է ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, ինչը, մեր կարծիքով, ներկայումս բացառվում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլեւ Վրաստանի տարածքով: Միակ հնարավոր տարբերակը հանքանյութի տեղափոխումն է նախ Իրանի տարածք: Իսկ թե ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ՝ դարձյալ անհասկանալի է: Մենք հնարավոր ենք համարում արտահանված ուրանի հանքանյութի հարստացման իրականացումը հենց Իրանի ուրանի հարստացման կենտրոններում, ասենք՝ ռուս-իրանական համատեղ ձեռնարկության կողմից: Այս դեպքում կստացվի, որ ՀՀ-ն ուրան է մատակարարում Իրանին՝ դրանով, ուղղակի կամ անուղղակի, մասնակցելով նրա միջուկային ծրագրերին: Սա ծանր հարված կհասցնի մեր երկրի առանց այն էլ խաթարված միջազգային վարկին, ինչի արդյունքում ՀՀ-ն կհայտնվի «իզգոյ» երկրների ցանկում: Բացի այդ՝ ուրան արտահանող եւ վերամշակող ձեռնարկություններում թունավորումն ու ճառագայթումը նվազեցնելու համար կիրառվում են անընդհատ տեխնոլոգիաներ, օգտագործվում են միայն հերմետիկ սարքավորումներ, հերմետիկ տարաներ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկա փուլում, երբ արագորեն ընկնում են նավթի, պղնձի, մոլիբդենի եւ այլ հանքանյութերի պահանջարկն ու գները, խիստ հնարավոր է նաեւ ուրանի ու նրա միացությունների պահանջարկի ու գների կտրուկ անկում: Արդյունքում՝ կտրուկ կնվազի ՀՀ տարածքում արդեն շահագործվող ուրանի հանքի շահութաբերությունը, կդադարեցվեն ներդրումները, հանքերի շահագործումը մասնակիորեն կամ լրիվ կդադարեցվի, ինչպես եղավ Թեղուտի, Ագարակի եւ այլ հանքերի պարագայում: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ուրանի հանքի կործանարար ազդեցության թուլացման, նրա կոնսերվացման համար անհրաժեշտ կլինի ծախսել ահռելի գումարներ, որը նաեւ շարունակական բնույթ պետք է ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել