Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՉԷՐ

Դեկտեմբեր 27,2008 00:00

Էլիստայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարը մոտենում է եզրագծին

Մասնակցության իրավունք նվաճած 14 ուժեղագույն շախմատիստների մեջ տեղ զբաղեցրած հայաստանցի գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանին առայժմ չի հաջողվում իր երկրպագուներին ուրախացնել: Նա 10-րդ տուրում, բուլղարացի Իվան Չեպարինովի հետ հանդես գալով սեւ խաղաքարերով, 59-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Սա Վլադիմիրի երրորդ պարտությունն է Էլիստայում:

Մրցաշարը դեռ շարունակվում է, սակայն արդեն կարելի է ասել, որ սա Հակոբյանինը չէր: Իսկ ինչո՞ւ է մեր եւ համաշխարհային շախմատի ընտրանու մեջ տեղ զբաղեցնող գրոսմայստերն իր հնարավորություններից ցածր հանդես գալիս: Մեր կարծիքով, գլխավոր պատճառները երկուսն են: Նախ, Վովան չի հասցրել թոթափել բառացիորեն մեկ ամիս առաջ Դրեզդենում ավարտված համաշխարհային օլիմպիադայի հոգնածությունը: Երկրորդ, ՖԻԴԵ-ն մրցաշարի մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ է նրան տեղեկացրել, որ մասնակցելու է «Գրան Պրիին», եւ շախմատիստը չի հասցրել դրան պատշաճ նախապատրաստվել:

Իսկ առայժմ Վլադիմիր Հակոբյանը 10 տուրից հետո Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովի հետ 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երեկ 11-րդ տուրում մեր գրոսմայստերն ուժերը չափում էր ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ:

Ի՞նչ է սպասվում Հովհաննես Գոհարյանին

Իր տարեվերջյան մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող եւ այդ երկրի պրեմիերլիգայի երիտասարդական առաջնության կրկնակի լավագույն ռմբարկու Հովհաննես Գոհարյանը Հայաստանի հավաքականում խաղալու իրավունք է ստացել:

Սակայն այս իրողությունը, ինչպես երեւում է, ակումբի ղեկավարությանը դուր չի եկել: «Լոկոմոտիվի» նախագահ Նիկոլայ Նաումովն արդեն հայտարարել է, թե ֆուտբոլիստը մեծ սխալ է գործել՝ համաձայնելով հանդես գալ Հայաստանի հավաքականում: «Գոհարյանը լավ ֆուտբոլիստ է,- ասել է նա «Սպորտ Էքսպրեսին»,- բայց Հայաստանի թիմում խաղալու թույլտվությունը բացասական հետեւանք կունենա նրա համար: Տալով իր համաձայնությունը՝ նա սխալ է գործել: Մոտ ժամանակներս Ռուսաստանի ֆուտբոլային միությունը մի որոշում կկայացնի, ըստ որի այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս այլ երկրի հավաքականում, անկախ նրանց քաղաքացիությունից, լեգեոներականի կարգավիճակ կտրվի: Եվ հենց դա կատարվի, նույն Գոհարյանը արտասահմանցիների համար սահմանված սահմանափակումների պատճառով աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ կունենա»:

Հովհաննես Գոհարյանը միշտ էլ ցանկացել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում եւ այդ մասին բազմիցս հայտարարել է: Կարծում ենք, որ «Լոկոմոտիվի» նախագահի սպառնախառն հայտարարությունը Հովհաննեսին չի ստիպի փոխել համոզմունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել