Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒ

Դեկտեմբեր 27,2008 00:00

ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը չի բացառում, որ այս դեպքում գրանցվի լուրջ դիմադրություն

Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ատեստավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի կոնֆերանսը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «1993-ին ստեղծված այդ ասոցիացիային Հայաստանը միացել է 1994-ին: Համաժողովում քննարկվեց օտարերկրյա պետությունների տված գիտական աստիճանների եւ կոչումների մասին փաստաթղթերի ճանաչման եւ համարժեքության, պետական նմուշի փաստաթղթերի հաստատման հարցը: Ընդունվեց մի որոշում, որում ամրագրված են հետագա գործունեության սկզբունքներ: Կստեղծվի մասնակից երկրների տեղեկատվական դաշտ, եւ կմշակվեն դրա հիմնական ցուցանիշները: Հրատարակվել են անդամ պետությունների պետական նմուշի փաստաթղթերի օրինակներ եւ կայացվել որոշ պայմանավորվածություններ»: Հետաքրքրվեցինք, համագործակցության դաշտում ի՞նչ դերակատարություն ունի ՀՀ-ն: «Մասնակցել ենք բոլոր կոնֆերանսներին, 1998-ին էլ համաժողով է անցկացվել Երեւանում: Միջկառավարական համաձայնագրերով բարձրագույն որակավորման բնագավառում համագործակցում ենք ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի հետ, մյուս երկրների հետ տարվում են աշխատանքներ, ինչն այնքան էլ հեշտ չէ»,- պատասխանեց զրուցակիցս: Պարոն Թռչունյանին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ ասել է համագործակցություն. «Փորձում ենք մշակել համատեղ գործողություններ, ընդհանուր սկզբունքներ, որ բարձրագույն որակավորման բնագավառում ունենանք հնարավորինս համադրելի չափանիշներ, որ գիտական աստիճանների եւ կոչումների վկայագրերը ճանաչվեն տարբեր երկրներում: Իհարկե, ունենք մեր մոտեցումները, որոնք օրենսդրորեն ու իրավական ակտերով կանոնակարգված են, բայց, միեւնույն ժամանակ, չենք կարող այնպիսի մոտեցումներ կիրառել, որոնք ընդունելի չեն մյուս երկրներին: Պիտի կարողանանք համահունչ լինել աշխարհին եւ մեր փորձը ճիշտ ներկայացնել»,- պատասխանեց Ա. Թռչունյանը:

Ներկայումս հաճախ են դժգոհում աստիճանների կամ կոչումների շնորհման համակարգից, մեր երկրում դրա օբյեկտիվությունը դնում են կասկածի տակ: Այս կապակցությամբ Ա. Թռչունյանն ասաց. «Կարեւորագույն խնդիր է այլ երկրների հետ համատեղ աշխատանքների փորձաքննության անցկացումը: Այդպիսի համաձայնագիր ունենք ՌԴ-ի եւ այլ երկրների ԲՈՀ-երի հետ, ասոցիացիայի անդամ երկրների պետական որակավորման մարմինները եւս կօգնեն լրացուցիչ փորձաքննության անցկացման հարցում: Այս դեպքում գրանցվում է հնարավորինս անկախ եւ մասնագիտական կարծիք այն աշխատանքների մասին, որոնց նկատմամբ Հայաստանում ունենք տարակուսանքներ: Ապահովելու ենք գնահատման հնարավորինս խիստ պահանջներ»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ատենախոսությունների հայաստանյան եւ արտասահմանյան փորձաքննությունների արդյունքները շա՞տ են տարբերվում: ԲՈՀ-ի նախագահը պատասխանեց. «Երբ ունենք հստակ մոտեցումներ՝ փորձագիտական կարծիքներն, ըստ էության, չեն տարբերվում: Փորձում ենք հնարավորինս նվազեցնել գնահատման սուբյեկտիվ մոտեցումները, մշակելով պատասխաններ՝ մասնագետների կողմից կոնկրետ ցուցանիշներով»: Ներկայումս համաշխարհային գիտական համայնքում լուրջ խնդիր է գիտական աստիճանների եւ կոչումների համադրելիության հարցը: Այս կապակցությամբ Ա. Թռչունյանն ասաց. «Դրա համար պետք են համադրելի ցուցանիշներ, պահանջներ եւ տերմիններ: Եթե անգամ ցուցանիշները մոտ կամ նույնն են, բայց արտահայտվում են տարբեր տերմիններով, ապա միմյանց չենք հասկանում: Համադրելի չափանիշները բաժանված են 2 խմբի՝ հայցորդներին եւ որակավորման աշխատանքի գնահատմանը ներկայացվող պահանջներ: Հայաստանում տրվում են գիտական աստիճանների եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն), կոչումների երկլեզու՝ (հայերեն, ռուսերեն) վկայագրեր: Օգտագործվում են այդ լեզուների համադրելի տերմիններ, որ տարակարծություն չառաջանա: Այնպես որ, հայաստանյան վկայագրերը եւ դիպլոմները համադրելի են»: Ա. Թռչունյանը մտահոգված է, որ մեր երկրում ոչ գիտական շրջանակները նույնիսկ չեն տարբերում կոչումն ու աստիճանը՝ դրանք շփոթելով պաշտոնների հետ: Նա փաստեց, որ ՀՀ-ում գիտական աստիճաններ, կոչումներ են շնորհվում 21 բնագավառներում, որոնցում իրականացվում են բարեփոխումներ: Հետաքրքրվեցինք՝ կոշտ թվացող այդ բարեփոխումները սվիններով չե՞ն ընդունվում: Զրուցակիցս պատասխանեց. «Իսկական գիտնականները, որոնք ունեն միջազգային ճանաչում, աշխատել եւ աշխատում են առաջատար կենտրոններում, դրանց դրական են արձագանքում: Իսկ նրանք, որոնք ձգտում են ինչ-որ բանի հասնել հեշտ ճանապարհով, խուսափում են պահանջկոտությունից եւ պատասխանատվությունից: Մարդու անձնական ավանդն ու գիտակրթական մակարդակը գնահատելը պիտի հնարավորինս խիստ եւ օբյեկտիվ լինի: Միայն աշխատանքի տարիների արդյունքը՝ անկախ որակից, տվյալ անձին չի կարող բերել գիտական աստիճանի կամ կոչման: Հաճախ ասում են, թե 100 էջ գրել եմ, արդեն հասել եմ պահանջվող արդյունքի: Սա անընդունելի մոտեցում է: Պիտի մեր գիտական հրատարակումներով դիմակայենք մրցակցությանը, հոդվածներ հրատարակենք միջազգային գիտական ամսագրերում, մասնակցենք միջազգային գիտական կոնֆերանսներին»: Նա խոսեց իրենց հանդեպ եղած ճնշումներից. «Կան անձինք, որ ուզում են տարբեր մեթոդներով հասնել իրենց խնդրին: Արդեն սովորել ենք նման ճնշումներին: Եթե պետք է՝ աշխատանքն ուսումնասիրում ենք այնքան, մինչեւ համոզվենք, որ այն բավարարում է պետականորեն սահմանված չափանիշներին: Եթե անձը ներկայացնում է, որ իր աշխատանքի արդյունքները ներդրված են այս կամ այն ոլորտներում, անպայման պարզում ենք՝ արդյո՞ք դա այդպես է: Հաճախ հանդիպում ենք բացասական արդյունքների: Պիտի որակավորման քննություններն անցկացվեն հնարավորինս օբյեկտիվ: Իսկ եթե որեւէ անձ 8-9 տարի սովորելուց հետո մասնագիտությունից ստանում է ոչ բավարար գնահատական, բնականաբար՝ նա պիտի դժգոհի եւ մեղքը բարդի ուրիշների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել