Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ» ԵՆ

Դեկտեմբեր 27,2008 00:00

Մինչեւ քաղաքապետ Արամ Դանիելյանը դատարանի «դուռը» չեկավ՝ որոշումները չտրամադրեց

Երբ 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ենթադրվում էր, որ այսուհետեւ հատկապես պետական մարմիններից տեղեկատվություն ստանալն ավելի կանոնակարգված ու հեշտ կլինի: Բայց օրենքի ընդունումից ի վեր՝ արդեն 5 տարի, նորանոր դրսեւորումներով պաշտոնյաները խուսափում են օրենքով աշխատել եւ հանրությանը պատկանող տեղեկատվությունը, համարելով իրենց սեփականը, թաքցնում են գզրոցներում: Եթե մայրաքաղաքում տեղեկատվություն ստանալը շատ թե քիչ վերահսկելի է, ապա նույնը չի կարելի ասել մարզային համայնքների մասին, որոնք «ստվերային» են եւ օգտվելով այն հանգամանքից, որ իրենցով զբաղվող չկա՝ վերածվում են «փակ» համակարգով աշխատող մարմինների: Մասնավորապես, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» (ԻԱԿ) բազմիցս դիմել էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին՝ խնդրելով տրամադրել 2007-ին քաղաքապետի կայացրած որոշումների պատճենները: ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածները եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր անձնական կամ հասարակական շահերի նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնել եւ ողջամիտ ժամկետում պատասխան ստանալ: Ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկատվությանը եւ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմել տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալ այդ տեղեկատվությունը: Չնայած այդ ամենին, Արամ Դանիելյանի վրա օրենքը չազդեց եւ նա մնաց անդրդվելի: Քաղաքապետն այդպես էլ իրեն «հաղթանակած» կզգար, եթե ԻԱԿ-ը չօգտվեր դատական պաշտպանության իր իրավունքից: Դրանից հետո հենց դատարանի դահլիճում մինչ այդ «խիստ գաղտնի» համարվող որոշումները տրցակով հանձնեցին ԻԱԿ-ին: Ներկայացնում ենք այդ որոշումներից մի քանի ուշագրավ փաստեր, որոնք էլ, հավանաբար, ստիպում էին քաղաքապետին՝ դրանք խնամքով թաքցնել:

Քաղաքապետը 2007թ. ապրիլի 5-ի թիվ 159 որոշումով 58700 դրամ է հատկացրել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային գործիքների ձեռքբերման համար: Այն, որ նշված չէ, թե բյուջեի հաշվին ինչ գործիքներ են ձեռք բերվել, հարցի այլ կողմն է, բայց 20 օր անց՝ 25.04.2007-ի թիվ 182 որոշումով, դարձյալ նույն ծրագրի շրջանակներում, աշխատանքային գործիքների ձեռքբերման համար հատկացվել է եւս 70 000 դրամ: Ստացվում է, որ քաղաքապետարանը կամ արդեն մաշված գործիքներ է ձեռք բերում, որը երկրորդ անգամ օգտագործելու համար պիտանի չէ, կամ էլ գնվածները միանգամյա օգտագործման համար են, ինչը քաղաքապետին իրավունք է տալիս ամեն անգամ այդ նպատակով բյուջեից գումար դուրս գրել: Քաղաքապետի թիվ 167 որոշումով էլ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի գրության հիման վրա 240 հազար դրամ օգնություն է հատկացվել շախմատի մարզիչ Ջ. Վարդանյանին: Թե այդ օգնությունը ինչ նպատակ է հետապնդել՝ մնում է անհայտ: 50 հազար դրամի օգնություն էլ հատկացվել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքին (թիվ 200 որոշում), 200 հազար դրամ՝ Հրազդանի Վետերանների խորհրդին (թիվ 209 որոշում): Նույն խորհրդին մեկ այլ՝ թիվ 257 որոշումով կրկին հատկացվել է 50 հազար դրամ:

«Անհասկանալիների» թվում են նաեւ թիվ 177 եւ 187 որոշումները: Առաջինի դեպքում քաղաքապետ Դանիելյանը 3 պայմանագրային աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկ է ներկայացրել՝ 130 211 դրամ, իսկ 187 որոշումով՝ 5 աշխատակիցների համար է վերջնահաշվարկ կատարել՝ 223 835 դրամ: Այդ գումարների հատկացումն իրոք կասկածելի է, քանի որ նշված չէ եւ ոչ մի պայմանագրային աշխատողի անուն, չի էլ պարզաբանվում, թե նրանք ինչպիսի աշխատանք են կատարել: Այդպիսի անհասցե որոշումներն իրոք կասկածի առիթ են տալիս՝ արդյո՞ք կան այդպիսի մարդիկ, թե՞ նրանք վերացական են եւ «ծառայում» են որպես բյուջեից գումարներ «քաշելու» միջոց: Այդպիսիներից է նաեւ թիվ 226 որոշումը, որով իբր «մի խումբ անապահով բնակիչների» հատկացվել է 2 միլիոն 725 հազար դրամ: Հարց է առաջանում, այդ ո՞ր անապահով ընտանիքներին է գումարը հատկացվել եւ ի՞նչ կարգի է եղել օգնությունը՝ պատասխան չկա:

Թիվ 264 եւ 265 որոշումներից էլ կարելի է ենթադրել, որ քաղաքապետը բավականին «կնամեծար» է եւ ամեն օր ծաղկեփնջերով է դիմավորում քաղաքապետարանի կանանց: Մեկ օրում կայացնելով երկու նմանատիպ որոշումներ, նա «Հովտաշուշան» կոոպերատիվին, ձեռք բերված ծաղիկների եւ ծաղկեպսակների համար, հատկացրել է մի դեպքում 175 հազար, մյուս որոշումով՝ 79 հազար դրամ:

Քաղաքի բյուջեից մասհանում է արվել նաեւ Հրազդանի թիմին՝ «Բազե Կոտայք 2007» մարզային երիտասարդական հավաք կազմակերպելու համար՝ նրանց տալով 395 հազար դրամ: Հետաքրքիր է, քաղաքապետի առատաձեռնությունը ինչի՞ վրա է ծախսվել: 2007-ին քաղաքապետ Արամ Դանիելյանը այլ կարեւոր որոշումներ չի կայացրել, մնացածը վերաբերում էին կամ հողհատկացումներին, շինթույլտվություններին, կամ էլ քաղաքացիներին վարչական պատասխանատվության որոշումներ է կայացրել: Նրան չեն հետաքրքրել քաղաքին առնչվող գլոբալ խնդիրները եւ այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետը 2007-ին «աշխատել» է ընդամենը մի խումբ մարդկանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել